Amores Perros

Նայեցի Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտույի «Amores Perros»-ը։ Ահագին ծանր նայվեց շների կռիվների պատճառով։
Ֆիլմում 3 տարբեր պատմություններ են, նույն Մեխիկոյի կյանքի «տարբեր կողմերը» ու պատմությունները հատվում ու իրար հետ կապվում են մի ավտովթարով։ Դիտողին հենց ֆիլմի սկզբից Գոնսալես Ինյարիտուն ցույց ա տալիս ավտովթարի պահը, ու սկզբում՝ նայելուց մտածում էի, ո՞նց ա ֆիլմը կենդանի պահելու, չէ՞ որ ես արդեն սպասում եմ, հա սպասում եմ էդ ավտովթարին։ Ու միջանկյալ իրադարձություններին կարող ա ուշադիր ու տենց հետաքրքրությամբ չհետեւեմ։ Ոնց որ ռեժիսորն ինքը սփոյլի կինոն։ Բայց հետո կպցնում ա էկրանին, ու մի պահ նույնիսկ մոռանում ես ավտովթարի մասին։ Հետո, երկրորդ էպիզոդը լրիվ անմեղ ա սկսում ու մտածում եմ, որ լավ ա անում, որ ավելի շուտ ա ցույց տալիս ավտովթարը։ Մի քիչ պատրաստված ես լինում․ անսպասելիությունը շատ ավելի խոցելի ա դարձնում դիտողին, առանց էդ էլ ֆիլմի դրվագներում անսպասելի վատ բաները շատ-շատ են։

Օկտավիո եւ Սուսաննա

Առաջին պատմությունը Օկտավիոյի ու Սուսաննայի մասին ա․ Սուսաննան Օկտավիոյի մեծ ու թաղում հեղինակություն ունեցող եղբոր՝ Ռոդրիգոյի կինն ա։ Ֆիլմի սկզբում Ռոդրիգոյի բացասական լույսի տակ սկսում ես համակրել Օկտավիոյին, ով փորձում ա Ռոդրիոգոյի ծեծից ու ստորացումներից փրկի Սուսաննային․․․ դե փրկչի դերը միշտ էլ լավ ա ուտվում, ու էդ ընթացքում Սուսաննայի՝ իրան օբյեկտի պես պահելը, աչքից վրիպում ա։ Թվում ա, թե աղջիկը առնվազն դեմ չի Օկտավիոյի հետ փախնել։ Բայց հետո աղջկա բախտը բացվում ա՝ Ռոդրիգոյին սպանում են։ Օկտավիոն էլ կպնում ա ծտին թե՝ միասին փախնենք։ Ու ստեղ ուզում ես ասես՝ ապեեեր, դու իրա ինչի՞ն ես պետք։ Ինքը եթե քո հետ փախներ էլ, փախնելու էր Ռոդրիգոյից պրծնելու համար միայն․․․ ու դե կարող ա փողի, որ երեխեքին պահող կլինի։ Բայց դա լինելու էր ժամանակավոր։ Հիմա, երբ Ռոդրիգոն չկա, իրան էլ փախնել պետք չի, հանգիստ կապրի Ռոդրիգոյի տանը։ Ինչ ա եղել, որ։ Բայց ստեղ բացվում ա նաեւ Օկտավիոն, իրա մեջ մեկ ա մաքուր բան կա, որովհետեւ ինքը հավատացել ա, որ Սուսաննան սիրում ա իրան, որ անկապ չի քնում հետը։ Խեղճ տղա։ (Ու կապ չունի, որ ինքն իր պլաններում շատ հեռու էր գնացել, բայց Սուսաննան երբ լսել էր դրանք, չէր ասել՝ չէ, չի լինելու տենց բան։ Առնվազն չէր ժխտել․․ դե ինչ աներ խեղճ տղան)։ Ու Սուսաննան Ռոդրիգոյի թաղման ժամանակ, երբ Օկտավիոն մոտենում ա իրեն, որ հարցնի՝ միասին գնում են, թե չէ, նենց ա պատասխանում՝ ինչպե՞ս կարող ես էս պահին դրանից խոսել, ոնց որ ինքն անմեղության մարմնացում ա։ Ոնց որ ինքը չէր Ռոդրիգոյի սենյակում Օկտավիոյի հետ քնում։ Իսկ Ռոդրիգոյի մեռնելուց ի՞նչ ա փոխվում։ Ոչ մեկ մեռնելուց հետո ավելի լավը չի դառնում։ Հա, ճիշտ ա, ծեծել չի կարող :)) Օկտավիոն իրա զգացմունքներում ավելի անկեղծ ա, ու բնականաբար եղբոր մահը իրա համար ոչինչ չի փոխում։ Իսկ Սուսաննայի համար փոխում ա, ու դա նրանից չի, որ Սուսաննան ավելի «բարոյական» ա։ Բարոյականությունը միշտ էլ կռուտիտ ա, ինչ֊որ ուրիշ մոտիվներ թաքցնելու համար։ Թե ինչ մոտիվ վերեւում գրել եմ։

