Դովլաթովին չսիրելու մասին

չեմ սիրում Դովլաթովին․ (Բուկովսկուն չսիրելուս պատճառն էլ նույնն ա + պաթոս)։ Դովլաթովը ահավոր դեստրուկտիվ ա։ իրան ոչ մի բան պետք չի, ըստ էության, ոչ մի բան չի ուզում, ոչ մեկին չի ուզում։ չի գնահատում էն ինչ կա իրա կողքը։ չի գնահատում իրան սիրող մարդկանց։ ու չգիտես որտեղից ահավոր վստահ ա, որ ինքը թույն գրող ա, ու իրա պատմվածքները պետք ա տպվեն։ բայց ամենաշատը դուրըս չի գալիս էդ չգնահատելը։ անցյալը գնահատում ա՝ «Մերոնքում», բայց անցյալը գնահատելը մի մեծ բան չի առանձնապես (անմոռուկը վկա)։ իրան սիրող մարդկանց վերաբերվում ա նենց էլի՝ իմիջիայլոց․․․ ոնց որ հենց տենց էլ պետք ա լիներ, ոնց որ ինքը էն մարդն ա, ում պետք ա սիրեն։ իսկ ինքը՞։ իրանից ոչ մեկի հանդեպ սեր չես զգում առանձնապես, մենակ իրա պատմվածքներն ա սիրում ու ուզում տպվեն։ (ու ինչ֊որ էպիզոդներում էլ, երբ ինչ֊որ կին իրան ա սիրահարվում, ինքը ամեն կերպ փորձում ա ցույց տալ, որ էդ կնոջ կյանքում էլ ինքը ընդամենը հերթական մեկն ա, որ արդարացնի՝ իրա կյանքում էդ կնոջ ընդամենը հերթական մեկ լինելը։) հատուկ բան չտեսնելը, չզգալը իմհօ մեծ թերություն ա, շատ մեծ։ ու, իրականում, մենք ենք իմաստ դնողը, եթե մենք տեսանք ինչ֊որ մարդու մեջ հատուկ մի բան, ուրեմն ինքը կլինի հատուկ, իսկ եթե չկարողացանք, տենց էլ կմնա հերթական մեկը։ իսկ ես հավատում եմ էդ հատուկությանը՝ բոլորի։ Դովլաթովը չի հավատում։

Ճանճերի տերը․ կարծիք

Երեւի  արդեն մի շաբաթ կլինի, ինչ Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» գրքի ազդեցության տակ եմ։ Մի շնչով կարդացվող, բայց շատ տխուր ու ծանր գիրք է։ Կարդացի հայերեն՝ Արտաշես Էմինի փայլուն թարգմանությամբ․ էնքան լավն է թարգմանությունը, որ մեկ֊մեկ թվում էր, թե հայերենը հենց բնագրի լեզուն է։

Պատմությունը երեխաների մասին է, ովքեր ինչ֊ինչ պատճառներով ընկել են անմարդաբնակ կղզի ու փորձում են էնտեղ գոյատեւել։ Կարդալուց գիտեի, որ հորինված պատմություն է, բայց Գոլդինգը էնքան մանրամասն ու հետեւողական էր նկարագրել, ու ամեն դետալն էնքան ճիշտ էր համապատասխանում երեխեքի հոգեբանությանը, որ անընդհատ վախենում էի՝ «հանկարծ իրականություն կլինի»։

