Հարաբերություն ու բաժանում

Նորից եկա իմ սիրած թեմային՝ հարաբերություններին։

Ուրեմն,
Նկատել եմ, որ մարդիկ բաժանումից խուսափելու համար ընտրում են ինչ֊որ ծայրահեղական եղանակներ։ Դրանցից ամենատարածվածներն են հետեւյալ երկուսը․
 0. Գրավել ամեն գնով
 1. Հեռու մնանք, տեսնենք ինչ կլինի։


 Երեկ մի ֆիլմ էի նայում, որի մեջ, թերապեւտը վերլուծում էր, թե ինչ է տեղի ունենում մի ինչ֊որ զույգի մոտ։ Նա ասում էր, որ տղան զգում է, որ աղջիկը հեռանում է իրենից, ու սկսում է ամեն ինչ անել, որ պահի նրան։ Էքստրա ջանքեր է գործադրում, ու դրանից աղջիկը ավելի է հեռանում։


  Ու այո, այս սցենարը շատ տարածված է, այն չի ունենում հաջողություն, որովհետեւ հարաբերությունը փորձում է պահել միայն մի կողմը, ու այդ ընթացքում, նա չի զգում, որ ինքը ինքը չի, ու ավելի լավ է էդպես չանի։


Կողքից շատ ակնհայտ է, որ աղջկան պահելու ձեւը լավը չէ, բայց նման իրավիճակի կյանքում հանդիպելու հաճախականությունը հուշում է, որ երբ մեջն ես, այնքան էլ լավ չի երեւում արածդ քայլերի անիմաստությունը, ու նույնիսկ վնասողական լինելը։


 Մյուս տարբերակում, մարդիկ որոշում են մի որոշ ժամանակ չհանդիպել։ Նախ, ասեմ, որ նման դեպքում, երբ ստույգ ժամանակ չի որոշվում, թե ինչքան չեն հանդիպելու, այլ օդի մեջ ասվում է՝ «դե մինչեւ հասկանանք» կամ «մինչեւ ուզենանք հանդիպել», ապա դա հաստատ վերջն է։


 Հիմա բացատրեմ, թե ինչու եմ այս եղանակին վատ վերաբերվում։
 Նախ ասեմ, որ միշտ չէ, որ վատ եմ վերաբերվում։ Այն վատ չէ, երբ խնդիրները նոր ես սկսել։ Այսինքն, երբ կա խնդիր, որը լուծել չի ստացվում զույգի մոտ, ու արժի մի որոշ ժամանակ չտեսնվել, ու առանձին֊առանձին մտածել, արդյո՞ք խնդիրը այնքան կա, որ բաժանվեն, ու ինչ հնարավոր լուծումներ կարող են առաջարկել իրար։


 Իսկ երբ արդեն խնդիրները բազմազան են, որոնք լուծում չեն ստացել ճիշտ ժամանակին, իրենց առաջացման ժամանակին, ու արդեն արմատ են տվել, ապա ժամանակավոր բաժանումը անիմաստ է։ Ժամանակավոր բաժանվել֊չբաժանվել, խնդիրների նման բազմություն դժվար թե գտնվի զույգ, որ կարողանա ինքնուրույն լուծել, ու ելքը միակն է։


 Հիմա, մի քիչ ավելի մանրամասն ասեմ, այս վերջին միտքս։


 Ընդհանուր առմամբ, նկատի ունեմ, որ խնդիրները շատ փոխկապակցված են, ու երբ շատ խնդիրներ լուծում չեն ստանում, ապա հետո այդ կծիկը քանդել դժվար է։
Ժամանակավոր բաժանման համար նախատեսված ժամանակը չի կարող մի ինչ֊որ թվից մեծ լինել, որովհետեւ այդքանից ավելի երկար բաժանման դեպքում, մարդկանց մոտ կապը չի մնա առհասարակ։


Իսկ ավելի փոքր ժամանակահատվածում, մարդիկ պարզապես չեն կարողանա, իրենք իրենց մեջ լուծել այդ բոլոր խնդիրները, ու գուցե պարզապես իրենք իրենց համոզեն, թե հա, էս մի բանի հետ կհամակերպվեմ, էս մեկը կուլ կտամ, էն մեկն էլ՝ չտեսնելու։ Բայց իրականում, եթե նույնիսկ երկկողմանի այդպես անեն, մեկ է, ամենաշատը մոտ մի ամսից էլի կսկսեն նույն խնդիրները գլուխ բարձրացնել։


