Հարաբերությունների սկիզբ եւ վերջ

Ուրեմն․

Հարաբերությունների ավարտի մասին մարդիկ սովորաբար երկար են մտածում։ Թե ո՞նց եղավ, որ բաժանվեցին, բա ինչի՞ ու տենց բաներ։

Նախ ասեմ, որ ես խորապես համոզված եմ, որ մարդիկ հարաբերություններից հետո (այսուհետ հարաբերություն ասելով կհասկանանք լուրջ հարաբերությունը) լինում են ավելի լավը, քան առաջ։ Միշտ։ Ապա ուրեմն ի՞նչն է պատճառը բաժանվելու։

Երկու մարդն  էլ հարաբերության մեջ զարգանում են։ Բայց զարգացման սպասումը ավելին է։ Օրինակ, եթե դու սովորել ես ասենք այդ հարաբերության ընթացքում  Ա նոր բանը, ապա դրա համար դու կոպիտ ասած, դիմացինի աչքում կստանաս + մի ինչ-որ քանակի ժամանակով, որից հետո, արդեն քո սովորած Ա-ն այլեւս էդպիսի արժեք չի ունենա։ Կարիք կլինի նոր բան իմանալու։

Ինչպես գիտնականները։ Ասենք 25 տարեկանում պաշտպանում են թեկնածուականը, ու դրանից հետո, 40 տարի, ոչինչ չեն անում։ Ես կարծում եմ, որ նրանք գիտնական չեն։ Այդպես կոչվելու իրավունք չունեն։

Ու այո, մենք մարդկանցից միշտ սպասումներ ենք ունենում։  Որ այ, նա այսպիսին չէ, բայց ինչ-որ ժամանակ անց, գուցե դառնա այսպիսին։ Մենք դա կհամարենք զարգացում։ Որովհետեւ ինչ-որ այլ տեղում մենք տեսել ենք նրա զարգացումը ու հույս ունենք, որ դա այստեղ էլ կարտապատկերվի (ու եթե դա իրական զարգացում է , ապա միանշանակ կարտապատկերվի)։

Բայց հետո, մենք տեսնում ենք, որ մեր «հաշվարկներով», նա, որ  սովորել է Ա-ն, պետք է դրա պրոյեկտումը տեսներ  ասենք առօրյա կյանքում, պետք է քարը տեղից շարժվեր, բայց չէ, այդպես չէ։

Ու իհարկե պետք է հաշվի առնել, որ այն ծեծված, բայց ճշմարիտ միտքը, որ հարաբերությունների սկզբում, դուր է գալիս 0-ն, իսկ հետո, այդ նույն 0-ն կարող է նյարդերի վրա ազդել։ Ասենք այն, ինչ կարող է սկզբում ծիծաղելի թվալ, հետո, երբ տեսնում ես, որ դա օրինաչափություն է, էլ դուրս չգա։ Ու դա չի նշանակում, թե դու փոխվեցիր։ Հա, ինչ-որ բաներում փոխվում ես, բայց ոչ այդքան։

Բացի այդ, հարաբերությունները էտապներով են լինում, ինչի մասին մարդիկ նախապես չեմ իմանում, ու ամեն էտապից մյուսին անցնելը ծանր են տանում։ Էտապներում տարբեր պահանջներ կարող են ունենալ, ու տարբեր բաների կարիք։