Տենց էի մտածում, որովհետեւ երեխեքի էդ դաժանությունը ես տեսել եմ թե կենդանիների նկատմամբ, թե առավել եւս իրար։ Ընդհանրապես, կարծում եմ, որ փոքր տարիքում մարդու շփումները ավելի սթրեսային են, ավելի բարդ։ Երեխաները շատ խոցելի են, ակնոցի համար ոչ մեկ մեծ մարդու վրա չի ծիծաղի, իսկ երեխային դասարանում կարող են ձեռ առնել, նույնը անուն֊ազգանվան դեպքում, չաղության, կաղության, խելացիության, սովորական միջին երեխայից մի քիչ տարբերվող ցանկացած երեխա հարվածի տակ է։ Ու չգիտեմ որտեղից երեխեքի մեջ էդքան իրենց չնմանին չսիրելու, ձեռ առնելու, նվաստացնելու ու ստորացնելու ցանկությունը։ Ու երեխաները, փաստորեն, հենց էդ տարիքից, նաեւ հենց իրենց հասակակիցների ճնշմամբ են սովորում լինել հնարավորինս չառանձնացող, հնարավորինս աննկատ։ Կամ ստորացնող, նվաստացնող։ Ու եթե մեկին էլ ստորացնում նվաստացնում են, նա էլ փնտրում է մեկ ուրիշին ստորացնելու, նվաստացնելու համար (ինչպես օրինակ Խոզուկի պարագայում էր։)

Շատ հետաքրքիր էր նաեւ երկու լիդերների բախումը, ու էդ առումով գիրքը նաեւ քաղաքական էր։ Բավականին լավ էր ներկայացրած, թե ոնց է լինում, որ մարդիկ սկզբում ունենում են մեկ ընդհանուր նպատակ, հետո՝ ժամանակի ընթացքում, նրանցից մեկը իր անձնական շահերից դրդված հորինում է նոր «գաղափար», նոր նպատակ, որը դարձնում է առաջնային, ու պնդում, թե դրա իրականացնումն է ամենակարեւորը։ Ու նրա հետեւորդները հավատում են դրան, չտեսնելով դրա տակ եղած իրական մոտիվը՝ անձնականը։ Մենք՝ էն մարդիկ, ովքեր քաղաքականությանը ըստ էության չեն մասնակցում, բայց հետեւում են, ամեն ինչ հիմնականում փորձում ենք բացատրել ավելի «հաշվարկված» փաստարկների միջոցով (երբ քաղաքական գործչի հոգեբանությունը, էմոցիաները հաշվի չենք առնում), բայց, ցավոք սրտի, քաղաքականության մեջ նույնպես, շատ հաճախ է պատահում, որ մարդիկ պարզապես մրցում են իրար հետ, նեղանում կամ այլ մանր անձնական խնդիրների պատճառով լքում մի քաղաքական թիմը, ու անցնում մեկ այլ թիմի կազմ։ Իհարկե, այդ ամենը արդարացնելու համար ընտրելով ամենասկզբունքային ու ամենաարմատական փաստարկները։

Հ․ Գ․ «Ճանճերի տերը» գիրքը Գոլդինգի առաջին նովելն է ու գրվել է ի հակադրություն  R. M. Ballantyne֊ի The Coral Island: A Tale of the Pacific Ocean”  նովելի, որը պատմում է երեք տղաների մասին, ովքեր փրկվել են խորտակվող նավից ու հայտնվել անմարդաբնակ կղզում։ (Տղաներից երկուսի անունները՝ Ռալֆի եւ Ջաքի Գոլդինգը վերցրել է հենց այդ ստեղծագործությունից։) Այս գրքում հեղինակը ներկայացնում է երեխաների արկածները անմարդաբնակ կղզում, ինչպես են նրանք զվարճանում, կռվում ծովահնների դեմ, հետո հայտնվում են բնիկներ ու տղաները կանխում են կաննիբալիզմի մի քանի դեպք։

 

 

«Ստամբուլի բիճ»֊ի մասին

Նոր կարդացի վերջացրի Շաֆաքի «Ստամբուլի բիճը»։ Գիրքը իմ համար ընդհանուր առամամբ վատը չէր, եթե իհարկե վերջը հաշվի չառնեմ։ Վերջում լրիվ փչացրեց, չեմ սիրում, երբ որ գրողները սկսում են «արդարություն հաստատել»։

Բայց ընթացքը շատ հետաքրքիր էր։ Լավ դինամիկ գիրք էր, ու ես կյանքումս առաջին անգամ գիրք կարդալուց ուզում էի ֆիլմ նկարել ։ճ ու էս գիրքը իմ համար էն գրքերից էր, որ եթե ֆիլմ լիներ, կարելի էր հանգիստ ֆիլմը նայել, ու չմտածել էլ գիրքը կարդալու մասին։