 Մարդը չի հասցնի այդքան փոքր ժամանակահվածում այդպիսի լուրջ ներքին փոփոխություններ կրել, ցավոք։

Սիրահարվածություն, սեր ու հարաբերություններ

Ուրեմն․

Էսքան գրում եմ հարաբերությունների մասին, ու ոչ մի անգամ չեմ գրել, թե որն է իմ կարծիքով հարաբերության սահմանումը։

Իրականում, շատ ավելի բարդ է սահմանել հարաբերությունը, քան սերը, ավելի բարդ է սահմանել սերը, քան սիրահարվածությունը։

Հիմա սկսեմ ամենահեշտից՝ սիրահարվածությունից, հետո կզարգացնեմ մինչեւ հարաբերություն։

Սիրահարվածությունը, մարդուն առանց ճանաչելու, ինչ֊ինչ հատկանիշներով տարվել֊գրավվելու ուժեղ տարբերակն է, որի ժամանակ նաեւ նկատվում է անձի իդեալականացում, կամ նրա այլ՝ չիմացած հատկանիշների սեփական ցանկությամբ կառուցում։

Սերը մարդուն հավանել, ընդունելն է այնպիսին ինչպիսին կա, ու նրա հետ ինչ֊որ չափի շփում ունենալու ձգտումն է։

Ընկերությունը մարդու հետ մտերիմ, անկեղծ շփումն է, վստահությունը, ու իհարկե չի լինում ընկերություն առանց սիրո։

Հարաբերությունը, ընկերությունն է, որը միշտապես խորանում է, ու ամենակարեւորը այն սիրո գործնականն է։

Այսինքն, ընկերության պարագայում, մարդկանց գուցե եւ ավելի շատ անկեղծություն, ավելի շատ վստահություն պետք չլինի, բայց հարաբերության պարագայում դա միշտ պետք է գալիս։

Ու այդ իսկ պատճառով, հնարավոր չեն հարաբերություններ, որոնցում ինչ֊որ մեկը այնքան էլ անկեղծ չի։ Ինչ֊որ մի օր նրան պետք է գալու անկեղծանալ, ու նա ուզելու է անկեղծանալ ոչ թե իր ընկերների հետ, այլ հենց իր զույգի հետ։

Այսպիսով, հարաբերությունը նաեւ այն ընկերությունն է, որը կարիք ունի ընկալման ու ընդունման բոլոր պարագաներում։ Այսինքն, սիրո այդ կարեւոր կետը՝ ընդունել, պարտադիր չի, որ առկա լինի ընկերության պարագայում, իսկ հարաբերությունում պարտադիր է։

Հիմա հարց է առաջանում, ո՞րն է ավելի վեհ, այսինքն՝

վեհ(ընկերություն) ><= վեհ(հարաբերություն)

Ես կարծում եմ, որ հարաբերությունը ամենավեհն է իր արտահայտման մեջ։

Սիրահարվածությունը նրա մասին է, որ ես տեսնում եմ, ինձ դուր է գալիս, ես ձգվում է, նրա աչքերը ինձ դուր են գալիս, ու սենց բաներ, այսինքն «ես»֊ի մասին է։

Սերը, ես տեսնում եւ կարծում եմ, որ ընդունում եմ քեզ։ Սա էլի «ես»֊ի մասին է։

Հարաբերությունը հենց այդ ընդունելու ստուգումն է։ Ու հենց այդ պատճառով է, որ հարաբերությունների սկզբում, շատ մարդկանց ինչ֊որ բաներ գրավում են դիմացինի մեջ, իսկ հետո, որոշ ժամանակ անց, նրանց այդ նույն հատկանիշները կարող են էլ դուր չգալ, ու դա  նշանակում է, որ իրականում, մարդը կարծում էր միայն, որ կարող է ընդունել, բայց գործնականը ցույց տվեց, որ ոչ։

Մյուս կողմից, իր վեհության մեջ ամենավեհը հարաբերություններն են, որոնց մեջ դու տալիս ես ոչ միայն քո զգացմունքները, այլ նաեւ ընդունում ես դիմացինինը։ Դու ոչ միայն ընդունում ես նրան իր վատ ու լավ կողմերով, այլ նաեւ թույլ ես տալիս, որ նա էլ քեզ ընդունի քո լավ ու վատ կողմերով։

Մարդկանց փոխվել-չփոխվելու մասին

Ուրեմն.

