Լեոնիդ Ենգիբարյան

Գունդը ափի մեջ

Կրկեսում մարդիկ բարդ համարներ են անում:
Նրանք ճախրում են գմբեթի տակ, տասնյակ իրերով աճպարարություն են անում, հետո ձեռքերի վրա են կանգնում, ու դա, հաստատում եմ, հատկապես բարդ է ու դժվար է սովորելը:
Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից հետո գիշերը կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թեւերը, եւ աչքերն արյունով կլցվեն․․․
Այս ամենն, իհարկե, ծանր է եւ, այնուամենայնիվ, այն վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբեւէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ եւ հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:

Մի՛ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։
Իհարկե, մեկ ուրիշին կարելի եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու․․․
Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․
Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։
Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ
թարգմանությունը՝ ես

Ջոան Ռոուլինգ։ Հաջողության փերու Շատրվանը

Լեռան բարձունքին էր հաջողության փերու Շատրվանը , կախարդական պարտեզում՝ շրջափակված բարձր պարիսպով ու պաշտպանված ուժեղ կախարդանքով։

 

Եւ միայն տարին մեկ անգամ՝ ամենաերկար օրը հնարավորություն էր տրվում որեւէ անհաջողակի պայքարել ու հասնել շատրվանին։ Շատրվանում լողացողին տրվում էր հաջողության մի ամբողջ կյանքի պաշար։

Նշանակված օրը հարյուրավոր մարդիկ թագավորության տարբեր ծայրերից հավաքվում էին պարտեզի պարիսպի մոտ։ Դեռ լույսը չբացված տղամարդիկ ու կանայք, հարուստներն ու աղքատները, երիտասարդներն ու ծերերը, կախարդական արվեստներին տիրապետողներն ու սովորական մահկանացուները հավաքում էին պարտեզի մոտ, յուրաքանչյուրը հույս ունենալով, որ հենց նա է իրավունք վաստնակելու մտնել պարտեզ։

 

Ու մինչ սպասում էի լույսը բացվելուն երեք կախարդ, յուրաքանչյուրը վշտի իր բեռով, ծանոթացան, ու պատմեցին իրենց տառապանքի պատմությունը։

 

Առաջին կինը, Էյշա անունով, անբուժելի հիվանդություն ուներ։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերացնի հիվանդությունը ու կերաշխավորի իրեն երկար տարիների երջանիկ կյանք։

Երկրորդին՝ Ալթիդային, թալանել էր չար կախարդը, նրանից վերցնելով տունը, ոսկին ու կախարդական փայտիկը։ Նա հույս ուներ, որ շատրվանը կվերադարձնի իրեն իր հարստությունները։

Երրորդին, Ամատային սիրած տղան էր լքել, ու նա հույս ուներ, որ շատրվանը կբուժի իր սրտի վերքերը։

Խղճացին կանայք իրար ու որոշեցին, որ եթե հնարավորություն լինի, կմիավորվեն ու կփորձեն երեքով հասնել շատրվանին։

Արեւի առաջին շողի հետ պարսպի վրա ճեղքեր հայտնվեցին։ Ամբոխը մղվեց դեպի պարիսպը, յուրաքանչյուրը ճչալով Շատրվանից օրհնություն ստանալու իր պատճառը։

 

Ճեղքից դուրս եկած սողացող բույսերը փաթաթվեցին առաջին կախարդ Էյշային ու ձգեցին նրան ներս։ Նա բռնեց երկրորդ կախարդ Ալթիդայի դաստակից, Ալթիդան էլ բռնեց Ամատային, վերջինիս զգեստի ծայրն էլ կպավ ընկճված տեսքով սպետին, ով նստած էր ոսկրոտ ձիու վրա, ու բույսերը քաշեցին այս բոլորին ճեղքից ներս։

 

Կատաղի ճիչերը լցրեցին առավոտյան օդը, հետո լռություն տիրեց, ու պարիսպի ճեղքը փակվեց։

 

Էյշան եւ Ալթիդան բարկացան Ամատայի վրա, որ պատահաբար իր հետ էր բերել ասպետին։

 

― Միայն մեկը կարող է լողանալ Շատրվանի մեջ։ Առանց այս մեկին հաշվի առնելու էլ բավականին բարդ կլինի որոշել, թե մեզանից որ մեկը կլինի դա։

 

Հիմա, պարոն Դժբախտը, այսպես էր հայտնի ասպետը պարտեզից դուրս, հասկացավ, որ կանայք կախարդներ են, ու կախարդություն չիմանալով հույս չուներ հաղթել երեք կանանց ու հասնել Շատրվանին։ Այպիսով նա հայտնեց, որ մտադիր է դուրս գալ պարտեզից։

Այդ ժամանակ Ամատան էլ բարկացավ․

― Թուլամորթ, ― մեղադրեց նրան, ― հանի՛ր սուրդ,եւ օգնի՛ր մեզ հասնել նպատակին։

Այսպիսով երեք կախարդները ու դժբախտ ասպետը առաջ շարժվեցին կախարդված պարտեզում, որտեղ առատորեն աճում էին հազվադեպ խոտաբույսեր, մրգեր, ծաղիկներ։ Նրանք չհանդիպեցին որեւէ խոչընդոտ, մինչեւ Շատրվանի բլին հասնելը։

 

Բլրի ստորոտին, հրեշավոր Որդ էր նստած՝ տռզած ու կույր։ Երբ նրանք մոտեցան, Որդը շրջեց իր կեղտոտ երեսը նրանց կողմ ու արտասանեց։

 

«Տվեք ինձ ձեր ցավի ապացույցը»

 

Պարոն Դժբախտը փայլեցրեց իր սուրը ու ուզեց սպանել Որդին, բայց դրա շեղբը ճաքեց։ Հետո Ալթիդան քարեր էր նետում Որդի վրա, իսկ Էյշան ու Ամատան փորձեցին բոլոր բառերը, որ կարող էր մեղմել, կամ մուտք դառնալ իրենց համար, բայց թե նենց կախարդական փայտիկները, թե Ալթիդայի քարերը եւ թե ասպետի ճաք տված սուրը անզոր էին․ Որդը թույլ չէր տալու առաջ շարժվել։

Արդեն կեսօրին մոտ էր ու Էյշան անհուսությունից սկսեց լալ։ Որդը խմեց նրա այտերով հոսող արցունքները։ Ոլորվելով մտավ իր բունը՝ հողի մեջ, ու ճանապարհը կրկին բացվեց նրանց առաջ։

Ուրախանալով Որդի անհետացումից, երեք կախարդներն ու ասպետը սկսեցին բարձրանալ բլուրը, վստահ լինելով, որ մինչ մութն ընկնելը կհասնեն Շատրվանին։

 

Լանջի վրա՝ կես ճանապարհին, նրանց առաջ բացվեցին գետնին փորագրված բառերը։

 

«Տվե՛ք ձեր աշխատանքի պտուղը»

 

Պարոն Դժբախտը հանեց իր միակ դրամը ու դրեց խոտին, բայց այն գլորվեց մի կողմ ու կորավ։ Երեք կախարդն ու ասպետը շարունակեցին բարձրանալ, բայց ուր էլ նրանք գնային, ժամանակը անցնում էր, բայց առաջընթաց չէր լինում ու փորագրածն էլ միշտ դուրս էր գալիս դիմացները։

 

Արեւը արդեն մոտենում էր հորիզոնին, ու Ալթիդան սկսեց ավելի արագ քայլել ու շատ ավելի շատ ջանք դնել բարձրանալու համար, քան մյուսները։

― Խիզախություն, ընկերներ, ու տեղի չտալ, ― սրբելով ճակատի քրտինքը ասաց Ալթիդան։

Քրտինքը կաթաց գետնին, գրությունը անհետացավ ու նրանք կարողացան առաջ շարժվել։

 

Երկրորդ խոչընդոտի հաղթահարումով ոգեւորված, նրանք շտապեցին վերեւ բարձրանալ։ Այնքան բարձրացան, մինչեւ երեւաց բյուրեղի նման փայլփլող Շատրվանը։

Բայց մինչ Շատրվանին հասնելը, նրանք հասան ջրի շիթի, որը փակում էր նրանց ճանապարհը։ Ջուրը մաքուր էր, ու հատակին՝ հարթեցրած քարի էր, վրան գրված․

 

«Տվեք ձեր անցյալի հարստությունը »

 