Դանիել եւ Վալերիա

Դանիելի ու Վալերիայի պատմությունը ավելի սովորական ա։ Ամուսնացած տղամարդ 40-ականներում, ջահել սիրուն անիմաստ ծիտ Վալերիան՝ սիրուհին։ Վալերիայի զանգել լռելը Դանիելի տուն, երբ կինն էր հեռախոսը վերցնում, էդ դրվագը էնքան հաճախ եմ կինոյում տեսել, որ մտածում եմ՝ երեւի մենակ կինոյում ա նման բան լինում։ Բավականին ծեծված դրվագ էր։ Ու հետո էլ, երբ Դանիելն ու Վալերիան սկսում են միասին ապրել ու դժվարություններն էլ հետն են գալիս, հիմա էլ զանգում են, ու Վալերիան ա հեռախոսը վերցնում՝ լռում են, Վալերիայի էդ պանիկան, ամեն ինչը, էլի բավականին ծեծված էր։ Ինձ թվում ա, որ էս պատմության մեջ ավտովթարը ավելորդ էր, ուղղակի կյանքի դժվարություններին բախվելու արագ ու էֆեկտիվ ձեւ էր․ աղջիկը վթարից հետո ահագին ժամանակ չի քայլում, պոստտրավմատիկ դեպրեսիա, ինքնասպանության անհաջող փորձ, որի հետեւանքով կորցնում ա մի ոտքը։ Ֆիլմը նոր եմ նայել, բայց հիմա էլ չեմ կարողանում հիշեմ՝ Դանիելը թողե՞ց Վալերիային, թե չէ՞ ։ՃՃ Երեւի ֆիլմում չթողեց, բայց իմ գիտակցության մեջ թողել ա։ Չգիտեմ Գոնսալես Ինյարիտուն էդ պատմությունը մինչեւ էդտեղ պատմել ա, թե կիսատ ա թողել, բայց իմ համար տրամաբանական շարունակությունը էդ ա։
Էս պատմության ամենահետաքրքիր հատվածը, այնուամենայնիվ, շունն ա ու էդ զարմանալի անտարբերությունը, որ ունի Վալերիան իր շան հանդեպ։ Ի՞նչ ա նշանակում մի քանի օր մնում ա էդ փոսի մեջ, դու էլ էնտեղ առնետ ես տեսնում ու չե՞ս քանդում ամբողջ հատակը։ Ո՞նց ա հնարավոր տենց բան։ Էդ հիստերիայի պես բռնկումներով շանը հիշելը շատ սառը ու տհաճ էր։ Ոնց որ հիշեր մենակ էն ժամանակ, երբ իրան զգում էր էդ շան նման, էդ նույն կարգավիճակում՝ լքված ու մենակ որպես սրտակից։ Հետո էլի թողնում գնում էր։ Չգիտեմ, շատ անսիրտ աղջիկ դուրս եկավ Վալերիան :)))