Մարդկանց փոխվելու ու չփոխվելու մասին ես հստակ կարծիք տենց էլ չունեցա:

Հիմա էդ խառը մտքերս ասեմ:

Ես հանդիպել եմ էս մտքի մասին հիմանակ երեք կարծիք`

0. չեն փոխվում առհասարակ,

1. փոխվում են, այսինքն զարգանում

10. փոխվում են հենց փոխվել իմաստով

Նախ, մտածում եմ, որ եթե ասել, որ մարդիկ չեն փոխվում առհասարակ, ապա տենց ահագին հեշտ է, որովհետեւ ճանաչեցիր մի անգամ մեկին ու վերջ: Գիտես իրեն ընդմիշտ :Դ ու կարող ես նույնիսկ չհետեւել էլ ինչ է անում, ինչ չէ: Մեկ է գիտես, ինչ էլ անի, չի փոխվի: Դա տալիս է ապահովության զգացում, ու ընդունած որոշումներում հաստատակամություն:

Բացի այդ, նաեւ երբ մենք ինչ-որ բան փորձում ենք անել ավելի լավ, քան սովորաբար, ինչ-որ բանին նոր կերպ մոտենալ, դիմացինը մեզ վերաբերվում է դեռ հին կերպով, ու չի հավատում, որ հանարավոր է փոխվել, զարգանալ, ապա դա ամեն ինչ բարդացնում է: Ու շնչելու օդ չի մնում:

1 ու 10 կարծիքի մարդիկ շատ չեն տարբերվում: Հա, ես էլ մի անգամ տեքստ գրել, որ փոփոխությունը դա զարգացումն է: Ու չգիտեմ թե այդ ի՞նչ փոփոխություն կարող է լինել, որ զարգացում չլինի:

Համոզված եմ, որ ինչպես էվոլյուցիան հետ չի գնում, այնպես էլ մարդիկ հետ չեն գնում, ու ինչ փոփոխություն էլ ապրեն, գալիս են իրենց համար հավասարակշռության վիճակի կամ ավելի մոտ այդ վիճակին:

Այնպես որ, կարծում եմ, որ “փոխվել” բառը, “զարգանալ” բառով փոխարինելու կարիք առնաձնապես չկա: Այսուհետ կհամարենք, որ 1 եւ 10-ն նույնն են:

Բայց մինչ այդ, նշեմ, 1 կարծիքի մարդիկ, ուզում են համ ասել “որ մարդիկ չեն փոխվում”, համ էլ իրենք իրենց զարգանալու հնարավորություն տան:

Ու այս ամենի հանրագումար, ասեմ, որ ես ավելի կարծում եմ, որ մարդիկ “փոխվում են”=”զարգանում են”:

Իսկ եթե ինչ-որ մեկը պնդում է, թե մարդիկ չեն փոխվում, թող նշի թե երբվանի՞ց սկսած չեն փոխվում ու ի՞նչ է նշանակում չփոխվել:

Զգացմունքներն ու ցանկություններն արտահայտելու մասին

Ուրեմն.

Ուզում եմ ասել, որ ես զգացմունքներն ու ցանկություններն արտահայտելուն կողմ ըլլալով, դեմ եմ:

Հա, իմ մեջ կա երկու հակասական մտածելակերպ, որը բերում է, ես կարծում եմ բավականին լավ միջինի: Մեկը, իմ սեփական զգացմունքներն ու զգացողությունը արտահայտելու ցանկությունն է, մյուսը այն, որ դրանով ուրիշին շատ չցավեցնեմ:  Այդ եկրորդը դեպքը այն ժամանակ է, երբ դու գիտես, որ քո ցավը սրանից է, ու դու միեւնույնն է դիմացինին լավ ես վերաբերվում, չնայած նա ինչ-որ բան է արել, որից քեզ այնքան էլ լավ չի եղել, բայց գիտես, որ եթե դու նրան դա ասես, նա իրեն գուցե շատ ավելի վատ զգա, քան դու: Դրանք հիմնականում այն դեպքերն են, երբ դիմացինդ փորձում է քեզ համար մի լավ բան անել կամ նման մի բան:

Օրինակ, երբ ես խանութում հանդիպում եմ մարդկանց, որ երեխաների հետ են, ու երեխաները նրանցից ինչ-որ քաղցրավենիք են ուզում, որ ծնողները չեն կարող իրենց թույլ տալ, ես ցավում եմ, ոչ թե նրա համար, որ այդ երեխան հիմա դա չի ուտի, այլ նրա համար, որ ծնողը չի կարող իրեն դա թույլ տալ:

Նույնը նվերներին է վերաբերում: Եթե նույնիսկ մեկը գնել է ձեզ համար այնպիսի բան, որը ձեզ պետք չէ, ու ավելի լավ կլիներ, որ այլ բան գներ, որի կարիքը դուք իրոք ունեիք, ու սպասում էիք դրան, ու չստանալով տխրում եք ու դա ցույց տալիս, ես ցավում եմ նվերը գնողի համար, ոչ թե ձեր:  Որովհետեւ նա ցանկացել է լավ բան անել, նա աշխատել է այդ ուղղությամբ, նա մտածել է ձեր մասին: Հա, գուցե չի տեսել, ինչն է պետք, ինչ չէ: Բայց դրանից չի կարելի պնդել, թե նա անուշադիր է ձեր հանդեպ, որ չի տեսնում թե իրականում ինչի կարիք ունեք: Նա չի կարող ձեզ այնքան լավ իմանալ, ինչքան դուք ինքներդ գիտեք:

Ու այս նույնը կարելի է պրոյեկտել հարաբերությունների, ընկերության վրա:  Երբ ինչ-որ մեկը ձեզ չի սիրում, ու դուք “պահանջում եք” նրանից ձեզ սիրել, ապա ես այդ դեպքում, ես ցավում եմ այն մարդու համար, ով չի սիրում, ոչ նրա, ով “պահանջում” է:  (խոսքը չի գնում, այն հիմար մարդկանց մասին, ովքեր իրենց լավ վերաբերվող մարդկանց անտեսում են, իրենց սիրող մարդկանց վրա թքած ունեն, նրանց մարդատեղ չեն դնում, ու նման բաներ: Այս դեպքում ես կարող եմ եւ ցավել, եւ չցավել, որովհետեւ,

եթե ինչ-որ մեկը սիրում է այդպիսի մարդու, ապա նա գիտի նրա այդ հատկության մասին, ու սիրում է, ապա դա իր գործն է,

եթե չգիտեր ու սիրում էր, ապա, ցավում եմ նրա համար):

Իսկ ամենաշատը ես ցավում եմ այն երեխաների համար, ովքեր ուզում են այդ քաղցրավենիքը, բայց գիտեն, որ ծնողը իրեն վատ կզգա, որ չի կարող վերցնել, ու չեն ուզում: Նրանք, այո, չեն արտահայտում իրենց զգացմունքներն ու ցանկությունները, բայց այնքան սիրուն են:

Նույնը այն մարդկանց մասին, ովքեր սիրում են, բայց չեն պահանջում սիրվել:

Չռփելու արվեստի մասին

Ուրեմն․

Առաջ ես սիրում  էի մարդկանց, ովքեր չռփում են, որովհետեւ իրենց հետ հեշտ է։ Ու չեմ նեղանում, ու սիրում եմ, երբ անկեղծ են ասում։

Բայց վերջերս նկատել եմ, որ կան չռփելու տարատեսակներ՝ մոտիվից կախված, այսպիսով, մարդիկ չռփում են․

0. երբ ուզում են քեզ քո սխալը ցույց տալով օգնել,

1. երբ իրենք չեն կարողացած լինում անել այն, ինչ դու արել ես,

10. երբ իրենք վախենում են, որ դու եւ այլ մարդիկ կմտածեք իր մասին, ինչ-որ բան, որը բացասական է, ու հենց դա էլ շպրտում են դեմքիդ

11. այս պոստը այդ չռփողների մասին չի ։

0 տիպի չռփոցները հաճախ ընկալվում են բացասական, այդ իսկ պատճառով ես չեմ չռփում մարդկանց, որովհետեւ գիտեմ, որ պարզապես փակվելու են ինձնից,  ու տենց անկապ բաներ։ Իհարկե դրանք լրիվ առողջ չռփոցներ են,  ու այն մարդիկ, ում ես մոտիկ եմ համարում, ուժեղ եմ համարում բավարար, հանգիստ չռփում եմ, գիտեմ, որ ճիշտ կհասկանան։