Պարոն Դժբախտը փորձեց անցնել հոսանքի միջով պաշտպանվելով իր վահանով, բայց այն չօգնեց։ Երեք կախարդները հանեցին նրան ջրի միջից, ու փորձեցին իրենք անցնել, բայց չստացվեց, իսկ այդ ժամանակ արեւն արդեն մայր էր մտնում։

 

Նրանք սկսեցին մտածել, թե ինչ կարող է նշանակել քարի վրա գրվածը ու Ամատան առաջինն էր, ով հասկացավ։ Վերցնելով իր կախարդական փայտիկը նա հանեց սիրած տղայի հետ կապված բոլոր հիշողությունները ու տվեց ջրին։ Ջրի շիթը հեռացավ, քարերը անհետացան, ու երեք կախարդներն ու ասպետը կարողացան բարձրանալ բլրի գագաթ։

 

Շատրվանը առկայծեց նրանց առաջ, նրանք տեսան ավելի հազվադեպ ծաղիկներ ու բույսեր։ Երկինքը կարմրել էր, ու ժամանակն էր որոշել, թե իրենցից ով պետք է լողանա Շատրվանում։

Մինչ նրանք կկայացնեին որոշումը, Էյշան ուժասպառ ընկավ գետնին։ Նա մահամերձ էր։

 

Նրա ընկերները փորձեցին նրան տեղափոխել Շատրվանի մեջ, բայց նա հոգեվարքի մեջ էր, ու արգելեց նրանց դիպչել իրեն։

Ալթիդան հավաքեց բուժիչ խոտաբույսեր, պատրաստեց դրանք ու տվեց Էյշային։ Հանկարծ Էյշան կարողացավ կանգնել, նույնիսկ ավելին՝ նրա անբուժելի հիվանդության բոլոր նշանները վերացան։

― Ես բուժվեցի, ― հուվեց նա, ― ես Շատրվանի կարիքը չունեմ, ― թող Ալթիդան լողանա։

Բայց Ալթիդան զբաղված էր այլ խոտաբույսեր հավաքելով։

― Եթե ես կարողացա այդ հիվանդությունը բուժել, ապա ես կկարողանամ գումար վաստակել մարդկանց բուժելով։ Թող Ամատան լողանա։

 

Պարոն Դժբախտը ձեռքի շարժումով առաջ թողեց Ամատային՝ դեպի Շատրվան։ Բայց նա թափ տվեց գլուխը։ Ջրի հոսքը մաքրել էր նրա ողջ ձգտումն ու ցավը, ու նա հասկացել էր, որ դաժան էր տղան ու իքնը պիտի երջանիկ լինի, որ նրա հետ չէ։

― Բարի մարդ, դուք պիտի լողանաք, ձեր ասպետական վարմունքի համար, ― դիմեց նա պարոն Դժբախտին։

Այսպիսով, մայր մտնող արեւի շողերի ներքո ասպետը լողացավ Շատրվանի մեջ։

 

Արեւը վերջին շողերը անհետացան, ու ասպետը դուրս եկավ Շատրվանից, ծնկի իջավ Ամատայի առջեւ, ով իր կյանքում տեսած ամենաբարի ու ամենագեղեցիկ կինն էր։ Երջանկյությամբ լի նա խնդրեց Ամատայի ձեռքը, ու Ամատան էլ հասկացավ, որ գտավ արժանավոր տղամարդ։

 

Երեք կախարդն ու ասպետը իջան բլրից միասին, ձեռք ձեռքի տված, եւ բոլոր չորսն էլ ապրեցին երկար ու երջանիկ, ու նրանցից ոչ մեկ երբեւէ չիմացավ, ու չենթադրեց անգամ, որ Շատրվանի ջուրը կախարդական չէր։

Թարգմանությունը՝ ես

Ջոան Ռոուլինգ։ Հեքիաթ երեք եղբոր մասին

Մի անգամ երեք եղբայրներ ճանապարհորդում էին։ Քայլում էին մթնշաղին երկար ու ծուռումուռ ճանապարհով։ Ու հասան նրանք գետի, որը խորն էր այնքան, որ քայլքով չես անցնի, ու արագահոս  այնքան, որ չես լողա։

Բայց եղբայրները կախարդության արվեստի գիտակ էին։ Թափահարեցին կախարդական փայտիկները, ու կամուրջ հայտնվեց գետի վրա։

Երբ գետի կեսը անցել էին, թիկնոցի մեջ փաթաթվածը կտրեց նրանց ճանապարհը։ Ու Մահը խոսեց եղբայրների հետ։ Ճամփորդները միշտ խեղդվում էին գետում, Մահը վրդովված էր, որ չէր ստացել նոր զոհեր, բայց խորամանկեց․ ցույց տվեց, թե հիանում է նրանց հնարամտությամբ, ու ասաց, որ ի նշան իր հիացմունքի՝ եղբայրներից յուրաքանչյուրը պիտի ընդունի մի ընծա իրենից։

Ավագ եղբայրը ռազմատենչ էր։ Նա խնդրեց աշխարհի ամենահզոր կախարդական փայտիկը․ փայտիկ, որի տերը կհաղթի ցանկացած մենամարտում, փայտիկ, որը արժանի է մարդուն, ով հաղթել է Մահվանը։

Ու Մահը պոկեց թանթրվենու ճյուղը, որ աճում էր գետի ափին, սարքեց կախարդական փայտիկ, ու տվեց ավագ եղբորը։

 Միջնեկ եղբայրը գոռոզ էր։ Որպեսզի էլ ավելի ստորացնի Մահվանը, նա խնդրեց մեռածներին վերակենդանացնելու ուժ։ Ու Մահը վերցրեց գետի մոտ ընկած քարը, տվեց միջնեկ եղբորն ու ասաց, որ այն կարող է մեռածներին հետ բերել։

Հետո, Մահը հարցրեց երրորդ՝  փոքր եղբորը, ինչ նա կուզեր։ Փոքրը ամենաիմաստունն էր եղբայրների մեջ, նա չէր վստահում Մահվանը։ Այդ պատճառով, նա խնդրեց մի այնպիսի ընծա, որը հագնելով, նա կկարողանա տեղաշարժվել այնպես, որ Մահը չկարողանա հետեւել իրեն։ Մահը այլ ելք չուներ, ստիպված պոկեց սեփական անտեսանելի թիկնոցի մի մասը, ու տվեց փոքրին։

Դրանից հետո, Մահը մի կողմ կանգնեց, ու թույլ տվեց եղբայրներին շարունակել իրենց ճանապարհը, նրանք գնացին,  խոսելով իրենց հետ պատահած արկածի մասին, ու հիանալով Մահվան ընծաներով։

Հետո եղբայրները բաժանվեցին, ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով։

Առաջին եղբայրը մոտ մի շաբաթ ճամփորդելուց հետո հասավ մի գյուղի, որտեղ ապրում էր երիտասարդ կախարդը, ում հետ նա վիճել էր։ Բնականաբար, թանթրվենու կախարդական փայտիկով նա չէր կարող պարտվել մենամարտում, որը հետեւեց նրանց հանդիպմանը։ Մեռած կախարդին թողնելով գետնին, նա գնաց հյուրանոց, ու սկսեց գլուխ գովել անհաղթ փայտիկի համար, որը ինքը ճանկել է Մահից։

Նույն գիշերը, հենց ավագ եղբայրը խմիչքից անզգայացած քնեց, մի այլ կախարդ կտրեց նրա կոկորդը ու գողացավ փայտիկը։ Այսպես Մահը տարավ առաջին եղբորը։

Միջնեկ եղբայրը վերադարձավ տուն, որտեղ մենակ էր ապրում։ Հանեց քարը, որը մեռածներին վերականդանացնում է, ու երեք անգամ պտտեց ձեռքում․ նրա առջեւ հայտնվեց աղջիկը, ում հետ ուզում էր ամուսնանալ, բայց ով մահացել էր անժամանակ։ Աղջիկը տխուր էր ու սառը, մի տեսակ, մեկուսի։ Չնայած նա վերադարձել էր կյանք, բայց նա չէր պատկանում այդ աշխարհին ու տանջվում էր։ Վերջիվերջո, երկրորդ եղբայրը անհուսությունից խելագարված՝ ինքնասպան եղավ, որպեսզի կարողանա աղջկա հետ լինել։

Այսպես Մահը տարավ երկրորդ եղբորը։

Չնայած Մահը երրորդ եղբորը փնտրում էր տարիներով, այդպես էլ չկարողացավ գտնել նրան։ Ու միայն երբ նա բավականին ծերացել էր, փոքր եղբայրը հանեց անտեսանելի թիկնոցը ու փոխանցեց այն իր որդուն։ Հետո ողջունեց Մահվանը ասես հին ընկերոջ, ու գնաց նրա հետ ուրախությամբ։

Ու նրանք, ինչպես հավասարը հավասարի, լքեցին աշխարհն այս։

թարգմանությունը՝ ես։

Բենքսի․ Հարվածելով գլուխդ աղյուսե պատին․ մաս 0

А lot of people never use their initiative, because no-one told them to.