Էլ Չիվո եւ Մարու

Էս պատմությունը իմ տեսակետից ամենահետաքրքիրն ա, ու Էլ Չիվոն ինձ ամենադուրեկան կերպարն էր բոլորից։ Երեւի էս հատվածի մասին ամենաքիչը կգրեմ, բայց շների, փողի, իր աղջկա հանդեպ վերաբերմունքը աննկարագրելի մոտիկ էր ինձ։ Ու էդ երկուսին էլ որ թողեց իրար հետ հաշիվները պարզեն, շատ սիրուն քայլ էր։ Վարձու մարդասպանը ավելի լավ ի՞նչ կարա անի։ Հա, ու կերպարի էդ հակասականությունը՝ մի կողմից փողով սպանող (ճիշտ ա, բացատրվում ա, որ իրեն, փաստորեն, ներքաշել են դրա մեջ), մյուս կողմից շների մասին էդքան հոգացող, չի տեղավորվում պատկերացմանս մեջ։

Երեւի էսքանը։
Հա, ու ֆիլմը թույն սաունդթրեքեր ունի, մեքսիկական ռոքը շատ լավ ա գնում հետը։

ֆոտո

էսօր երազիս սիրուն ֆոտո էի տեսել։ ուրեմն քայլում էի Չարբախի կողմերում, մեկ էլ տեսնեմ մի հատ մեծ ավտոտնակ ա՝ բարձր առաստաղով, մեջը երեխաներ են գնդակ խաղում, լվացք ա փռած ու շուն ա վազվզում գնդակի հետեւից։ ավտովնակն էլ շատ պայթած էր, ոնց որ ասենք Սթիվ Մաքքարիի ֆոտոներից լիներ։ վերջ գույներով։ ափսոս երազ էր։

Մ․Հ․Շ․ ու Ա․

Տունը աղմկում ա։ Պատերն են ճռռում երբեմն, երբեմն դռները, երբեմն սեղանը։ Երեւի խոսում են իրար հետ, որ մենակությունից չգժվեն։ Երեկ էլի գնացել էի հողամաս։ Մեր փողոցում կա մոտավորապես 40 տուն (ամենաքիչը) ու ոչ մի տանը մարդ չկա։ Կատարյալ դատարկություն։ Ուրիշ փողոցներում գոնե մեկ երկու տանը լույս էր վառվում, իսկ մեր փողոցից նույնիսկ շներն էին գնացել։ Էլի հաց էի վերցրել հետս, որ եթե շներին հանդիպեմ, կերակրեմ ու էդ լեվըլը անցնեմ։ Էնտեղ տենց ա, երբ փոքր էի հայրս որ գնում էր հողամաս ձմռանը, վերցնում էր հետը հաց ու նոր էր գնում։ Ճանապարհին սոված շները շրջապատում էին, ինքն էլ կերակրում էր շներին ու շներն իրեն մինչեւ տուն ուղեկցում էին, որ շների այլ խումբ չմոտենա հորս։ Էն ժամանակ հողամասի մեր փողոցում ապրում էր Անդոն։ Անդոն հարբեցող էր, ու կինը տնից դուրս էր հանել, ինքն էլ եկել ու ապրում էր հողամասի իր տանը։ Նոր տարին ամենատխուրը անցնում էր Անդոյի համար, որովհետեւ հողամասի լռությունը տոներին հատկապես ա զգացվում։ Մի տեսակ մեռելային լռություն ա, որ հա ուզում ես անցնի, որ մի ինչ֊որ աղմուկ միջամտի, բայց շների հաչոցից բացի ուրիշ ոչ մի ձայն չի լսվում։ Իսկ շներն էլ սովից ու մենակությունից են հաչում ու ավելի շուտ կաղկանձ ա հիշեցնում, քան հաչոց։ Բայց տոներին շների հաչոցն ա նույնիսկ հեռանում հողամասերից, որովհետեւ շները տոներին գնում են գյուղ, որտեղ, իհարկե, գյուղի շները հալածում են մեր հողմասերի շներին, բայց մարդիկ, որ տոներին մի քիչ ավելի բարի են դառնում՝ իհարկե ալկոհոլի ազդեցության տակ, մեկ֊մեկ կերակրում են հողամասերի շներին ու սրանք ձմեռը մի կերպ անց են կացնում։ Ոհմակից մի 3-4 շուն մինչեւ գարուն չի ապրում, բայց ոհմակը դա չի նկատում, որովհետեւ միշտ նորերն են ավելանում։ Շները մեր հողամասեր իրենց ոտքով ու բարի կամքով չեն գալիս, հիմնականում դրանք ցեղական շներ են, ում տերերը բերել ու թողել են էստեղ։ Ցեղական շներին հատկապես դժվար ա լինում դիմանալ առաջին ձմեռը, որովհետեւ իրենք սովոր չեն կյանքի էդ պայքարին, ցրտին, սովին։ Եթե առաջին ձմեռը անցկացրեց ցեղական շունը, ուրեմն երեւի կապրի։ Էդ շների աչքերում էնքան մերժվածություն կա․ ամեն մեկն իր պատմությունն ունի, ամեն մեկին ինչ֊որ պատճառով տնից հանել են։ Մեկի տանը երեխա ա ծնվել, մեկը համարել ա, որ շունը շատ ա ուտում, ծախսը շատ ա լինում, մեկը լսել ա, որ իր շունն էնքան էլ ցեղական չի, մաքուր արյուն չունի, ու սենց, ամեն մեկը մի խիստ կարեւոր պատճառով տնից դուրս ա հանել ու բերել մեր հողամասերում շպրտել իր շանը։ Բայց շեղվեցի․․․
Էն ժամանակ, երբ Անդոն դեռ կար, հողամաս ձմռանը գնալը բոլոր հարեւանների պարտականությունը ոնց որ լիներ։ Պատճառ էին բռնում, թե գնանք, մի հատ էլ հարեւաններով նշենք նոր տարին, բայց իրականում գնում էին, որ Անդոյին տեսնեն։ Իրական պատճառը նույնիսկ իրար չէին խոստովանում, բայց ամեն մեկն էլ մտքում ասում էր՝ տեսնես հո չի մեռել էս ձմեռ։ Անդոն ոնց որ մեր փողոցի ցեղական շունը լիներ, ում տնից հանել էին ու բերել-շպրտել հողամասում։ Հիմա Անդոն չկա։ Չկան նաեւ էն շները, ում ես փոքր ժամանակ միշտ հանդիպում էի։ Նույնիսկ էն շեկլիկը չկա։ Լրիվ նոր շներ են հիմա պտտվում հողամասերում, բայց մեր փողոց էլ չեն բարձրանում, լրիվ նոր շներ են հիմա սովից վնգստում հողամասերում։
Իսկ Սիցիլիայի տանը նոր մարդ չի ապրում։
Իսկ Արմինեի տանը (ում հողամասում Զոքանչ էին ասում) նոր մարդ չի ապրում։
Իսկ Անդոյի տանը նոր մարդ չի ապրում։