1 տիպի չռփոցները լրիվ կարող էին չլինել ։Դ հաճախ կարեկցանք են առաջացնում  չռփողի հանդեպ, ցույց տալիս նրա անինքնավստահությունը իր անձի հանդեպ ու մրցունակ չլինելու վախը՝ մարդկային շուկայում, այսինքն,  լրիվ պաշտպանական չռփոց։

10․ այս դեպքում չռփողը էլի անինքնվստահ է, քանի որ վախենում է, որ իր մասին վատ բաներ կմտածեն, ինչը կարող էր եւ իրականում վախենալու արժանի լիներ, այսինքն, այդպես մտածելու առիթ լիներ, կամ արժանի չլիներ։ Բայց կարեւորը այն է, որ նա ինքը իր մասին արդեն այդպես է մտածել, ու միանգամից քեզ տեղն է դնում՝ «այսինչը դու ես»։ Ու նման չռփոցը իհարկե առաջացնում է կարեկցանք կչռփողի հանդեպ։

Այստեղից հետեւություն, որ չռփոցին պետք է պատասխանել չռփոցով, միայն 0 դեպքի այն ենթադեպքում, երբ դուք համոզված եք ձեր տեսակետի մեջ ու կարող եք արժանի կերպով հակադարձել։  1, 10 դեպքերում հետ չռփելը անիմաստ է, կոմպլեքսները կխորանան։

Ու այո, եթե ես ձեզ չռփել եմ, ապա ձեզ ադեկվատ մարդ եմ համարում։

Միանգամից ավարտ․ հարաբերություններ եւ ընկերություն

Ուրեմն․
Մի շրջան կար, որ մտածում էի, որ մարդկանց հետ պետք չի ոչինչ ձգձգել, միանգամից է պետք ամեն ինչ անել։ Ու այդպես ընկերության մեջ ու հարաբերությունների դեպքում, միանգամից վերջը տալ, կամ չվերջացնել երբեք։

(էդպիսի, երեւի թե բնական, զգացողություն առաջանում է, երբ զգում ես, որ ժամանակ ես կորցրել, որ ամեն ինչ իզուր է եղել։)

Հիմա էլ տենց չեմ մտածում։ Ու առհասարակ ի՞նչ միանգամիցի մասին է խոսքը, կամ ի՞նչ ձգձգելու։ Ի՞նչը ձգձգելու։
Մենք հարաբերություններ ենք ունենում, կամ ինչ-որ մեկի հետ ընկերություն անում, որովհետեւ ինչ-որ կերպ համարում ենք, որ նա եւ մենք մոտ ենք, նման ենք, կամ նման չենք ու այդ պատճառով հետաքրքիր ենք իրար։

Ու ենթադրենք՝ մեկը սխալվեց։ Մեր պատկերացումը նրա մասին փոխվեց, ակնկալիքները խափանվեցին։ Արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է խզել հարաբերությունները կամ դադարեցնել ընկերությունը։ Սա ինձ համար բարդ հարց էր։ Որովհետեւ, երբ հարաբերությունները կամ ընկերությունը գալիս էին ավարտին, ես հասկանում էի, որ այն «մի բան փոխվեց» պահից հետո դա եղել էր միայն ձգձգում, վերջի արհեստական հեռացում, կամ նման մի բան։

Իսկ քանի դեռ չէր ավարտվել, մենք մեր որեւէ քայլ չենք որակում որպես ձգձգում։ Հա, այդպես հաստատ ճիշտ է, որովհետեւ եթե հա մտածես ավարտի մասին, ապա դրանով այդ ավարտը ավելի արագ կգա։

Ու առհասարակ, կարծում եմ, որ որեւէ լուրջ հարաբերություն մարդկանց մեջ, լինի դա ընկերություն կամ ավելին, չի կարող ավարտվել միանգամից, առանց այսպես կոչված «ձգձգումների»։ Այդ ձգձգում ասածը ահավոր անկապ բան է։ Ես հիմա համոզված եմ, որ չկա տենց բան։ Այո, մենք պետք է երկար փորձենք պահել այն ինչ ունենք, որովհետեւ այլ կերպ, ամեն առիթով բոլորը իրենց կապերը կխզեն բոլորի հետ։ Ու գնալով ավելի թույլ պատճառ պետք կլինի դա անելու համար։