Նախ, ասեմ, որ ես էլ թուրքական Քազանջըների ընտանիքը շատ մարկեսյան էի ընկալում, ու երեւի, եթե ես լինեի էս վեպը գրողը, լրիվ կտարվեի էդ ընտանիքի պատմությունը գրելով, բայց դա մի կողմ։ Գրքի կեսից, հերոսներից մեկի բերանից էլ է դա թռնում (Մարկեսի վեպերի հերոսներ) ու էդ ժամանակ ես մտածեցի, լավ իսկ Շաֆաքը հատո՞ւկ է տենց արել, որ նման լինի Մարկեսին, թե ինչ֊որ պահից ուղղակի զգացել է նմանությունը։

Հա, ասում էի, որ լրիվ ֆիլմ նկարելու բան էր գիրքը, ու հատկապես Քազանջըների ընտանիքը շատ լավ կպատկերվեր, եթե օրինակ, ռեժիսորը Ալմոդովարը լիներ (չնայած չգիտեմ, ինչքանով ինքը կկարողանար արտահայտել համ թուրքական մշակույթը, համ էլ ավելորդ ռամկությունը չդնել մեջը)։

Ցեղասպանության հարցը չգիտեմ ինչի, իմ համար գրքում լրիվ երրորդ կամ նույնիսկ չորրորդ պլան էր ընկել։ Կարող է նրանից, որ ես ինձ համար վաղուց էդ ամենը հասկացել, ու ընդունել եմ։  Միայն մի պահ կենտրոնացա դրա վրա, երբ որ Ասյան Արմանուշի հետ հայկական չատ էր մտել, ու փաստորեն ինքն իր անունից ներողություն խնդրեց, չնայած, որ չէր տեսնում իր ու իր նախնիների կապը, ու նրանց արածների համար պատասխանատվություն չէր կրում։

Ես մտածեցի, իսկ ես կխնդրեի՞։ Երեւի չէ։ Հատկապես էն պայմաններում, որում Ասյան էր։ Ինքը ըստ էության ոչ մի տեղեկություն չուներ 15 թվից, մենակ մի քանի կարճ դրվագներ էր լսել, էն էլ Արմանուշից։ Ես հաստատ անվստահությամբ կմոտենայի, ու երեւի չէի վստահի Արմանուշի պատմածներին։ Չգիտեմ։ Կամ եթե նույնիսկ վստահեի, մինչեւ ինչ֊որ բան անելը, կգնայի ու լիքը կփորփրեի պատմությունը, փորձելու համար իմանալ, թե իրականում ինչ է եղել։  Ու  Ասյայի էդքան հանգիստ ներողություն խնդրելու մեջ, մտածեցի, ինչքանո՞վ անկեղծ է եղել Շաֆաքը։ Ես որ հաստատ պատասխանատվություն կզգայի, նախ կպարզեի գոնե ինչ֊որ բաներ, կամ էլ ոչինչ չէի անի, բայց ներողություն էլ չէի խնդրի։ Իսկ Ասյան խնդրեց։ Ու դրա հողը Շաֆաքը երկար պատրաստում էր, անընդհատ նշելով, որ թուրքերը պատմությունը մոռնալուն են կողմ, իսկ հայերը հա հիշելուն։

Չգիտեմ, ընդհանուր, երեւի Շաֆաքը փորձել էր վեպի մարկեսականությունը պահել, դրա համար էլ էդպիսի վերջաբան ընտրեց, բայց ինձ համար դա շատ էր բարի։

Նաեւ, կարծում եմ, որ թուրքերին էս գիրքը ջղայնացրել է, ոչ էնքան հայերի ու ցեղասպանության պատճառով, այլ Մուսթաֆայի կերպարի պատճառով, որովհետեւ քրոջը բռնաբարելող տղայի կերպարը բավականին բացասական է բնութագրում թուրքին։