թափառական շներին վնասազերծելու մասին

«Մի թափառական շանը վնասազերծելու համար միջինում  200.000 դրամ»։

― ուզում եմ տենց քաղաքապետ, ով որ թափառական շներին չի սպանի

― իրանց եվրոպայում հավաքում են պիտոմնիկներ, չեն սպանում, բայց փողոցում էլ չեն թողնում։

Իսկ ես չեմ ուզում եվրոպայի նման։ Ուզում եմ, որ մեր բակում նստած լինի մեր բակի շունը, ու որ ամեն անգամ տնից դուրս գալուց թռնի վրաս։ Որովհետեւ շները մեր քաղաքի մի կարեւոր մասն են իմ համար։

― բայց իրանք անհանգստություն են պատճառում քաղաքացիներին։

Դե հա։ Քաղաքացիներին անձրեւն էլ ա անհանգստություն պատճառում։ Տենց սիրուն հագնվել ես, մի տեղ ես ուզում գնալ, մեկ էլ՝ անձրեւ, ու վերջ։ Կամ ագռավները։ Գնում ես օպերա, իսկ հենց օպերայի մոտ գլխիդ 15.000 դրամանոց պրիչյոսկայի վրա ծռտում են։ Եկեք իրանց էլ սպանենք։ Ու բոլոր թռչուններին էլ սպանենք։ Ի՞նչ կա որ։

Իսկ շները ո՞ւմ են անհանգստություն պատճառում։ Հիստերիկ աղջիկներին, որ հազար մետրից ծառն են թռնում շուն տեսնելուց, էն էլ լավ ա, կվազեն, մի քիչ «սպորտով կզբաղվեն»։