Հոգեւոր հետամնացության մասին

Ուրեմն․
Մտավոր հետամնացության նման կա նաեւ հոգեւոր հետամնացություն։ Ու դա շատ ավելի բարդ է սահմանել։ Օրինակ, ես կարծումե եմ, որ այն մարդիկ, ովքեր ահավոր ծանր են տանում մահը, չեն համակերպվում դրա հետ ոչ մի կերպ, հոգեւոր հետամնաց են։
Հա, նրանք կարող են շատ լավ մասնագետ լինել, ահավոր հեռու լինել մտավոր հետամնացությունից։ Այդպես, ես երկար ժամանակ չէի հասկանում, ոնց կարող է ինչ-որ մեկը տենց հիանալի մաթեմի խնդիրներ լուծի, բայց կյանքից էդ աստիճան բան չհասկանա։ Իսկ դա բացատրվում է հենց իմ նշած հոգեւոր հետամնացությամբ։
Հոգեւոր հետամնաց մարդիկ, մի տեսակ կյանքից կտրված են, երբեմն կյանքը մերժող են՝ «դուք հիմարությամբ եք զբաղված»։
Նրանք, ինչպես նշեցի, կարող են լինել շատ լավ մասնագետ, կարող են լինել շատ ֆիլմեր դիտած, շատ կարդացած։ Բայց այդ ամենը, մի տեսակ մեխանիկորեն արած։ Չգիտեմ։ Որովհետեւ գրքերը կարդացել են, ու հավանել ըստ վարկանիշի մի ինչ-որ տեղ տեսած, կամ հեղինակի հայտնիության, իսկ որ նոր հեղինակ տաս, տեքստը վերլուծել կամ ասել գրողը լավն է թե չէ, չեն կարողանա։
Նույնը, երբ մարդը իրեն չի տեսնում, էլի՝ հոգեւոր հետամնաց է։
Բայց ուրեմն, ո՞նց է եղել, որ մասնագետ է դարձել։
Բավականին բարդ հարց է, ու ես իհարկե չեմ կարող մտավորն ու հոգեւորը իրարից բացարձակ առանձին դիտարկել։ Օրինակ, ինձ համար ավելի կարեւոր է տեսնել, թե մարդը ոնց է ինչ-որ բան սովորում, քան տեսնել, նա դա սովորեց թե չէ։ Որովհետեւ սովորելու ձեւը, իմ կարծիքով շատ-շատ է բնութագրում։ Ասենք նա պատմության դասը կարդում պատմում է՞, թե պարբերություն առ պարբերություն է կարդում ու պատմում, թե մի անգամ կիսատ-պռատ կարդում, թե մի անգամ նորմալ կարդում ու գնում։ Ու ես համոզված եմ, որ հոգեւոր հետամնաց մարդիկ, սովորելու ձեւով տարբերվում են։ Ասենք նրանց ավելի հեշտ է հիշել ինչ-որ բաներ, կարող է նույնիսկ, անցյալում սովորածի պաշարի հաշվին, ու քանի որ լավ հիշողություն ունենան, թվա, թե կիսաանգիր մեթոդներով չեն սովորում։
Հոգեւոր հետամնացներին հայտնաբերելը ավելի բարդ է, դրա համար էլ հոգեւորը մտավոր հետամնացությունից էլ վատ է։ Այն շատ դժվար է դուրս գալիս ջրի երես, մարդիկ մտածում են, բայց չէ՞ որ նա այնքան լավ քիմիա գիտի, ուրեմն խելք էլ ունի, ուրեմն կյանքում էլ կկիրառի։ Չէ, քիմիայի ասպարեզում խելք ունենալը չի նշանակում, որ կյանքում էլ կկիրառի։ Իսկ այ հակառակը պնդել կարելի է։ Ես չեմ հանդիպել այնպիսի մարդկանց, որ կյանքում տենց լավ կողմնորոշվեն, իսկ մասնագետ որպես կայացած չլինեն։ Որովհետեւ հոգեւոր զարգացածությունից բխում է նաեւ մտավոր զարգացածությունը, իսկ հակառակը, ցավոք, ճիշտ չէ։

Եղածը ընդունելու արվեստի մասին

Ուրեմն․
Մարդիկ սիրում են բողոքել կյանքից, մահից։ Նախ, ինչը ես չեմ հասկանում, դա մահը կյանքից անջատելու ցանկությունն է։ Ես կարծում եմ, որ մահը կյանքի մի մասն է, ու այն պիտի ընդունել, հնարավորինս հանգիստ։
Ու ամենասիրուն բանը, որ կա կյանքում, այն է, որ մի սենյակում ծեր մարդու դիակն է, մյուսում օրորոց․․․․
Կյանքը ընդունելը իր բոլոր կողմերով՝ ծնունդներով ու մահերով, ու դրանց արանքում ընկած այլ մանր ու մեծ իրադարձություններով, ամենամեծ բաներից է ինչ կարող է անել մարդը։ Կյանքը ընդունել իր անարդարություններով, ու գիտակցել, որ այն պահին, որ դու մտածում ես, որ քեզ հետ անարդար են վարվել, այդ անարդար վարվողը, իր հերթին, գուցե մտածում է, որ կյանքը իր հետ էլ է անարդար։ Չընդունելը կարծում եմ, գալիս է գրականության պակասից։ Հա, կյանքից ավելի իրական գրականությունն է։ Ու ընդունել կյանքը նշանակում է սիրել կյանքը։
Ընդունել, որ Երևանը այսպիսինն է, որ այստեղ կան քյառթեր, չքյառթեր, լավ մարդիկ ու ոչ այնքան, ու սիրել Երևանը իր այդ բոլոր մարդկանցող ու ոչ առանց իրենց, նշանակում է սիրել Երևանը։
Եվ նույնը մարդկանց սիրելու մասին։ Ընդունել մարդուն իր բոլոր բացասական կողմերով, գնահատելով նրա մեջ դրականները։ Ու հենց իմանալով այդ բացասական կողմերը։
Այնպես որ, մի վախեցեք ձեր բացասական հատկանիշներից, ու դրանք ցույց տալուն։ Նրան, ով ձեզ իրոք գնահատում է ու ընդունակ է գնահատել, դրանք երբեք չեն խանգարի։