Վերջաբանի փոխարեն էլ մի հատված, չատի հայերից մեկի խոսքի՝ (էս կարդալուց հետո, հիշեցի, որ ասում են, որ հրեաներին միավորողն էլ աստիսեմիտիզմն է ։Ճ )

«Սփյուռքի հայերի մեջ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն ուզում, որ թուրքերն ընդունեն ցեղասպանությունը։ Որովհետեւ եթե թուրքերն ընդունեն, կնշանակի, որ մեր ոտքի տակից գորգը քաշում են, վերացնում են մեզ միավորող ամենաուժեղ, գուցե եւ միակ կապը։ Ճիշտ այնպես, ինչպես թուրքերն ունեն իրենց կատարած անիրավությունը ժխտելու սովորություն, այնպես էլ հայերը, կառչելով ոճրագործությունների հիշողություններից, իրենց «ճնշված» ինքնությունից հաճույք ստանալու սովորություն ունեն։ Եթե նայենք՝ երկու կողմն էլ պետք է փոխվեն։ Երեկու կողմն էլ ունեն կաղապարված դոգմաներ, որոնցից անհապաղ պետք է հրաժարվեն։»

անկապ

* * *
Իմ համար, լավ գիրքը այն է, որը չես կարող կարդալ ու ասել՝ «վերջ, ես սա կարդացել եմ», այլ, որ պիտի հա կարդաս, կարդաս, ու էլի կարդալու կարիք զգաս ժամանակ առ ժամանակ։

* * *
Երեւի հեղինակների համար ամենտհաճ բանը չկարդացված, բայց սիրված լինելն է։

Պերսեպոլիս

էսօր վերջացրեցի Մարջան Սաթրափիի «Պերսեպոլիսը»։

Գիրքը, ինչպես եւ ֆիլմը,  շատ տպավորիչ է։ Բայց ֆիլմը նայելուց փաստորեն մի կարեւոր բան չէի ֆիքսել։

Ֆիլմից իմ ստացած տպավորություններով, Մարջանը շատ գաղափարական, պայքարող կերպար էր, ազատամիտ, ինքնուրույն։ Ով դեմ էր դուրս գալիս Իրանում տեղի ունեցող անարդարություններին, ու նաեւ Եվրոպայում էր իր արդարամտությունը պահել։

Գիրքը կարդալուց, էդ կերպարը ահագին լղոզվեց։

Այսինքն, հա, նա էլի պայքարող, գաղափարական կերպար էր, բայց հիմա էդ գաղափարները ոնց որ իրենը չլինեին, լրիվ իր ընտանիքի գաղափարներն էին։ Նա այդպիսինն էր, որովհետեւ իր ընտանինքն էր այդպիսին։ Ինքնուրույն նա այդ մտքերին չէր եկել։

Նորությունները նա լսում էր ծնողներից, նրանց պատմածներից, այսինքն, շատ սուբյեկտիվ, շատ ավելի սուբյեկտիվ, քան եթե ինքը թերթ կարդար։ Ու դա այդպես էր նույնիսկ երբ նա վերադարձավ Ավստրիայից ու արդեն բավականին կարդացած մարդ էր, ու կարող էր ինքը կարդալ թերթեր, ու ինֆորմացիան այնտեղից ստանալ, բայց չէ, մեկ է, նրա ինֆորմացիայի աղբյուրը ծնողներն էին իր։

Ու մի դրվագ կար, երբ նա փողոցում նստած անկապ տղային հանձնում է ոստիկաններին, մեղադրելով, թե իբր նա իրեն վատ բան է ասել, իսկ իրականում դա այդպես չէր, ու Մարջանը այդպես արեց, որ ոստիկանները չկենտրոնանան իր վառ շրթներկի վրա (դրա համար կարող էին տանել բաժանմունք)։ Դրանից հետո նա գնում է տուն, ու պատմում դա տատիկին ու ծիծաղում։ Իսկ տատիկը ասում է՝ «չե՞ս ամաչում, բա քո պապիկը, որ արդարության համար էր պայքարում, ու իր կյանքի մեկ երրորդը նստած էր բանտերում, բա քո Անուշ հորեղբայրը»։ Ու նա ամաչում է։ ։Դ

