Միամիտներին

Մի երկու խոսք նրա մասին, ինչի մասին արդեն խելացի մարդիկ ասել են։

Վահե Ավետյանի մահվան հետ կապված շրջանառվող մտքերը, թե մարդիկ կան, առիթից են օգտվում, որ Սերժիկի հրաժարականն են խառնում, մի տեսակ ․․․ ոնց ասեմ․․․․ քաղաքացիական անգրագետ մտածողության հետեւանք ա, ու թացը չորից չտարբերելու։

Նախ ասեմ, որ բոլորիս համար էլ ակնհայտ է, որ Սերժիկը Նեմեցի կամ ինչպես նրան հիմա ենք կոչում ֆաշիստի ֆաշիստ դառնալու մեջ ամենամեծ դերն ունի, մի նրա չափ էլ Ռոբիկը։ Եթե կա ինչ֊որ մեկը, ում դա պարզ չի, խնդրում եմ ուղեղը միացնելուց հետո կարդալ ՀՀ վերջին 10-12 տարվա տպագիր մամուլը։

Մյուսը․ ի՞նչ ա նշանակում առիթից օգտվել։

Գլուխս պայթում ա էս մտքից։ Չէ, լուրջ էլի։ Ասենք, առիթից օգտվելով, կարելի է հետույք մտնել ինչ֊որ մեկին, առիթից օգտվելով, կարելի է համ նալին խփել, համ մեխին։ Բայց ի՞նչ ա նշանակում առիթից օգտվելով, էդ ամենի մեջ մեղավորի հրաժարականը պահանջել, ես չեմ հասկանում։ Նույն կերպ, կարելի է ասել, որ մարտի 1֊ն էլ ենք տենց առիթ դարձրել, ու առհասարակ նստած սպասում ենք, մեկը մեռնի, առիթ լինի։

Գիտեք ինչ, եթե մարդուն սպանում են ծեծելով, ու մարդիկ մարդասպաններին հովանավորողների հրաժարականն են պահանջում, էդտեղ «առիթ  փնտրելը» (այսինքն մարդկանց պահանջը որպես առիթ փնտրել որակելը) մարդասպանների ջրաղացին ջուր լցնել ա, ամենաքիչը։

Ու մի հատ էլ, եթե էդ արվում ա բարի դեմքով, թե մենք էլ ենք դեմ, որ մարդ սպանեն, մենք էլ դեմ էս ռեժիմին, էդ ամենավատն ա։  Մարդիկ կան, որ անկեղծ են, ու ուզում եմ դիմել իրենց․

 մի կրկնեք ուրիշների նման մտքերը, ինչքան էլ դրանք ձեզ առաջին հայացքից տրամաբանական թվան, որովհետեւ, հիմա Հայաստանում խառը վիճակ է, հայտնվել են բազմաթիվ իբր ընդդիմադիր գործիչներ, հասարակական պահանջներ ներկայացնող գործիչներ, որոնք իրականում հեչ էլ ընդդիմադիր չեն։ իշխանությունը սկսել է նորերին ներդնել, որովհետեւ գեղամյանանման գործիչներին քաղաքական դաշտից արդեն մաքրել է ընդդիմությունը։ իսկ ուժեղ ընդդիմությունը վտանագավոր է։ դրա համար էլ, նրանք գտնում են նոր մարդկանց, որոնք դեռ այնքան խայտառակված չեն, ինչպես գեղամյանադհոլները։ նրանք փորձում են այլ ուղղությամբ տանել տեղի ունեցողը, նրանք գործելու են իրենց մասին տեղեկություն չունեցող մարդկանց միջոցով։ մի դարձեք այդ գործիքը նրանց ձեռքերում։ մեկի մասին եթե առաջին անգամ եք լսում, մի լավ փորփրեք, տեսեք ով է, ինչ է արել անցյալում, ում հետ ոնց է եղել, որ կուսակցությունից ու նման էլի բաներ։ 

Հա, մի անգամ արդեն «առիթից չենք օգտվել» ու Ռոբիկին ճիշտ ժամանակին՝ Պողոս Պողոսյանի մահվան ժամանակ, կամ Հոկտեմբերի 27֊ից հետո, չենք հանել նախագահի աթոռից ու տեղափոխել մեղադրյալի աթոռին։ Վատ ենք արել։ Նույն սխալը էլ չենք կրկնի։ Հուսով եմ․․․

Ուզում եմ ապրել Հայաստանում

Ուրեմն․

Ես ահագին ժամանակ է, ոչ մի քաղաքական տեքստ չեմ գրել, չնայած ՀԱԿ յուրաքանչյուր հանրահավաքից հետո, շատ ասելու բան կար, պարզապես ինձանից լավ ասողներ այնքան կան, որ․․․