Ու ընդհնարապես, թափառական շունը մարդու չի կծում, քանի որ մեծացել ա մարդկանց մեջ, ու եթե իրեն չփես՝ չի կծի։ (մեկ էլ կատաղության դեպքում կկծի, բայց տենց բան շատ հազվադեպ ա պատահում, ու կատաղություն կարող ա տան շունն էլ հիվանդանա)։ Իսկ որ մարդո՞ւն խփես չի՞ «կծի»։

Մարդկանց վրա հարձակվում՝ կծում են կապած շները, եթե կապը կտրում են։ Այնպես որ զգուշացեք կապած շներից, իսկ թափառական շները քաղաքի շներն են, ու «վնասազերծել» պետք չի։

անկապ համար 6

she’s not a girl, who misses much 

Լապտերը արագ֊արագ վառվում֊հանգում էր։

Մեքենան աչքով էր անում լապտերին, որի տակ կանգնած էր, իսկ մեքենայի մեջ նստած աղջիկն ու տղան արագ֊արագ․․․

Բայց պատմությունը նրանց մասին չի, այլ շան, որ այդ պահին միզում էր մեքենայի անիվին։

Շեկոն, Սեւուկը, Կաղն ու Ականջը։

Շունը պառկած էր անշարժ, թաց էր շունը, քրտնած, ․․․
Պառկած չէր շունը։ 
Քնած չէր շունը։ 
Քրտնած չէր։ 
Արյունը չէր հոսում։

Քաղաքի շուն էր, մեքենա չուներ, բայց․․․․

Շեկոն մեռավ Իսակովի պողոտայի վրա, երեկոյան իննին, ոսկոր էր քարշ տալիս բունը։ Խնամքի տակ ուներ երեք անչափահաս ձագ։

Սեւուկը մեռավ Բաղրամյանի վրա, առավոտյան, գնում էր աշխատանքի։ Խնամքի տակ ուներ հինգ անչափահաս ձագ։

Կաղը մեռավ Թբիլիսյան խճուղում, ոչ ոք չգիտի երբ։ Երեխաները խոպան են գնացել, թաղող չեղավ։