Դու կարող ես ասել, որ գրաֆիտին գեշ, եսասեր է, ու դա այն մարդկանց ձեռքի գործն է, ով ուզում է ինչ֊որ պաթետիկ ձեւով անուն հանել։ Բայց եթե դա ճիշտ է, ապա միայն այն պատճառով, որ գրաֆիտի նկարողները նման են մնացած բոլորին այս գրողի տարած երկրում։


Ինչ֊որ մեկը վերջերս ինձ հարցրեց, արդյո՞ք ես կարծում եմ, որ շատ գրաֆիտի անողները ինձ նման տապալված արտիստներ են։ Դե, ես շատ գործերում եմ տապալված, բայց  արվեստի աշխարհում ճանաչված լինելը դրանցից մեկը չէր։ Ոմանց համար թվում է թե բարդ է հասկանալ,  որ  դու գրաֆիտի չես նկարում պատերին այն ապարդյուն հույսով, որ մի օր  մի մեծ չաղ պահպանողական կգտնի քեզ, ու  քո գործերը կդնի իր պատին։ Եթե դու նկարում ես հասարակական վայրում՝ պատերին, ապա դու արդեն գործում ես ավելի բարձր մակարդակի համար։
 Հեգնանքը նրանում է, որ չնայած դու Ջեք Ռիփերի նման մակերը ձեռքիդ արագ֊արագ պտտվում ես գիշերը, գրաֆիտի նկարելը արտիստ լինելու ամենաարդար եղանակն է։ Դա անելը փող չի տանում, դու կրթության կարիք չունես այն հասկանալու համար, չկա մուտքի վճար իսկ ավտոբուսի կանգառները շատ ավելի հետաքրքիր ու օգտակար տեղեր են նկարներ ունենալու համար, քան թանգարանները։

Ոմանք կարծում են, որ դու ավելի լավ բաներ պիտի ունենաս մտածելու, քան փորձելը մտածել ավելի լավ բաների մասին։  Բայց բնազդը դեռ կա։ Կյանքը անարդար է, ու աշխարհը լիքն է հաշմանդամներով, անհարթություններով ու մահվանով։

Սրան ի պատասխան, նկարելը թվում է ժամանակը ծախսելու անիմաստ ձեւ։  Քո սովորական ջրմուղագործը մարդկության համար ավելին է անում, քան ինչ֊որ սրիկա, որ աբստրակտ արվեստի գործ է անում, կամ նկարում է ծովափնյա տեսարաններ, նավակներով լի։ Ամենաքիչը, գրաֆիտին պայքարում է մարդկանց համար  նշանակություն ունենալու համար։ Գրաֆիտիները օգտագործվել են հեղափոխություններ սկսելու, պատերազմները դադարեցնելու համար, ու ընդհանուր առմամբ, գրաֆիտին ձայնն է նրանց, ում չեն լսում։
 Գրաֆիտին այն քիչ բաներից է, որ դու ունես, երբ  գրեթե ոչինչ չունես։ Ու եթե նույնիսկ  դու չես նկարում մի այնպիսի բան, որը կվերացնի  աղքատությունը, կարող ես ինչ֊որ մեկին ժպտացնել, երբ նա միզում է։

Գրաֆիտին, վերջին հաշվով, հաղթում է կանոնական արվեստին, որովհետեւ այն դառնում է քո քաղաքի մի մասը, այն գործիքն է․ «Ես քեզ կհանդիպեմ այն փաբում, դե գիտես, այն մեկը այն պատի դիմացի, որի վրա կապիկ է նկարված ձեռքին բենզասղոց»։ Ես նկատի ունեմ, ի՞նչ ավելի օգտակար բան կարող է անել նկարը, քան դա։
* * *
Պարանոյիկ դառնալը մասնագիտական վտանգն է, երբ նկարում ես ապօրինի գրաֆիտի, որը լավն է։ Քո միտքը լավագույնն է աշխատում, երբ դու պարանոյիկ ես։ Դու բացահայտում ես ամեն պողոտա եւ քո իրավիճակում բոլոր հավանական բաները, շատ մեծ արագությամբ ու բացարձակապես սթափ։ Ես հետաքրքրված չեմ նայել գործերի, արված ոչ պարանոյիկների կողմից․ նրանք իրենց հնարավորությունների լրիվ չեն օգտագործում:
Շարունակելի

Թարգմանությունը ես։

Դանիիլ Խարմս․ թարգմանություն

Առակ

Աննշան բոյի մի մարդ ասաց․ «Ես ամեն ինչի համաձայն եմ, միայն մի կաթիլ ավելի բոյով լինեմ»։ Հենց այդ պահին նրա առաջ հայտնվեց կախարդը։ Իսկ աննշան բոյի մարդը կանգնած է ու վախից ոչինչ ասել չի կարող։
«Դե՞» , ― ասում է կախարդը։ Իսկ աննշան բոյի մարդը կանգնած լռում է։
Կախարդը անհետացավ։ Այդ ժամանակ աննշան բոյի մարդը սկսեց լացել ու եղունգները կրծել։ Սկզբում ձեռքերի, հետո ոտքերի։

Ընթերցող, մտածիր այս առակի մասին, ու քեզ լավ չես զգա։

x x x

Երկու մարդ խոսքի բռնվեցին։ Ի դեպ առաջին մարդը կակազում էր ձայնավորների վրա, իսկ մյուսը ձայնավորների ու բաղաձայնների։
Երբ նրանք ավարտեցին խոսելը, շատ հաճելի էր, կարծես պրիմուս հանգցրած լինեին։

Синфония N 2

Անտոն Միխայլովիչը թքեց, ասաց «էհ», նորից թքեց, նորից ասաց «էհ», նորից թքեց, նորից ասաց «էհ» ու գնաց։ Աստված իր հետ։ Ավելի լավ է պատմեմ Իլյա Պավլովիչի մասին։

Իլյա Պավլովիչը ծնվել է 1883 թվին Կոնստանդնապոլսում։ Դեռ փոքր տղա էր, երբ նրան տեղափոխեցին Պետերբուրգ, ու այդտեղ նա ավարտեց Կիրոչնայա փողոցի գերմանական դպրոցը։ Հետո նա ծառայում էր ինչ֊որ խանութում, հետո էլի ինչ֊որ բան էր անում, իսկ հեղափոխության սկզբին մեկնեց արտասահման։ Աստված իր հետ։ Ավելի լավ է Աննա Իգնատեւնայի մասին պատմեմ։

Բայց Աննա Իգնատեւնայի մասին պատմելը այնքան էլ հեշտ չէ։ Առաջին հերթին ես նրա մասին գրեթե ոչինչ չգիտեմ, իսկ երկրորդ հերթին ես հիմա աթոռից ընկա ու մոռացա ինչ էի պատրաստվում պատմել։ Ավելի լավ է իմ մասին պատմեմ։
Ես բարձրահասակ եմ, հիմար չեմ, հագնվում եմ էլեգանտ եւ ճաշակով, չեմ խմում, ձիավազքի չեմ գնում, բայց կանանց ձգվում եմ։ Ու կանայք էլ ինձնից չեն խուսափում։ Նույնիսկ սիրում են, երբ զբոսնում եմ իրենց հետ։ Սերաֆիմա Իզմայլովնան բազմիցս կանչել է ինձ իր տուն, ու Զինաիդա Յակովլեւնան էլ ասել է, որ ուրախ է ինձ տեսնել։ Իսկ այ Մարինա Պետրովնայի հետ զավեշտալի պատմություն է տեղի ունեցել, որի մասին էլ ուզում եմ պատմել։ Դեպքը միանգամայն սովորական է, բայց մեկ է զավեշտալի է, քանզի Մարինա Պետրովնան իմ շնորհիվ լրիվ քաչալացավ, ինչպես ափը ձեռքի։ Պատահեց դա այսպես․ մի անգամ եկա ես Մարինա Պետրովնայի մոտ, իսկ նա՝ հոպ, ու քաչալացավ։ Ահա եւ վերջ։