Ու նման դրվագներ էլի կային, երբ նա Ավստրիայում էր, հա հիշում էր տատիկի խոսքերը ու փորձում իրեն այնպես պահի, որ տատը գոհ մնա (եթե իմանար)։

Ու էս ամեն ինչը ինձ դուր չի գալիս։

Բայց դա չի հարցը։ Ես ուզում եմ հասկանամ, իրանցիների մեջ էլ է ծնողների գաղափրներով առաջ գնալը տենց տարածված ոնց որ ասենք մեզ մոտ, թե՞ իրենց մոտ վիճակը ավելի լավ է։ Ու գուցե մենք ու իրենք իրար վրա ազդել ենք այդ հարցում։

 

Հեմինգուեյական

Ուրեմն․

Գրքերի, ու սիրո մասին գրքերը չսիրելու մասին շատ եմ ասել։

Ու որ համարում եմ, որ նրանց մեծ մասը չի արտահայտում իրական զգացմունքները նույնպես շատ եմ ասել, հիմա ուզում եմ գրել գրքի մասին, որը իմ կարծիքով ամենաշատն է սիրո մասին։

Դա Հեմինգուեյի «Եւ ծագում է արեւը» կամ «Ֆիեստա»֊ն է։ Նախ ասեմ, որ ես Հեմինգուեյին չեմ վերաբերվում, որպես դասականի ում պարզապես պետք է կարդացած լինել։ Նա իմ ամենասիրած գրողներից է։ Ես ահավոր սիրում եմ այն ոճը, որով նա գրում է։ Պարզ, կարճ, կոնկրետ, ոչ մի ավելորդ բառ, ոչ մի ավելորդ նկարագրություն։

Մարդիկ կան, որ կարծում են, որ «Ծերունին ու ծովը» ձանձրալի նկարագրություններով պատմվածք է։ Ինձ համար, այն ոչ մի ձանձրալի տարր չի պարունակում, այդ մանրամասն նկարագրությունների կարիքը ես ունեմ, ամեն բառի կարիքը ունեմ։ Դրանք դարձնում են պատմվածքը ամբողջական։

Նույնը «Կիլիմանջարոյի ձյուները»֊ի հետ է։ Ես նրա զրույցների համար գժվում եմ։ Այնքան շատ բան են ասում, այդ պարզ, կարճ կոնկրետ, երբեմն մեղադրական զրույցները, ու այնքան շատ զգացմունք կա, ու ոչ մի պաթետիկ բառ։ Ոչ մի լուրջ քնքշանք։

Բայց լիքը սեր, լիքը զգացմունք, հիասթափություն, մեղադրանք ինքդ քեզ, արտահայտված ուրիշներին մեղադրելով։ Այդ ամենը, այնքան մարդկային, այնքան հասկանալի, ու սիրուն։ Հեմինգուեյը կարողանում է մարդու բացասական կողմերը այնպես նկարագրել, այնպես հարազատ, որ դու դրանք սկսում ես ընդունել, ու հասկանալ, ու չես մտածում քննադատելու մասին, չես մտածում, որ այդպես միայն ուրիշների հետ է լինում։

Երբ նա «Կիլիմանջարոյի ձյուներ»֊ում գրում է մարդու մասին, ում ոտքը փտում է, դու չես մտածում, սա ինձ հետ չի պատահի։ Ու արդեն կարեւոր չի, դա պատահել է քեզ հետ, թե դու կարծում ես, որ չի էլ պատահի։ Դու դառնում ես մարդու ցավը ընկալող։ Նա չի գրում ցավի մասին, բողոքող, նվացող, նա ցույց է տալիս ցավի ազդեցությունը մարդու վրա, ու արդեն դու ինքդ ես սկսում չսիրել ցավը։