Կյանքում շատ բան է անդառնալի արվում, որ մի հատ էլ մարդկանց երկրորդ հնարավորություն չտաս։ Չեմ ասում, թե միշտ պետք է տալ։ Ու վերեւում ասած համոզվածությունս լուրջ հարաբերությունների դեպքի համար, կայանում է նաեւ նրանում, որ ես չեմ կարծում, թե հնարավոր է առանց «դանակը ոսկորին հասցնելու» ավարտ։ Որովհետեւ մենք միշտ կօգտագործենք ուրիշին ու ինքներս մեզ եւս մեկ հնարավորություն տալու առիթը․ միշտ։

(դա երբեք ժամանակի կորուստ չէր, ու ոչ մի օր իզուր չի անցել։)

Հայերի իմ սիրելի հատկանիշների մասին

Ուրեմն․
Այն ամենի մեջ, ինչի համար ես սիրում եմ Հայաստանն ու հայերին, շատ մեծ ու կարեւոր դեր ունի մեր փոքր երկիր ու փոքր ժողովուրդ լինելը։ Դա տալիս է մեզ յուրահատուկ հնարավորություններ։

Հաճախ, հայերը հայերից նեղանում են, թե ինչի ենք մենք այսքան շատ պիտակներ սիրում, ու հա իրար պիտակավորում, թե դու սենց ես, դու նենց ես։ Կամ ինչի ենք մենք այդքան շատ մեր քիթը մտցնում ուրիշների գործերի մեջ։

Մենք հա, տենցն ենք, մենք մարդկանց պիտակավորում ենք բայց մենք իրենցից չենք հրաժարվում ու էդպիսին չլինել չենք կարող, որովեհտեւ մենք քիչ ենք ու գիտենք իրար ուրեմն չենք կարող անտարբեր լինել սրա կամ նրա արածի հանդեպ ու բնական ցանկություն ենք ունենում պարզելու մարդու հետ արժի գործ ունենալ թե չէ։

Ու հա դա բնորոշ է զուտ փոքր ժողովուրդներին, գյուղական վայրերում ապրողներին, բայց դա լավ է որովհետեւ Հայաստանում ես ավելի շատ շանս ունեմ փրկվելու, երբ ինձ վրա հարձակվեն քան դրսում որովհետեւ ավելի շատ շանս կա, որ կպարզվի, որ ինձ վրա հարձակվողը իմ հարեւանի ախպոր տղան է, որի վրա ես դրել եմ քյաթռ պիտակը, բայց մեկ է այդքանը հերիք կլինի, որ նա ինձ չսպանի չթալանի, իսկ այլ տեղում դա հնաարավոր չէ ու որ ես գերադասում եմ, որ մենք իրար վրա լիքը պիտակներ խփենք ու տենց ամբղջ օրը իրար քննադատենք քան որ լինենք անտարբեր ու հենց մեկը ձայնը մի քիչ բարձրացնի ոստիկանություն զանգենք։
Ավելի լավ է որ սենցն ենք ու կգնանք կկռվենք հարեւանների հետ նրանց կանպատվենք բայց ոստիկանություն չենք զանգի իրենք էլ մեզ կանպատվեն ու տենց շարունակ ու դա այն հիանալի բաներից է, որ մենք ստեղ ունենք։

Հա, հետո մարդը կա, որ կգրի թե ոնց է զզվում էդ հիմարներ ռոկերներից, որ բարձրացնում են ձայնը ու ամբողջ գիշեր տենց երաժշտություն միացնում, իսկ իրանց մոտ ոստիկանություն զանգողը ոչ մի պիտակ էլ չի կպցնի, ո՞ւ։

Ուզում եմ նաեւ ասել, որ մենք բարի ենք, հայերը բարի են շատ
ու նաեւ պետք է նշել, որ քրիստոնեությունը շատ է բարիացրել, հա, մի քիչ սովտը քանդել է մեր բարությունը, ու մեր մեջ էլ կան ստահակներ, բայց դա օրինաչափություն չէ, ու մենք իրոք ունենք
հիանալի հատկանիշներ էնքան լավը ու էնքան հուզիչ։

Մարդկային փոխհարաբերություններում ռեգեներացիայի մասին

Ուրեմն․
Ռեգեներացիան բնության մեջ ամենահավես երեւույթներից է։
Ուզում եմ խոսել հոգեկան ռեգեներացիայի մասին, չնայած երեւի այդ երեւույթին այնքան էլ ճիշտ չի լինի հոգեկան ռեգեներեցիա անունը տալ, բայց ամեն դեպքում։