9-10 հունիսի 1941

Միշինի հաղթանակը

Միշինին ասացին․

― Այ Միշին, վեր կաց։

Միշինը ասաց․

― Վեր չեմ կենա, ― ու մնաց գետնին պառկած։
Այդ ժամանակ Կալուգինը մոտեցավ Միշինին ու ասաց․
― Եթե դու, Միշին, վեր չկենաս, ես քեզ կստիպեմ։
― Չէ, ― ասաց Միշինը, գետնին պառկած մնալով։
Միշինին մոտեցավ Սելիզնյովան ու ասաց․
― Դուք, Միշին, մշտապես միջանցքում գետնին փռված եք ու խանգարում եք մեզ առաջ ու ետ անել։
― Խանգարել եմ ու կխանգարեմ, ― ասաց Միշինը։
― Դե գիտեք ինչ, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․
― Ի՞նչ եք երկար բարակ խոսում։ Ոստիկանություն զանգեք։
Զանգեցին ոստիկանություն ու ոստիկան կանչեցին։
Կես ժամից եկավ ոստիկանը դռնապանի հետ։
― Ի՞նչ է այստեղ պատահել ― հարցրեց ոստիկանը։
― Տեսեք, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․
― Ահա։ Այս քաղաքացին ամբողջ ժամանակ պառկած է այստեղ գետնին ու մեզ խանգարում է քայլել միջանցքով։ Մենք իրեն այսպես էլ, այնպես էլ․․․
Բայց այդ պահին Կալուգինին ընդհատեց Սելիզնյովան ու ասաց․
― Մենք նրան խնդրել ենք հեռանալ, իսկ նա չի գնում։
― Ահա, ― ասաց Կորշունովը։
Ոստիկանը Միշինին մոտեցավ։
― Դուք, քաղաքացի, ինչո՞ւ եք այստեղ պառկած, ― ասաց ոստիկանը։
― Հանգստանում եմ, ― ասաց Միշինը։
― Այստեղ, քաղաքացի, հանգստանալու տեղ չէ, ― ասաց ոստիկանը, ― դուք, քաղաքացի, որտե՞ղ եք ապրում։
― Այստեղ, ― ասաց Միշինը։
― Որտե՞ղ է ձեր սենյակը, ― ասաց ոստիկանը։
― Նա գրանցված է մեր բնակարանում, իսկ սենյակ չունի, ― ասաց Կալուգինը։
― Սպասեք քաղաքացի, ― ասաց ոստիկանը, ― ես հիմա նրա հետ եմ խոսում։ Քաղաքացի, որտե՞ղ եք դուք քնում։
― Այստեղ, ― ասաց Միշինը։
― Թույլ տվեք, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․
― Նա նույնիսկ անկողին չունի, ու պառկում է դատարկ գետնին։
― Նրանք վաղուց են նրանից բողոքում, ― ասաց դռնապանը։
― Բացարձակ հնարավոր չէ միջանցքով քայլել, ― ասաց Սելիզնյովան, ― ես չեմ կարող միշտ տղամարդու վրայով քայլ դնել։ Իսկ նա հատուկ ոտքերը կձգի, մի հատ էլ ձեռքերը կձգի, դեռ մեջքի վրա էլ կպառկի ու կնայի։ Ես գործից հոգնած եմ գալիս, ինձ հանգիստ է պետք։
―Ավելացնում եմ, ― ասաց Կորշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․
― Նա գիշերն էլ է էստեղ պառկած։ Մթան մեջ բոլորը սայթաքում են նրա վրա։ Ես նրա վրա ծածկոցս եմ պատռել։
Սելիզնյովան ասաց․
― Նրա գրպանից միշտ մեխեր են ընկնում։ Անհնար է միջանցքով բոբիկ անցնել, մեկ էլ տեսար, ոտքդ մտավ։
― Նրանք հենց նոր ուզում էին նրան կերոսինով այրել, ― ասաց դռնապանը։
― Մենք նրա վրա կերոսին լցրինք, ― ասաց Կոշունովը, բայց նրան ընդհատեց Կալուգինն ու ասաց․
― Դա միայն վախացնելու համար, իսկ վառել չէինք պատրաստվում։
― Իսկ ես թույլ չէի էլ տա իմ ներկայությամբ կենդանի մարդ այրել, ― ասաց Սելիզնյովան։
― Իսկ ինչո՞ւ է այս քաղաքացին միջանցքում պառկած, ― հանկարծ հարցրեց ոստիկանը։
― Յահ, լավ տեղ հասար, ― ասաց Կորշունովը, բայց Կալուգինը նրան ընդհատեց ու ասաց․
― Որովհետեւ նա այլ բնակտարածք չունի․ ահա այս սենյակում ես եմ ապրում, այն մյուսում՝ նրանք, այն մեկում՝ նա, իսկ այ Միշինը այստեղ՝ միջանցքում։
― Էդպես չեղավ, ― ասաց ոստիկանը, ― Պետք է այնպես անել, որ ամեն մեկն իր բնակտարածքում պառկի։
― Իսկ նա այլ բնակտարածք չունի, միջանցքից բացի, ― ասաց Կալուգինը։
― Հենց այդպես, ― ասաց Կորշունովը։
― Այդպես նա միշտ այստեղ պառկած է, ― ասաց Սելիզնյովան։
― Այդպես չեղավ, ― ասաց ոստիկանն ու դռնապանի հետ գնաց։
Կորշունովը ցատկեց Միշինի մոտ։
― Ի՜նչ, ― գոռաց նա, ― Ինչպե՞ս ձեզ դա դուր եկավ։
―Սպասեք, ― ասա Կալուգինը, ու մոտենալով Միշինին ասաց, ― լսեցի՞ր ինչ ասաց ոստիկանը։ Վեր կաց։
― Վեր չեմ կենա, ― ասաց Միշինն ու պառկած մնաց։
― Նա հիմա միտումնավոր միշտ այստեղ պառկած կմնա, ― ասաց Սիլիզնյովան։
― Միանշանական, ― ասաց Կալուգինը։
Ու Կորշունովն ասաց․
― Ես դրանում չէի կասկածում։ Parfaitement!

էլի Խարմս

Թարգմանությունը՝ ես։

Լեոնիդ Ենգիբարյան

Դու, ես ու իմ տխրությունը

Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք միայն դու, ես ու իմ տխրությունը։
Ներիր, գիտեմ, որ ուզում էիր երկուսով լինենք այսօր, բայց ինձ հետ է իմ տխրությունը․․․
Ըհը՜, դու արդեն զայրանում ես, զանգել ես ուզում։ Հասկանում եմ։ Շտապ է։

Սրճարանը դատարկվում է։ Շարժվում են աթոռները, շխկշխկում է սպասքը խոհանոցում։
Մնում ենք երկուսով, ես ու դու, իմ տխրություն։

Աղջնակին, որ թռչել գիտի

Միայն մի վախեցիր։ Քեզ երբեք ոչինչ չի պատահի, որովհետեւ դու երկու սիրտ ունես։
Եթե օդում մի վայրկյանով մեկը կանգ առնի, կողքից մյուսը կզարկի։ 
Դրանցից մեկը մայրդ է տվել քեզ։ 
Նա կարողացավ դա անել, որովհետեը տասնինը տարի առաջ կարողացավ սիրել, սիրել․․․ Մի ծիծաղիր, սիրելը բարդ է։ 
Իսկ երկրորդ սիրտդ տվել եմ ես։ Պահիր կրծքումդ իմ խենթ սիրտը։
Ու ոչնչից մի վախեցիր։ 
Նրանք կողք կողքի են, թե մեկը կանգ առնի, մյուսը կզարկի։ 
Միայն ինձ համար, մի անհանգստացիր, ինձ թեթեւ է քայլել գետնի վրայով,
դա հասկանալի է յուրաքանչյուրին։ 
Իմ սիրտը՝ քո կրծքում։ 