Ու կան տողեր, որոնք զուտ հեմինգուեյական են։ Այդ տողերից, ես եթե նույնիսկ անծանոթ ստեղծագործություն կարդամ, չիմանալով հեղինակը ով է, ես հաստատ կասեմ, որ դա նա է։ Հա, թվում է, թե նա «ձեւավոր» չի գրում, սովորական է վերարտադրում իր մտքերը, բայց նա ահավոր շատ զգացմունք է դնում իր պարզ նախադասությունների մեջ։ Ես տենց զգացմունքայնություն չեմ նկատել ուրիշների մետ։ Այնքան ուժեղ չի։

Նա հաճախ չոր է գրում, բայց շատ սիրուն։ Ու սենց տողերը ինձ միշտ լացացնում են՝  «եթե նա մեռներ, իսկ նա գիտեր, որ մեռնելու է», սա զուտ հեմինգուեյական տող է։ Լրիվ, լրիվ իրենը։ Տենց, պարզ ու սովորական տողերին ես սիրահարվում եմ։ Տենց տողերը ես միշտ հիշում եմ, ու չգիտեմ ինչ անեմ, որ դուրս գան մտքիցս։ Ինձ համար Հեմինգուեյը տենց տողերն են։

Հա, հիմա վերջապես մի երկու բառ էլ ասեմ «Եւ ծագում է արեւը»֊ի մասին։ Երբ ես կարդում էի այն անգլերեն, բնօրինակը, մի քանի տարի առաջ, երբ իմ անգլերենը շատ ավելի թույլ էր, քան հիմա, ես այն ընկալել էի, որպես գնացինք ստեղ, ստեղ նստեցինք, էս կերանք, էսինչը եկավ, խոսեցինք, գնաց։ Հետո գնացինք Բասկիա, ու սենց բաներ։ Ու էն խորությունը չէի զգացել, ինձ համար օրագրային գրառումների նման բան էր։

Իսկ հետո, երբ կարդացի հայերեն այն, ի դեպ, հայերեն թարգմանությունը շատ լավն է, ոճը լրիվ պահած է, «Եւ ծագում է արեւը»֊ի էլ, «Ում մահն է գուժում զանգը»֊ի էլ, ես զգացի, թե ինչքան բարդ է գլխավոր հերոսին, ու իր սիրած կնոջը, որ դա իրական սիրո մասին է։ Որ այն չունի պահանջներ, ինչպես մենք ենք անում ամեն օր, ամեն պահի։ Ու ինձ այն, ամեն անգամ լացացնում էր։

Ավելի ճիշտ, ես սկզբից դեռ էլի չէի ընկալել մինչեւ այն պահը, երբ հեղինակը մեզ համար պարզ դարձրեց գլխավոր հերոսի մասին մի քանի մանրամասն։ Ու այնքան լավ է, որ նա երբեք չի գրել նրա խնդրի մասին բաց տեքստով։ Չգիտեմ, ինձ համար այդ պատմությունը, շատ սիրուն է ու շատ տխուր, ինչպես Հեմինգուեյի մնացած գոծերը։

Վաղուց դրել էի այդ տեքստը։ Ի դեպ, ինձ մոտ մի գրքում են «Եւ ծագում է արեւը»֊ն ու «Ում մահն է գուժում զանգը»֊ն, ու ես նաեւ շատ֊շատ սիրում եմ «Ում մահն է գուժում զանգը»֊ի սկզբում նախաբանի նման դրված տեքստը Հեմինգուեյի, որը կարող է առաջին հայացքից մի քիչ պաթետիկ ու ամերիկյան զինվորների գովաբանություն թվալ, բայց իրականում շատ սիրունն է, ու եթե արդեն կարդացած ես լինում «Ում մահն է գուժում զանգը»֊ն, էլ հաստատ պաթետիկ լինելու մասին չես մտածի։

Որովհետեւ դու հասկանում ես, որ պատերազմը այդքան լավ իմացող, ու այն այդքան շատ չսիրող մարդ չկա էլ։ Այնքան օբյեկտիվ չսիրող։