Առհասարակ, ես քարոզչությանը մասնակցում եմ «մի՛ վնասիր» կարգախոսով, որովհետեւ հասկանում եմ, թե մարդիկ հիմա ինչքան զգայուն են, ու ինչքան կարող են իմ «բարի նպատակները», բայց ոչ հավասարակշիռ խոսքը մարդկանց հակառակին բերել։

Ես գնալու եմ ընտրություններին, ու իմ ձայնը տալու եմ ՀԱԿ֊ին, որովհետեւ․

( մտածում էի, մի հատ երկաաար որովհետեւների շարք գրել, բայց հասկացա, որ անիմաստ է )

Ես չեմ ուզում այրվել պարտադիր հանրահավաքին մասնկացելուց, ես չեմ ուզում վախեցած քայլել իմ քաղաքի փողոցներով։ Ես ուզում եմ ապրել ու ոչ թե գոյատեւել Հայաստանում։

Ես չեմ ուզում ինձ «Առագաստ» սրճարանի զուգարանում սպանեն բարեւելու համար, ես չեմ ուզում ինձ հանրահավքի ժամանակ ծեծեն, ես չեմ ուզում Մարտի 1 լինի նորից։

Ես ուզում եմ, որ Ազգային ժողովում լինեն կրթված մարդիկ, ում ընդունած օրենքները կլինեն օրենք, ու ոչ թե օրենքը շրջանցելու հերթական միջոց։

Ես ընտրում եմ ՀԱԿ֊ին, որովհետեւ ես ուզո՛ւմ եմ ապրել Հայաստանում։ Ուզում եմ, ուզում։

Մի՛ զրկեք ինձ Հայաստանում ապրելու իմ հնարավորությունից։

Ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին։

Գաղափարների մասին

Ուրեմն․

Վերջերս զրույց ունեցա գաղափարների մասին, ու հիշեցի, որ ուզում էի տեքստ գրել, թե ինչ են ինձ համար գաղափարները, ու արդյո՞ք կարելի է դրանցից հիասթափվել։

Դպրոցում, ես մտածում էի, որ ժողովրդավարությունը կարող է լինել գաղափար, որին հասնելու համար մենք անենք ինչ ինչ քայլեր։ Կամ նույն կերպ, կարող է լինել սոցիալիզը գաղափար, ու դրան հասնելու համար ինչ֊որ բաներ անենք։  Ու նաեւ մտածում եմ, որ այդպիսի գաղափարները  շատ կարեւոր են, ու պետք է դրանց հետեւել, ու աշխատել հասնել։

Հիմա, ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը չի, որ ինձ համար այդքան կարեւոր է, այլ իրեն հասնելու ճանապարհը։ Նկատի ունեմ, ես որպես գաղափար սահմանում եմ, ոչ թե այն, որ մենք ուզում ենք լինի ժողովրդավարություն, ու ամեն ինչ կանենք դրա համար, այլ այն, որ մենք ուզում ենք ժողովրդավարություն, ու կանենք այ այսպիսի քայլեր դրա համար։

Որովհետեւ, կոպիտ ասած, բոլորս էլ ուզում ենք, որ լավ լինի։

Բայց մեր ուզած լավ լինելու ոչ միայն ձեւն է տարբեր, այլ այդ լավին հասնելու եղանակը, ու կարծում եմ, որ հենց հասնելու եղանակով է որոշվում, դա ի վերջո կլինի լավը թե չէ։

Այսպիսով, ես, հետեւելով մերօրյա ընդդիմության, ու նաեւ 2003ին Դեմիրճյանի ընդդիմությանը, հետեւմ եմ, ոչ թե քաղաքական կուսակցությունների ծրագրերին, ու համարում եմ, որ նրանց ծրագրերը ամենալավն են, այլ դիտարկում եմ, թե ինչպես են նրանք վարում պայքարը, ու երբ ինչպիսի քայլերի կգնան։

Իրականում, ես չեմ կարծում, թե Սերժիկը չէր ցանկանա այնպիսի քայլեր անել, որոնց արդյունքում ժողովրդի կյանքը մի քիչ լավանա, իրեն էլ հանգիստ թողնեն նստի էդ աթոռին։ Այլ հարցը այն է, որ նա իշխանության է եկել այնպիսի եղանակով, որիվ հետո նա արդեն ուզի էլ չի կարող ոչ մի լավ բան անել։ Որովհետեւ այդ լավ բաները անելու համար, նա պիտի մի քանի հոգու «նեղություն» տա, ինչը նա չի կարող անել։

Սա չի նշանակում, թե ասում եմ, խեղճ Սերժիկ։ Սա նշանակում է, որ ես ասում եմ, որ հիմա մենք այնպիսի վիճակում ենք, որ պիտի տեսնենք, թե որ կուսակցություններն են մեզ ավելի շատ հնարավորություն տալու լինել երկրի տերը, եւ որոնք ոչ։

Ու ընտրությունների պետք է գնալ այդ մտքով։