Չէ ու հա

Ես անդունդի եզրին եմ՝ «Ոչ»֊ի ու «Այո»֊ի արանքում։ Քո Ոչ֊ից ես իմ 
Այո֊ին եմ հասնում ցանկությունից, ամաչկոտությունից ու սիրուց հյուսված 
պարանով։ Այն ցնցվում է, ճոճվում, ու  ինձ վրա կախված է Միայնությունը եւ Այո֊ն, որ այնքան գրավիչ ու մոտ էր թվում,  հիմա անհասանելի է։ 
Բայց ես քայլում եմ, Հպարտությունը պահում է հավասարակշռությունս։ 
Նաեւ հին ու բարի Հույսի վալսը, որ հնչում է բարդ համարների կատարման ժամանակ,
ինձ ուժ է տալիս։ 
Ես գալիս եմ․ փորձելով չնայել ներքեւ, ու չմտածել, որ հանկարծ, մինչ ես
 գալիս եմ դեպի քո Հա֊ն
ինչ֊որ մեկը արդեն հասել է քեզ, օգտագործելով Բարեկեցության աստիճանը։
Ինձ գնալով ավելի ու ավելի բարդ է․ ճոճում է հուսահատության
քամին, ու երբ այդ ճոճքը անտանելի է դառնում, դու անսպասելի գալիս
ես ինձ ընդառաջ։ 
Ես գցում եմ ծանր ձողը, դու գրկում ես ինձ, ու մենք ընկնում, կամ էլ 
թռչում ենք՝ ինչ տարբերություն, պայծառ աստղերից մեկի վրա, որ
օսոստոսյան գիշներների անսահմանությունում սպասում են մեզ վառված։
―Սիրելիս, ― ասում ես շոյելով մազերս, ― ինչպե՞ս կարելի էր այդպես ռիսկի դիմել։ Դու կարող էիր սայթաքել սարսափելի Միայնության մեջ։ Հիմարիկ, ինչի՞ համար էր այդ ամենը։ 
― Բայց դու ինքդ սկզբում ասացիր Չէ, ու ես ստիպված եղա ռիսկի դիմել։ 
― Մի՞թե ասել եմ, ― զարմացար դու, ― ինչ֊որ չեմ հիշում։ 

Մի քանի խոսք Երեւանի մասին

Մի անգամ, երբ աշունը իջնելով լեռներից քաղաքի փողոցները դարձրեց
շագանակաոսկեգույն, քաղաք եկավ ծաղրածուն։ 
Չգիտեմ, գուցե նա սիրահարվեց երկարոտն ու թուխ աղջկան, կամ գուցե դա
հեքիաթ է․․․
Բայց ճիշտ է, որ նա աչքերում աշնանային անձրեւները լի հեռացավ։ 

Թարգմանությունը՝ ես։

Ե․ Եվտուշենկո։ Ձանձրույթը՝ մայրը ֆաշիզմի

Հարցազրույցը վարեց՝ Անդրեյ Մորոզովը։ 
 
― Եվգենի Ալեքսանդրովիչ դուք լինո՞ւմ եք Մայակովսկու արձանի մոտ։
― Շատ հաճախ եմ լինում այնտեղ, նույնիսկ ժամադրություն եմ այնտեղ նշանակում․․․ (ծիծաղում է)։ Գործնական, իհարկե։
― Չի՞ անհանգստացնում, որ երիտասարդությունը հիմա Մայակովսկու արձանի մոտ ոչ թե բանաստեղծություններ է կարդում, ինչպես դա Ձեր երիտասարդության տարիներին էր, այլ գարեջուր է խմում։
― Դա հիմա ամենուր է։ Երիտասարդները գնալու տեղ չունեն, մենք այնքան քիչ երիտասարդական ակումբներ ունենք։ Դրա մասին ոչ ոք չի մտածում, իսկ բոլոր այդ արհեստականորեն ստեղծված կազմակերպությունները,  ուր կիսաքշում֊կիսագրավում են, անամոթաբար օգտագործում են իրենց չպահանջված զգացող երիտասարդությանը , նրա համար  հասարակական կյանքի տեսանելիություն  ստեղծում։ Բայց ես երիտասարդներին էլ չեմ արդարացնում իրենց պասիվության համար։ Ինչո՞ւ են նրանք թույլ տալիս, որ տարիքով «дядя»֊ները իրենց համար քաղաքացիականության ցուցադրություններ կազմակերպեն, փոխանակ իրենք կազմակերպեն, առանց կողմնակի հուշումների։ Որտեղ հուշումը, այնտեղ էլ հրամանը։ Երիտասարդությանը պետք է կրթել, այլ ոչ զոմբիացնել։
― Դուք, հավանաբար, գիտեք, որ նոյեմբերի 4ին, Մոսկվայում ֆաշիստական կարգախոսներով ցույցեր են տեղի ունեցել։ Մի քանի շաբաթ անց, քաղաքապետարանը արգելեց հակաֆաշիստների հանրահավաքները, հղում անելով այն բանին, որ մոսկվացիների համար անհարմարություններ կլինեն։ Ձեր կարծիքով այդ միտումը կխորանա՞։

― Հուսով եմ որ ոչ, եւ հուսով եմ հուսալ։ Չինովնիկները, ամենայն հավանականությամբ, պարզապես վախեցել են ու չեն իմացել ինչ անել, եթե երկու հակամարտ կողմ  բախվեն։ Իհարկե, պետք է փողոցներում կարգուկանոն լինի։ Բայց մի՞թե ֆաշիստական կարգախոսները ֆաշիզմը հաղթած երկրի մայրաքաղաքում կարգուկանոն են։ Խայտառակությունը ավելի ամոթալի է, քան անհարմարությունները։ Այնուամենայնիվ, ինչո՞ւ նրանք, ովքեր ցանկանում էին կազմակերպել հակաֆաշիստական ցույց, այդքան հեշտ հանձնվեցին, չհասան թույլտվության։

Ինչո՞ւ մեր երիտասարդները ցույց չտվեցին քաղաքացիական էներգիան, այլ այդքան

երկչոտ դուրս եկան, անընդունակ դիմադրության, ինչպես այս դեպքում Մոսկվայում, այնպես էլ իրենց հասակակից արտասահմանցի ուսանողների սպանության պարագայում Վորոնեժում։ Ի՞նչ հայրենասիրություն հյուրերին սպանելու մեջ։ Համոզված եմ, որ այն երիտասարդներից, ովքեր իրենց թեւքերին կրում են սվաստիկա, կամ դրա նման այլ բան, ու Հիտլերի ծննդյան օրն են նշում, ոչ բոլորն են համոզմունքով ֆաշիստներ, այլ դա անում են ձանձրույթից։
 Ձանձրույթը՝ մայրը ֆաշիզմի։
― Միայն ձանձրո՞ւյթը։
― Ձանձրույթը նույնպես։ Երիտասարդները շատ էներգիա ունեն, ու տեղ է պետք այն ծախսելու համար։  Այդ պատճառով, բողոքը ընդունում է այդպիսի  հրեշավոր տեսք։ Ձանձրույթով չի կարելի արդարացնել ո՛չ ջրի խողովակը կտրելը, ո՛չ  նեանդերթալացու ձեռքին ինչ֊որ բան սրելը, ո՛չ «Ռուսաստանը ռուսներին» կոչը։ Ի՞նչ ենք մենք անելու Պուշկինի եթովպական արյան հետ, Լերմոնտովի շոտլանդական, Ժուկովսկու թուրքական, Ախմադուլինայի թաթարաիտալական, Օկուջավայի վրացական, Բլոկի գերմանական արյունների հետ, «Во поле березонька стояла» ռուսական ժովողրդական երգի հեղինակի թաթարական, այնքան շատ կոմպոզիտորների ու պոետների հրեական  արյան հետ ու Մեծ հայրենականի լավագույն երգերի խոսքերի հեղինակների, եւ ռուս֊ուրկրաինա֊բելոռուս֊լեհա֊գերմանա֊լատվիական ― օ՜, Աստված իմ, ― էլի թաթարական արյան հետ Եվտուշենկոյի։
 Չեմ կարծում, որ մեր երիտասարդները ամբողջությամբ նացիոնալիստական են։ Այդ տարրական բարոյական անգրագիտությունը վախեցնում է, ու նաեւ պարզապես անգրագիտությունը ամենաուղիղ իմաստով։ Բարոյապես ու մշակութապես անգրագետներին հեշտ է քսի տալ ցանկացած մարդու վրա։ Իմ աչքի առաջ  մարդկանց, ովքեր բեմում երբեք չեն տեսել Միխոելսին, չեն կարդացել Պաստեռնակին, եւ չեն իմացել ով է Սախարովը կամ Սոլժենիցինը, գրգռում էին նրանց դեմ։
Շատերը ո՛չ պատմություն գիտեն, ո՛չ գրականություն։ Բայց Ռուսաստանի  պատմությունն ու գրականությունը անքակտելի են իր խղճից։ Այդ պատճառով, իսկական գրականության անհրաժեշտությունը հիմա աճում է, քանզի «Փառք Աստծո, կա գրականությունը՝ լավագույն պատմությունը Ռուսիայի»։
― Դեկտեմբերի 14֊ին Դուք  ելույթ եք ունենալու Մոսկվայում, Չայկովսկու անվան դահլիճում։ Նոր բանաստեղծություննե՞ր եք կարդալու։
― Ես երբեք,  բեմ դուրս գալուց առաջ, ոչ մի աներկբա ծրագիր չեմ կազմում, ես հո կուսակցություն չեմ՝ «կուռ միասնականությամբ», այլ կենդանի մարդ, դեռ նաեւ այսպիսի մասնագիտությամբ։  Իմպուլսիվություն, ստեղծագործականություն, անվստահության տենդ ― հատկանիշներ, որոնք կարող են հակացուցված լինել որոշ մասնագիտությունների դեպքում, պոետին անհրաժեշտ են։

