Խելացիության մասին

Ուրեմն․

Ես լիքը մտածել եմ, թե էդ որ հատկանիշներն են, որոնցով տարբերվում ու որոշվում են խելացի մարդիկ, մի քիչ ավելի քիչ խելացիներից։

Ընդհանուր առմամբ, ամենակարեւոր բանը, որ անում են խելացիները, եզրակացություններն են։ Այսինքն նրանք տեսնում են այն ինչ բոլորն են տեսնում, նրանք լսում են այն դատողությունները, որոնք բոլորն են լսում, բայց անում են այլ եզրակացություններ։

Հաստատ Գալիլեյից առաջ էլ մարդիկ տեսնում էին, որ փետուրը քարից դանդաղ է ընկնում, դա մարդկանց մեծամասնությունը նկատել էր, բայց նրանք չէին արել այն եզրակացությունը, որը արել էր Գալիլեյը։

Նույն բանը կարելի է ասել շատ այլ օրինակների համար։

Ու հենց այդ պատճառով են հիանալի մտքերի մի մեծ հատված, մարդու համար ահավոր ակնհայտ են, ու բնական։

Խելացիության մասին

Ուրեմն․
Մարդիկ համեմատության մեջ են խելացի։ Ու տենց, երբ ես մարդկանց հետ շփվում եմ, զգում եմ, որ կան սենց դեպքեր, երբ կոնտակտ ոչ մի կերպ չի ստացվում, ու երեւի դա հետեւյալ պատճառներից մեկով է․
0. ես բավական խելացի չեմ
1. նա բավական խելացի չէ
10. մեր խելացիությունը անհամատեղելի է
Դե իհարկե կան մարդիկ, ում նկատմամբ ես 0 խմբում եմ, բայց դժվար թե, ես ձգված լինեի նրանց, փորձած լինեի նրանց հետ այդպես շփվել ու տենց թեմաներով։
1 խմբում գտնվող մարդկանց մասին նույնպես։ Ես կարծում եմ, որ բավականին լավ եմ ճանաչում մարդկանց, արագ կողմկորոշվելու համար, արտաքին, ներքին, ու մի երկու կողմնակի հայացքով, թե նա բավական խելացի է, թե ոչ։
Իսկ այ 10ն վերջն է։
Ու դա նրանից է, որ խելացիությունը շատ լայն հասկացություն է։ Այն ներառում է տարբեր բնույթներ, օրինակ ես կարծում եմ, որ խելաքի մաս է կազմում՝
ուշադրությունը,
հիշողությունը,
կենտրոնացումը
դիտողականությունը
հետաքրքրասիրությունը,
ու էլի լիքը բաներ։
Դա նշանակում է, որ մեկի մոտ կարող է հիանալի զարգացած լինել հիշողությունը, բայց նա չկարողանա կենտրոնանալ ու չլինի հետաքրքրասեր, ուրեմն չկարողանա լինել բավական խելացի։ Ու ես ասենք չհասկանամ իր կատակները, ու տենց բաներ։ Որովհետեւ խելքն էլ, բազմաթիվ բաղադրիչների ինչ-որ գործակիցներով հանրահաշվական (կամ գուցե նույնիսկ վեկտորական գումար է)։
Ուրեմն, մի շտապիր եզրակացնել, որ ինչ-որ մեկը խելացի չէ։ Եթե դու նրան այնքան էլ լավ չեք ընկալում։
Պարզապես գուցե ձեր խելքը անհամատեղելի է։

Հետաքրքիր մարդկանց մասին

Ուրեմն․

Ես սիրում եմ տարբեր մարդկանց հետ շփվել, անկախ նրանից նրանց խելացի համարում եմ, թե չէ։

Հա, նրանց հետ ում խելացի եմ համարում, ավելի հետաքրքիր է, կարելի է երկար-բարակ զրուցել, վերլուծել, ինչ-որ հավես բաներ մտածել, հանգիստ կատակել, չվախենալ, որ կնեղնան, կվատանան ու սենց բաներ, բայց նրանց հետ, ով մի քիչ ավելի քիչ խելացի է էլի լինում է հետաքրքիր։

Օրինակ, ես, նրանց հետ տենց երկար-բարակ չեմ խոսի, կթողնեմ, որ ավելի շատ իրենք խոսեն, որ ես ավելի լավ հասկանամ իրենց։ Որովհետեւ տենց մարդկանց մոտ բնազները այդքան խորը պահված չեն, ու ավելի ակնհայտ է, թե ինչը ինչ արձագանք ստացավ իրենց մոտ։ Ու երբ բնազդը աշխատում է, տեսնում ես, որ դա բնազդն է։ Կարելի է հասկանալ, թե ինչը ինչ արձագանք առաջացրեց, ոնց ազդեց ու սենց բաներ, ու դրանք հետո պրոյեկտել խելացիների վրա։

Իսկ ավելի խելացիների մոտ, բնազդները ծածկված են մի քանի շերտերով, ու երբ աշխատում է բնազդը դու տեսնում ես այդ շերտերի աշխատանքը։

Որովհետեւ բոլորիս մոտ էլ գրեթե նույն մեխանիզմներն են, տարբեր քանակի շերտերի տակ աշխատող։ Ու հա, գուցե լինեն այնպիսինները, որ այդ շերտերը այնքան լինեն, որ մակերեւույթի վրա ազդեցությունը չտեսնես։

Ու այդպես օրինակ դու կարող ես տեսնել խանդի արտահայտում ավելի քիչ խելացի մարդու մոտ, հետո նույն այդ երեւույթը կարողանաս ճիշտ տեղում բռնացնել ավելի խելացիի մոտ։

Մարդիկ, իրենք իրենցով արդեն շատ հետաքրքիր են ինձ համար։ Իհարկե տարբեր մարդիկ տարբեր նպատակներով են հետաքրքիր ։Դ