Ականջը մեռավ տուն գնալու ճանապարհին՝ Կոմիտասի վրա։ 

Շարադրություն․ Եթե ես շուն լինեի

 Մեզ տալիս էին գրել շարադրություն «եթե ես նախագահ լինեի» թեմայով, իսկ ես ուզում էի գրել «եթե ես շուն լինեի»֊նով։ Այնպես որ, գրում եմ՝
Սաթենիկ Պետրոսյան
ԵՊՀ, ԻԿՄ, 4֊րդ կուրս, 1ին հոսք։
Եթե ես շուն լինեի
(շարադրություն)
 Շուն եմ, պառկած եմ արեւի տակ, գլուխս մտցրել եմ թաթիս տակ՝ որ արեւը աչքերիս չլինի։ Բակում եմ պառկած, բայց մի քիչ հետո արեւը շուռ կգա, կգնամ փողոցի կողմում կփռվեմ, ու մեկ֊մեկ անցնող մեքենաների վրա կհաչամ։ Սիրում եմ մեքենաներ, հետները խաղում եմ, վազում հետեւներից, հաչում եմ, չեն հաչում վրաս։
 Մարդկանց հետ աշխատում եմ լավ լինել, բայց զարմանալին են, համ ժպտում են, համ չեն ուզում թռնեմ վրաները։ Ես էլ սիրում եմ թաթերս դնել նրանց գիրկը, տենց ավելի մոտիկ եմ զգում։ Ժպտում են, ժպտում եմ, բայց համոզված չեմ, որ հասկանում են, որ ժպտում եմ։ Անցյալ ամառ պոչս կտրել են, հիմա թափ տալս էլ չի գալիս, ամաչում եմ։ Որ բռնեցին, պոչս թաքցրի ոտքերիս արանքում, որ մտածեն չունեմ, բայց աչքներից չվրիպեց։ Հեհ։
 Մարդիկ մոռացող են։ Միշտ զարմանում եմ։ Առավոտյան սիրում են, երեկոյան արագ անցնում՝ իբր չեն ճանաչում։ Վազում եմ հետեւներից, մի երկու անգամ հաչում՝ ձայնս էլ չեն ճանաչում։ Հաջորդ առավոտ նորից լավ են լինում հետս։
 Մարդիկ կան, շներին տանն են պահում։ Համ խղճում եմ շներին, որ ստիպված են հասկանալ, թե էդ մարդը իրենցից ինչ է ուզում, համ էլ լավ է, անձրեւներից խուսափելու տեղ ունեն։ Թե չէ, մենք շենքերի մուտքերում ենք թաքնվում, բայց հիմա դռները փակ են։ Որ մտնում ենք, միանգամից դուրս են քշում։ Լավագույն դեպքում, առանց ոտքով խփելու։ Էդ ցրտին հաչալ էլ չի լինում, հաչում ես, հետո ձայնդ կտրվում է, ու տենց կտրված ձայնով որ հաչում ես, կատուներն էլ են ծիծաղում։
 Չեմ սիրում երեխաներին։ Որ պոչ ունեի, պոչիցս էին քաշում, հիմա մեկ֊մեկ քարով են խփում, կամ հենց մոտիկ եմ գնում, լացում են, ծնողները գալիս գոռում են վրաս։
 Մի անգամ, գիշերը հաչում էի, մի երեխա մտածեց՝ լիալուսին է, դրա համար եմ հաչում։ Ասում էր․
― Մա՛մ, տե՛ս, լուսնին է նայում հաչալուց։
Մի լավ ծիծաղեցի, որովհետեւ գիշերները հաչալուց միշտ էլ վերեւ եմ նայում, մարդիկ ինչ֊որ բաներ են շպրտում, երբ գիշերն եմ հաչում։ Մի տեսակ նյարդային են գիշերը, չեմ սիրում։ Հա, բայց էդ երեխան շատ ծիծաղելի էր։ Բայց հետո մեկ էլ վախեցա, մեկ֊մեկ մարդիկ նենց բաների են հավատում, որ, մտածեցի ավելի լավ է փախնեմ, քանի շուտ է։
 Գիշերները նենց լավ է,  մարդիկ քիչ են, մեքենաները քիչ են, մենք ենք ու մենք։ Աղբարկղերն էլ են մերը։ Վազում ենք ազատ, իրար հետ տոպրակ քաշքշում։ Մեկ֊մեկ ինչ֊որ բաներ չենք կիսում, բայց ոչինչ, դիմանում ենք։ Շան հետ կռվելը ավելի հեշտ է, քան մարդու։ Շան հետ օրենք կա։
 Ասում են, էն, որ երեխաներին վախացնում են, թե մեշոկ պապին կգա կտանի, էդ իրականում գալիս է, բայց շներին է տանում։ Չգիտեմ, չեմ տեսել, բայց հավատում եմ, զգույշ եմ լինում, մարդուց ամեն ինչ սպասելի է։ Որ իրար հետ են տենց, բա մեզ հետ ոնց կլինեն։
 Բա մի անգամ, անցնում էին երկու հոգի, մեկ էլ մեկը ասեց․ «Այ շան տղա», ես էլ իմ համար պառկած էի արեւին, գլուխս բարձրացրի, նայում եմ, մերոնցից չի։ Չէ, շատ անհասկանալի են։
 Հա, մեկ էլ չեմ սիրում, որ անցնում են կողքովս ու էն սովետական անուններն են տալիս՝ Շարիկ։ Ես ձեզ ի՞նչ Շարիկ, սովետը արդեն քանդվել է, էլ Շարիկներ չկա՜ն։ Վերջին Շարիկը տասը տարի առաջ մեռավ։ Էհ, լավ շուն էր։
 Հիմա գնում ես էս բակից, կողքի բակի շներից լսել եմ, որ շուն տանողները մեր կողմերում են երեւալու։ Անհանգիստ եմ, որ լուրը սխալ կլինի, ու իմ բացակայության ընթացքում ինչ֊որ ուրիշ շուն իմ աղբարկղերում կլինի, հետո մինչեւ նորից տարածքս նշեմ, հոգիս կգնա։ Բայց դե, ավելի լավ է տենց, քան բռնվեմ։ Դե՛հ, գնացի՜։
 Էս կյանքի չի, որ մենք ենք ապրում։