Իմ գրքի, («Հուշարձանները չեն գաղթում»)որը լույս տեսավ այս տարի, գրեթե բոլոր բանաստեղծությունները գրված են 21֊րդ դարում, ու շատերը նշված են այս տարեթվով, իսկ էջերը չորս հարյուրից ավելի են։ Այս գրքում իմ ․․․֊ից մինչեւ խոստովանություններն են։ Ես, օրինակ, առաջ երբեք մանրամասն չեմ գրել իմ առաջին կնոջ մասին Ալթայում, իմ ու երիտասարդ ամերիկուհու սիրո մասին «սառը պատերազմի» թեժ տարիներին, երբ մենք ինչպես  կապիտալիզմի ու սոցիալիզմի Ռոմեոն ու Ջուլիետը,  ճեղքեցինք բոլոր երկկողմանի արգելքներն ու շղթաները։

Կարծում եմ, որ ամեն դեպքում, այդ բանաստեղծությունները անպայման կկարդամ, ու ինչ իմանամ, թե էլ ինչ կարող եմ գրել վերջին պահին, բեմ դուրս գալուց առաջ։ Այդ պատճառով էլ, իմ համերգներից միշտ վախեցել են, ու վախենում են մեծ բյուրոկրատները, ու երբեք դրանց չեն եկել ու չեն գա։ Համենայն դեպս։ Առհասարակ, ես չեմ սիրում երկու կատեգորիա․ բյուրոկրատներին ու պճնամոլներին, ու նրանք ինձ փոխադարձությամբ են պատասխանում, չէ՞ որ պճնամոլությունը հենց բյուրոկրատիայի տարատեսակ է։ Իսկ այ Շոստակովիչը, Սախարովը, Լանդաուն, Կապիցան, Նեիզվեստնին, Շեմյակինը, Վիսոցկին, Պաբլո Ներուդան, Սալվադոր Ալիենդեն գալիս էին։
Բայց իմ ամենակարեւոր լսարանը, իհարկե, ամենեւին հանրահայտ մարդիկ չեն․ ուսանողներ, դպրոցականներ, աշխատավորներ, ինժեներներ, ուսուցիչներ, բժիշկներ։ Հենց նոր տեղի ունեցավ իմ գրեթե չորս ժամանոց, մարաթոնյան, համերգը, երկու հազար հանդիսականի համար, օկլահոմյան քաղաք Թալսաում։
― Մոսկովյան ելույթից հետո պատրաստվո՞ւմ եք ռուսաստանյան հեռավոր շրջաններ մեկնել։
― Իսկ մի՞թե հիմա գոյություն ունի «հեռավոր շրջան» հասկացություն, ինտերնետի դարո՞ւմ։ Ես իրոք շատ եմ ելույթ ունենալու Ռուսաստանում, դեկտեմբերին՝ ե՛ւ Եկատերինբուրգում, հենց այն կինոթատրոնում երկու հազար տեղանոց՝ «Կոսմոս», որտեղ վաղ ութսունականներին անձնական ռեկորդ եմ սահմանել,  երեք մենահամերգ մեկ օրում, ե՛ւ Չելյաբինսկում, ե՛ւ Նիժնի Տագիլում, ե՛ւ Ռիբանսկում, դրանից հետո Նաբերեժնի Չելնիում, Նիժնեկամսկում, Կազանում։ Իսկ ավելի ուշ պատրաստվում եմ գնալ Բրյանսկ՝ առաջին ռուսական համալսարանը, որը ինձ արժանացրել է պատվավոր պրոֆեսորի թիկնոցին, տասնյակ արտասահմանյան համալսարաններից  հետո։
― Ձեզ չի՞ թվում, որ  ե՛ւ երաժշտության, ե՛ւ գրականության, ե՛ւ քաղաքականության մեջ այսօր բարձունքում  попса֊ն է։
― Միանգամայն ճիշտ եք։ Դրա դեմ պայքարել է պետք։ Միայն թե պետք չէ ամեն ինչի մեջ попса֊ն մեղավոր հանել։ Մենք՝ գրողներս, ինքներս ենք մեղավոր, որ հայտնվել ենք մարգինալ վիճակում։ Իմ կարծիքով, մեր խոսքի արժեքը, ներկա պահին այնքան աննշան է, որ նույնիսկ ԿԳԲ֊ն մեզնով չի զբաղվում, իսկ բյուրոկրատիան առավել եւս ։ Մեզնից՝ գրողներիցս, վաղուց արդեն ոչ ոք չի վախենում։ Լրագրողներից վախենում են ավելի շատ, քան մեզնից։  «Վասկան լսում է եւ ուտում» արտահայտությունից եկած «Վասկիզմ»֊ը ծաղկում է, մինչ մենք ինչ֊որ բան ենք  վախվորած քրթմնջում։ Ժամանակը չէ արդյո՞ք մտածել, թե ինչո՞ւ այդպես պատահեց։
― Դուք հիմա դասավանդում եք ամերիկյան համալսարանում ռուս պոեզիա ու ռուս կինո։ Որքանո՞վ է մեծ  հետաքրքրությունը Ձեր դասախոսությունների նկատմամբ։
― Երբ դասախոսությունները բաց էին, դրանց գրվում էր հարյուրից ավելի մարդ։ Հիմա քանակական սահմանափակում են մտցրել իմ դեպքում՝ քառասուն մարդ։ Ամերիկյան համալսարաններում այսպիսի կարգ կա, եթե պրոֆեսորը չի հավաքում ութ ուսանող, ապա հարց է դրվում նրա հեռացման մասին, ու ոչ մի արհմիություն այդ դեպքում չի օգնի։ Կան առարկաներ, որոնց դասերին չպիտի շատ ուսանողներ լինեն։ Օրինակ լեզուն։ Եթե լեզվի դասախոսություններին չափազանց շատ ուսանող կա, ապա այն արժեզրկվում է։
Ինձ ասացին, որ ես ակամա խլում  եմ ուսանողներին,  այլ պրոֆեսորներից․ նրանք մղվում են իմ դասախոսություններին։ Այդ պատճառով, որոշվեց, որ իմ դասախոսությունների համար ուսանողների քանակը կսահմանափակվի քառասուն ուսանողով, բայց եւս տասը առավել ընդունակ ուսանողի կարող եմ ընդգրկել իմ հայեցողությամբ։
― Ինչո՞ւ եք Դուք դասավանդում հենց Ամերիկայում, այլ  ոչ Եվրոպայում։
― Որովհետեւ ես շատ բան եմ սովորել վաղ 60-ականների Ամերիկայից, որտեղ եռում էր կյանքը, պայքարը ռասիզմի դեմ, սպառազինության դեմ, բյուրոկրատիայի դեմ, որոնցում մասնակցություն ուներ ԱՄՆ֊ի ողջ առաջադեմ մտավորականությունը, այդ թվում եւ գրողները։ Ես տեսել եմ վիետնամական պատերազմի դեմ երկու միլիոնանոց ցույցը Նյու Յորքում,  երբ նույն շարքերում կողք կողքի քայլում էին Արթուր Միլլերը, Բենջամին Սփոքը, Մարտին Լյութեր Քինգը եւ իրենց երգերն էին երգում, այն ժամանակ դեռ բոլորովին երիտասարդ Ջոան Բաեզն ու Բոբ Դիլանը։   Մինչեւ հիմա  էլ կոկորդս սեղմվում է, երբ լսում եմ  We shall overcome՝ «Մենք կհաղթենք, կգա օրը, երբ կհաղթենք․․․» մեծագույն երգը։ Ցավոք, այս երգը հիմա սկսում է մոռացվել նաեւ Ամերիկայում, բայց ես միշտ իմ ամերիկյան ուսանողներին հիշեցնում եմ այն։
Ես առաջին անգամ իմ սեփական աչքով տեսա, թե ինչ ուժ է ներկայացնում ընդվզումը։ Ես 1968 թվին՝ բրեժնեւյան տանկերի Չեխոսլովակիա ներխուժումից հետո, գրեցի «Միակ առաջընթացը առանց ցավոտ զոհերի անանհրաժեշտ ― բողոքն է, բողոք, բողոք ― զենքը անզենների»։ ( «Единственный прогресс без горьких жертв ненужных – протест, протест, протест – оружье безоружных»); Դա ե՛ւ Ամերիկայի մասին էր, ե՛ւ մեր։ Պատահական չէր, որ մեր գրաքննությունը, երկար ժամանակ չէր ցանկանում հրապարակել իմ «երկսայրի» պոեմը՝ «Ազատության արձանի կաշվի մեջ» («Под кожей статуей Свободы»), իսկ հետո նաեւ Յուրի Լյուբիմովի համանուն հրաշալի ներկայացումը Տագանկայում։ Եթե Կոնստանտին Սիմոնովը իր ներածական հոդվածով պոեմը պաշտպանության տակ չառներ, այն երբեք լույս չէր տեսնի։ Այս ժամանակից, ես դարձա «երկսայրի» պոետ ― ընդդեմ բյուրոկրատիայի ու կապիտալիզմի եւ սոցիալիզմի։ Այդ պատճառով էլ ինձ սիրեցին երիտասարդները ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ իրենց, ե՛ւ նույն ժամանակ չսիրեցին պճնամոլներն ու ժլատները։  Իմ՝ «Նամակ Եսենինին», «Պրահայով տանկերն են գնում» բանաստեղծությունները լույս տեսան մեր ինքնահրատում, իսկ ամերիկյան ուսանողուհի Ալիսոն Կրաուզի՝ գնդակահարված ուսանողական բողոքի ցույցը ցրելու ժամանակ, մահվանը նվիրված բանաստեղծությունը թռուցիկների միջոցով տարածվում էր ԱՄՆ֊ում։