Երեւույթը․
Մի մարդու մասին ունես դրական կարծիք, նրան բավականին լավ ես տրամադրված, իսկ հետո, նա մի քայլ է անում, որը քո մեջ բացասական էմոցիաներ է առաջացնում, ու նրա պատկերը քո մեջ քանդում, մի ինչ-որ չափով։ Հետո, եթե նա էլի լավն է լինում քո աչքում, ու նրա քանդված պատկերը սկսում է վերականգնվել, դա կոչում եմ հոգեկան ռեգեներացիա։

Ու մարդիկ իրոք բաժանվում են երկու խմբի՝
0. հոգեկան ռեգեներացիա ապրում են
1. հոգեկան ռեգեներացիա չեն ապրում։

Ինձ համար, միշտ ավելի գերադասելի են, իհարկե, մարդիկ, ովքեր ապրում են հոգեկան ռեգեներացիա, որովհետեւ նրանց հետ մի քայլ անելուց, երբեք պետք չի մտածել, որ այ, հիմա մի բան կանեմ, հետո էլ տակից դուրս չեմ գա։ Անընդհատ պետք չի մտածել, որ հիմա-հիմա, կսխալվեմ։

Իսկ նրանց հետ, ովքեր չեն ապրում հոգեկան ռեգեներացիա, ամեն ինչ ավելի բարդ է։ Պետք է միշտ ամեն ինչ հաշվարկել, ու եթե դու նույնիսկ սխալ չես եղել, բայց նա այդպես է ընկալել, ապա ինչքան էլ բացատրես, միեւնույնն է, նրա մեջ արդեն մի բան փոխված է լինելու, որը հետո ինչ էլ անես, էլ չի վերականգնվելու։ Նաեւ տենց մարդիկ, վեճերի ժամանակ, հիշում են այնպիսի բաներ, որոնց հետ կապված արդեն մի անգամ վիճել եւ եկել էիք «վերջնական արդյունքի», համենայնդեպս, վեճը ավարտվել էր, ու նաեւ ձեզ են դրդում հիշել հին բաներ, որովհետեւ երբ նրանք ասում են՝ «այ, դու այն ժամանակ սենց արեցիր», իսկ ձեր պահվածքը իհարկե կապված էր նրա պահվածքի հետ, դուք չեք կարող չվերհիշել, ու չասել, որ «բայց դու էլ սենց էիր արել չէ՞, դրա համար էլ ես տենց արեցի» եւ այսպես շարունակ։

(Իհարկե, հին վեճերը մեջբերելու միակ պատճառը սա չէ․ դրանք կարող են վերհիշվել նաեւ անավարտ, չհասկացված լինելու պատճառով, կամ նույնիսկ նրա, որ մարդիկ վեճի ընթացքում, վեճը առաջացնող իրական առարկային նույնիսկ չէին էլ մոտեցել։)

Հա, հոգեկան ռեգեներացիան հենց ներելն է, ուղղակի մեր մեջ ներել բառը այլ կերպ է ընկալվում, ու շատ հաճախ, մարդիկ ասում են՝ «ես քեզ ներում եմ», ու իրենք էլ համոզված են լինում, որ ներում են, բայց իրականում, հաջորդ անգամ, հաստատ երեսով կտան այդ ներած դեպքը։ Իսկ ներել, նշանակում է, «մոռանալ» այդպսիս դեպքերի մասին։