Նրա մոտ, ես երբեք լացկանություն չեմ զգում, ու հենց դա է ինձ հուզում։

Ու նրա շնորհիվ, ես կարողանում եմ միշտ անել իմ ընտրությունը՝ լինել սենյակի մեջտեղում ձայնով լացողը, թե՞ անկյունում լուռ կանգնողը։ Ես անկյունում լուռ կանգնողն եմ։

Իրանական պոեզիայի մասին

Ուրեմն․
Երեկ, ձեռք եմ բերել իրանական ժամանակակից բանաստեղծությունների ժողովածու՝ հայերեն թարգմանությամբ, թարգմանիչը՝ Էդուարդ Հախվերդյան, հենց պարսկերենից է թարգմանել։ Մի երկու հեղինակ անցա, ու արդեն հույսս կտրում էի, որ լավ բան կգտնեմ, ահավոր հնաոճ բանաստեղծություններ էին, բայց հետո հասա մի հեղինակը, որը ահագին տարբերվում էր նախորդ կարդացածներիցս՝ Ղեյսար Ամինփուր։ Նրա մի քանի բանաստեղծություն թվայնացրել եմ, լցրել գրապահարան
կարող եք կարդալ ։Ճ
Ինձ դուր եկած հատվածներ՝

«Անխուսափելի օր»

Անցնող այս օրերում
Ամեն օր
Զգում եմ
ԻՆչ-որ մեկը
Հառաչում է քամու մեջ
․․․․․

Մի օր երբ կքած անցորդները
Կունենան մի պահ
Որ հպարտ
Բարձրագլուխ լինեն
Եւ տեսնեն երկնքում
Արեւին

Մի օր երբ կարճ կլինի ձեռքը խնդրանքի

«Մանկության երազ»

Մանկության երազներում
Ամեն գիշեր ինչ-որ գնացքի
Սուլոցի արձագանքը
Անցնում է կայարանից

Գնացքի վերջը
Ասես երբեք չի վերջանում
Ասես
Լուսամուտներ ունի հազարից ավել
Եւ բոլոր լուսամուտներում
Միայն դու ես ձեռք թափահարում
․․․

«Մշտական կարոտը»

Մեր խոսքերը դեռեւս անավարտ․․․
Հենց որ նայում ես
Պահն է գալու

Դարձյալ նույն
Հեքիաթը մշտական
Նախքան գլխի ընկնելը
Անխուսափելի է դառնում քո մեկնելու պահը
Ով․․․
Ով ավաղ եւ կարոտ մշտական

Հանկարծ
Որքան շուտ
Ուշ է լինում

«Ճերմակ տողեր»

Բառ առ բառ
Տող առ տող
Էջ առ էջ
Մաս առ մաս
Ճերմակւմ են իմ մազերը
Ինչպես տող առ տող
Սեւանում են տետրիս էջերը ․․․

«Խոստովանություն»

Փշերը
Նվաստ չեն

Չոր ճյուղերը
Կախաղանի փայտեր չեն

Տհաս
Որդնած մտքերն անգամ
Ճյուսի ուսին բեռ չեն

Դեղին տերեւները
Նախքան ոտքերիդ տակ նախատելը
Լսվում է ինչ-որ խըշ-խշոց

Անմեղ տերեւները
Պարզ լեզվով խոսոտվանում են
Թե որ արմատից ջուր է խմում
Չորանալը ծառի

ի դեպ, «թե որ արմատից է ջուր խմում»-ը դարձվածք է, որի համարժեքը հայերենում «թե որտեղ է թաղված շան գլուխը»

«Լարախաղաց»

Հենվել եմ քամուն
Հասարակածային ձեռնափայտովս
Կանգնել եմ
Երկնքի պարանին
Հանկարծի զույգ անդունդի եզրին
Հանկարծակի ձայնից
Հանկարծակի լռությունից
Իմ ոտքի տակ
Բաց է մնացել
Գահավիժման անդունդի բերանը

Նաեւ՝ «Մի տառ քո անունից»
Դեռ շարունակում եմ կարդալ գիրքը, հուսով եմ նոր հեղինակներ կգտնեմ հետաքրքիր ։Ճ