Մեր թերթերում գրում էին ամերիկացիների հանցագործությունների մասին Վիետնամում, բայց շատ ավելի քիչ էին գրում այն մասին, թե ինչ պայքար է գնում հենց Ամերիկայում այդ պատերազմի դեմ։ Ըստ էության, ամերիկացիները դադարեցրին պատերազմը Վիետնամում, իրենց հսկայական բողոքի ցույցերի եւ պատերազմին հակազդելու շնորհիվ։

Իմ պոեզիայում բողոքական ոգին արտահայտվել է իմ արտասահմանյան այցելություններից առաջ։ 1955 թվին ես գրել եմ «Սահմանները ինձ խանգարում են։ Ինձ անհարմար է չիմանալ Բուենոս Այրեսը, Նյու Յորքը։  Ուզում եմ թրեւ գալ ինչքան պետք է Լոնդոնով, բոլորի հետ խոսել՝ թեկուզ կոտրվածով»։  Մեզ մոտ, դե տուրիզմ չկար․ ո՛չ մենք էինք իրենց մոտ գնում, ո՛չ իրենք մեզ մոտ։ Խորհրդային Միությունը փակ երկիր էր։

Չհաշված  միայն, երեւի, 1957֊ի երիտասարդության փառատոնը։   Ես երջանիկ եմ, որ այն վաղ շրջանի բանաստեղծությունը իրականության եմ վերածել  դառնալով ժողովրդական պատգամավոր, եւ բազում անգամներ ելույթ ունեցել մեր քաղաքացիներին նվաստացնող  «ելքի հանձնաժողովների» դեմ, որոնք ստուգում էին քաղաքացիների չեզոքությունը, որոշելու՝ թույլ տալ նրանց արտասահման գնալ, թե ոչ։

Նրանում, որ մեր երիտասարդները հիմա նույնիսկ չգիտեն, թե ինչ բան է «ելքի հանձնաժողովը», կա նաեւ իմ լուման։ Նրանք արդեն վանդակի բալիկներ չեն։ Ամեն ինչ միայն իրենցից է կախված․ ով կլինեն՝ գազանացած մարդատյացներ, թե եղբայրության իմաստուն այգեպաններ։ Նրանք չեն ունենա այն բարդույթը, որ մնացած աշխարհը գողացված է իրենցից։ Նրանք կարող են այն ճանաչել, առանց իդեալականացնելու եւ առանց դիվականացնելու։ Նրանք պիտի հասկանան, թե ինչքան շատ էներգիա է պահանջվում եկող սերունդներից մեր Երկիր մոլորակը վերակառուցելու համար։ Ու եթե նրանք այդ էներգիան ներդնեն, ապա նրանց սրտերում տեղ չի լինի ձանձրույթին  ― մեր երեխաներին  ամենասարասափելի այլասերողներից մեկին։

Բնօրինակը

թարգմանությունը՝ ես

Բրոդսկի․ Նոբելյան ճառ

Եթե նույնիսկ արվեստը մի բան սովորեցնում է (եւ վարպետին առաջին հերթին), ապա հենց մարդկային գոյության մասնավորություն։ Լինելով մասնավոր սեփականության առավել հին եւ տառացի ձեւ, այն կամա֊ակամա խրախուսում է մարդու մեջ նրա իսկ ինքնատիպության, յուրօրինակության, առանձնության զգացումը, դարձնելով նրան սոցիալական կենդանուց անձ։

Շատ բան կարելի է կիսել․ հացը, անկողինը, համոզմունքը, աղջկան, բայց ոչ բանաստեղծությունը։ Արվեստի գործը, գրականությունը հատկապես ու բանաստեղծությունը մասնավորպես դիմում են մարդուն tête-à-tête մտնելով նրա հետ առանց միջնորդի հարաբերությունների մեջ։ Հենց այդ պատճառով էլ համընդհանուր բարեկեցության կողմնակիցները, ժողովրդական զանգվածների առաջնորդները, պատմական անհրաժեշտության մունետիկները չեն սիրում արվեստը ընդհանրապես, գրականությունը հատկապես ու բանաստեղծությունը մասնավորապես։
Քանզի այնտեղ, որտեղով անցել է արվեստը, որտեղ կարդացվել է բանստեղծություն, նրանք սպասված համաձայնության եւ միակարծության փոխարեն հանդիպում են անտարբերության ու տարակարծության, վճռական գործողությունների փոխրեն հանդիպում են անուշադրության ու նողկանքի։
Այլ կերպ ասած, զրոները, որոնց ձեռքերով գործում են համընդհանուր բարեկեցության կողմնակիցները, ժողովրդական զանգվածների առաջնորդները, պատմական անհրաժեշտության մունետիկները, արվեստը ներգրում է «կետ ֊ կետ ֊ ստորակետ գծիկ»֊ով, վերածելով յուրաքանչյուր զրոն թող ոչ միշտ գրավիչ, բայց մարդկային դիմագծի։

Ամբողջը

Թարգմանություններ

Ուրեմն․

Քանի որ մենք չունենք մասնագիտական գրականություն հայերենով, ու մեր դասախոսները ու գիտնականները չեն ուզում ջանք դնել, ու թարգմանել, ապա եկեք դա անենք ինքներս, քանի որ դրա բացակայությունից առաջին հերթին տուժում ենք մենք։

Առաջարկում եմ, կազմենք մասնագիտական թիմեր, մոտ մի 10 հոգանոց, քննարկենք, թե մեր մասնագիտության ասպարեզում որ գրքերն են ամենակարեւորը, ու սկսենք դրանք թարգմանել։
Խմբերի վրա բաժանվելով մի մարդու վրա չի ընկնի նյութի մեծ ծավալ, ու հետեւաբար գործը շատ ժամանակ չի տանի։ Մի գրքի թարգմանության համար հատկացվող ժամանակն էլ կլինի խելամիտ։

Նաեւ կարող ենք թարգմանել առանձին կարեւոր հոդվածներ, որոնցից, գուցե, մեր դասախոսներն էլ անգամ տեղյակ չեն։

Նաեւ, մենք ունենք տերմինների ու դրանց թարգմանության հետ կապված խնդիր, հայերենի նորացման, ու ժամանակակից լեզու դարձնելու խնդիր, այնպես որ, ՄԻԱՑԵՔ։