Պարզության մասին

Ուրեմն․
Այն, ինչ ամենաշատն է ինձ պակասում մարդկանց հետ շփման մեջ, պարզությունն է։ Ես միշտ դրա կարիքը ունեմ։
Ուզում եմ հստակ իմանալ, թե ով ինձ ոնց է վերաբերվում։ Ոչ թե, որ մի օր ժպտամ՝ թշնամաբար նայեն, մյուս օրը իրենք ժպտան, ու էդ ամեն ինչը, ինչ-որ մի բանով ուղեկցվի, որ չկարողանամ մտածել, որ պարզապես տրամադրությունն էր վատ։
Հա, ես երբեք ինձ վրա չեմ վերցնում տարբեր ստատուսներ, որոնք կարող էին ինձ վերաբերել, բայց անուն նշված չէ։ Տենց ընդհանուր գրված է, որովհետեւ համարում եմ, որ եթե բան ունեն ասելու, ու անձամբ չեն ասում, կամ ոչ մի կերպ իմ անունը չեն նշում, ապա՝
0. դա ինձ չի վերաբերում
1. եթե նույնիսկ դա ինձ վերաբերում է, ապա թող նորմալ ասեն
10. կամ դեռ այնքան չի հասունացել այդ ասելիքը, որ անձամբ ասեն, ուրեմն պետք է սպասել, մինչեւ հասունանա,
ու սա միայն բացասական մտքերին չի վերաբերում, նույն կերպ՝ դրականները։
Ես սովորաբար շատ խուսափողական եմ լինում տենց մարդկանց հետ, ում հետ պարզություն չկա։ Որովհետեւ ամեն ինչ էնքան է հեշտանում, երբ գիտես՝ ինքը սենց բանը քո մեջ չի սիրում, սենց բանին լավ է վերաբերվում, իսկ, որ սենց ես անում՝ սենց է մտածում, ու տենց բաներ։ Իսկ չպարզերի հետ շփումը հոգնացնում է, չես հասկանում ի՞նչ է ուզում, ինչի՞։
Չէ, ես չեմ կասկածում մարդկանց ցույց տվածին։ Ի սկզբանե, դա կասկածի տակ չի առնվում, պարզապես երբ հակասական բաներ են լինում, չես կարողանում հասկանալ, թե դրանցից որն է գերիշխողը, կամ գուցե գերիշխող չկա՞։
Ու հա, կան մարդիկ, ում հետ, նենց միջին է։ Ծանոթի կարգավիճակում ենք, ու նորմալ է, որ տենց ժամանակ ոչ մի բանն էլ չի գերիշխում՝ սովորական են վերաբերվում։ Տենց մարդկանցից պահանջելու բան չունեմ։ Որովհետեւ իրենք նեղանալու կամ չնեղանալու խնդիր էլ չեն ունենում։
Ամեն դեպքում, ուզում եմ ասել, որ եթե բան ունեք ասելում, ապա ասելուց նշեք իմ անունը անպայման։ Ես անանուն ոչ մի բան ինձ վրա չեմ վերցնում։

Մի քիչ էլ չվստահելու մասին

Ուրեմն․
Եւս երկու տող վստահության մասին։
Ուզում եմ նորից անդրադառնալ թե ինչ է վստահությունը։ Մենք բոլորս վստահում ենք մեզ, չնայած կարող է եւ մեր ուժերի վրա այնքան էլ վստահ չլինեք։

Օրինակ ամենատարածվածներից․ աղջիկը տղայի ամեն շփում այլ աղջիկների հետ համարում է տարվածություն, իսկ իր շփումները այլ տղաների հետ՝ չէ։ Հա, սենց պահվածքի մեջ տոկոս ունի իհարկե աղջկա ցածր ինքնագնահատականը ու սենց բաներ, բայց նաեւ կա այն, որ աղջիկը վստահ է իր վրա, որ չի տարվի, իսկ տղայի վրա վստահ չէ։

Նույնը կա, երբ այլ մեկը իրեն վատ է զգում, մենք ավելի շատ ենք անհանգստանում, քան երբ մենք ենք վատ, որովհետեւ մեր մարմինը մենք ենք կառավարում, ու ամեն դեպքում, զգում ենք, որ ոչ մի վատ բան չի լինի, իսկ դիմացինի մարմնի մասին ոչինչ չգիտենք։

Զրոական օրինակում՝ աղջկա եւ տղայի, վստահության բացակայությունը գալիս է էլի ընկած ինքնագնահատակից իհարկե, բայց նաեւ պետք է միշտ հիշել, որ դիմացն էլ գուցե նույնքան վստահ է իր վրա, ու նույնքան ոչ վստահ քեզ վրա։

Բացի դրանից, անվստահությունը ունի խորացող բնույթ։ Այսօր դու չես վստահում նրան 2 հատ հարցում, վաղը դրանք կշատանան։ Հաստատ։ Որովհետեւ երբ չկա վստահություն, չկա վստահություն ոչ մի հարցում։ Եթե դու կասկածում ես նրան այս մի հարցում, ինչի պիտի մի այլ հարցում նա քեզ չխաբի, կամ տենց մի բան։

Ու էդ անվստահությունը դիմացինի մեջ անտանելի է ուղղակի։