Այս գործը իրականացնելու համար մեզ պետք են ինչքան հնարավոր է շատ մարդ, անկախ մասնագիտությունից, ով ունի ինչ֊որ քանակի ազատ ժամանակ եւ ցանկություն մասնակցելու թարգմանության, ու հայերեն մասնագիտական գրականության ստեղծման գործին։

Ցանկացողներին խնդրում եմ, Անձնական հաղորդագրություն ուղարկել իմ մեյլին, ֆեյսբուքում կամ պարզապես մեկնաբանել այս գրառման տակ։

Դանիիլ Խարմս․ թարգմանություն

թարգմանությունը՝ ես

Պատահար փողոցում

Մի մարդ թռավ տրամվայից, բայց այնքան անհաջող,
որ մեքենայի տակ ընկավ։ Երթեւեկությունը կանգ առավ, ու ոստիկանը
անցավ պարզելու դեպքի պատճառները։ Վարորդը ինչ֊որ
բան էր երկար
բացատրում՝ մատով ցույց տալով անիվները։ Ոստիկանը շոշափեց անիվները
ու գրքույկում գրեց փողոցի անունը։ Մարդիկ սկսեցին հավաքվեցին։
Մարած հայացքով ինչ֊որ մեկը անընդհատ գլորվում էր ուղեսյունից ներքեւ։

Ինչ֊որ կին հա զննում էր մի այլ կնոջ, որն էլ իր հերթին,
հա զաննում էր առաջինին։ Հետո մարդիկ ցրվեցին, ու
երթեւեկությունը վերկանգնվեց։
Մարած հայացքով մարդը, դեռ երկար գլորվում էր ուղեսյունից ներքեւ,
բայց ի վերջո, նա էլ, հիասթափվեց ուղեսյան վրա հաստատվելու մտքից, ու
պառկեց մայթին։ Այդ պահին, ինչ֊որ մեկը, որ աթոռ էր տանում, ողջ
թափով հայտնվեց տրամվայի տակ։
Նորից եկավ ոստիկանը, նորից մարդիկ հավաքվեցին , ու
երթեւեկությունը նորից ընդհատվեց։ Ու մարած հայացքով մարդը
նորից սկսեց գլորվել ուղեսյունից ներքեւ։ Բայց հետո, ամեն ինչ
հանդարտվեց, ու նույնիսկ Իվան Սեմյոնովիչ Կարպովը թեքվեց դեպի ճաշարան։

* * *

Երբ կինը ինչ֊որ տեղ մենակ է գնում, ամուսինը վազվզում է սենյակով մեկ,
ու տեղը չի գտնում։
Ամուսնու եղունգները ահավոր երկարում են, գլուխը ցնցվում է, ու երեսը
մանր սեւ֊սեւ կետերով է ծածկվում։
Հարեւանները մխիթարում են լքված ամուսնուն, ու կերակրում նրան խոզի կերով։
Բայց լքված ամուսինու ախորժաակը փակ է, ու նա միայն դատարկ թեյ է խմում։
Այդ ժամանակ, նրա կինը լողում է լճում, ու պատահաբար ոտքը փխում է
ստորջրյա կոճղին։ Կոճղի տակից դուրս է լողում գայլաձուկը, ու կծում
կնոջ ոտնաթաթը։ Կինը ճչալով դուրս է թռնում ջրից, ու վազում դեպի տուն։
Կնոջն ընդառաջ վազում է տանտիրուհու աղջիկը։ Կինը աղջկան ցույց է տալիս
վնասված ոտքը, ու խնդրում վիրակապել։
Երեկոյան կինը ամուսնուն նամակ է գրում, ու մանրամասն նկարագրում
իր չարարկածը։
Ամուսինը կարդում է նամակը, ու այն աստիճանի է հուզվում, որ ձեռքից
գցում է բաժակը, որը ընկնելով փշուր֊փշուր է լինում։
Ամուսինը հավաքում է բաժակի կտորտանքը, ու վնասում է ձեռքը։
Վիրակապելով վնասված մատը, ամուսինը նստում է ու կնոջը նամակ գրում։
Հետո դուրս է գալիս փողոց, որ գցի նամակը փոստարկղ։
Փողոցվում ամուսինը գտնում է ծխախոտի տուփ՝ մեջը 30.000 ռուբլի։
Ամուսինը արտահերթ հետ է կանչում կնոջը, ու նրանք
ապրում են երջանիկ։

* * *

Օլգա Ֆորշը մոտեցավ Ալեկսեյ Տոլստոյին ու ինչ֊որ բան արեց։
Ալեկսեյն Տոլոստոյն էլ ինչ֊որ բան արեց։
Այդ պահին Կոնստանտին Ֆեդինը եւ Վալենտին Ստեվիչը դուրս թռան բակ՝
հարմար քար փնտրելու։ Քար, նրանք չգտան, փոխարենը բահ գտան։
Կոնստանտին Ֆեդինը այդ բահով հարվածեց Օլգա Ֆորշի քիթմռթին։
Այդ ժամանակ Ալեկսեյ Տոլստոյը մերկացավ, ու Ֆոնտանկա դուրս գալով,
ձիու պես հռհռաց։ Բոլորն ասում էին․ «Ահա՜, հռհռում է ժամանակից
գրողը»։ Ու ոչ ոք Ալեկսեյ Տոլստոյին ձեռք չտվեց։

*Դանիլ Խարմս, ԽՍՀՄ գրողների միության առաջին հավաքի կապակցությամբ

* * *

Անդրեյ Սեմյոնովիչը թքեց ջրով լի բաժակի մեջ։ Ջուրը անմիջապես սեւացավ։
Անդրեյ Սեմյոնովիչը կկոցեց աչքերը, ու սեւեռուն նայեց բաժակի մեջ։
Ջուրը շատ էր սեւ։ Անդրեյ Սեմյոնովիչի սիրտը սկսեց բաբախել։
Հենց այդ ժամանակ էլ Անդրեյ Սեմյոնովիչի շունը զարթնեց։ Անդրեյ Սեմյոնովիչը
մոտեցավ պատուհանին ու տարվեց մտքերով։
Հանակարծ, ինչ֊որ մեծ ու սեւ բան անցավ Անդրեյ Սեմյոնովիչի դեմքի
մոտով, ու դուրս թռավ պատուհանից։ Անդրեյ Սեմյոնովիչի շունն էր, որ
թռավ պատուհանից, ու ագռավի պես մղվեց դիմացի շենքի տանիքին։
Անդրեյ Սեմյոնովիչը չորեքթաթվեց ու ոռնաց։
Ներս վազեց ընկեր Պոպուգայեվը։
― Ձեզ ի՞նչ պատահեց։ Հիվա՞նդ եք,― հարցրեց ընկեր Պոպուգաեվը։
Անդրեյ Իվանովիչը լռում էր, ու ձեռքերով տրորում երեսը։
Ընկեր Պոպուգայեվը նայեց բաժակի մեջ, որ սեղանին էր։
― Իսկ ի՞նչ է բաժակում, ― հարցրեց Անդրեյ Իվանովիչին։
― Չգիտեմ, ― ասաց Անդրեյ Իվանովիչը։
Պոպուգայեվը վարկենական անհետացավ։ Շունը թռավ պատուհանից ներս, պառկեց
իր հին տեղն ու քնեց։
Անդրեյ Իվանովիչը մոտեցավ սեղանին ու դատարկեց բաժակը սեւացած ջրից։
Ու Անդրեյ Իվանովիչի հոգին պայծառացավ։

Հարց

― Կա՞ ինչ֊որ բան Երկրի վրա, որը նշանակալի լիներ, ու իրերի ընթացքը
փոխեր ոչ միայն Երկրի վրա, այլ նաեւ այլ աշխարհներում, ― հարցրի ես
ուսուցչին իմ։
― Կա,―պատասխանեց իմ ուսուցիչը։
― Եւ ի՞նչն է դա,― հարցրի ես։
― Դա․․․ ,― սկսեց ուսուցիչս, ու հանկարծ լռեց։
Ես կանգնել ու լարված սպասում էի նրա պատասխանին։ Իսկ նա լռում էր։
Եւ ես կանգնել լռում էի։
Եւ նա լռում էր։
Եւ ես կանգնել էի ու լռում էի։
Եւ նա լռում էր։
Մենք երկուսս կանգնել ենք ու լռում ենք։
Հո֊լա֊լա՜
Մենք երկուսս կանգնել ենք ու լռում ենք։
Հե֊լե֊լե՜
Հա հա, մենք երկուսս կանգնել լռում ենք։