Զգուշացե՛ք «Ժառանգությունից», նրանք կարող են «աչքով տալ»

Ուրեմն․
էս անգամվա ընտրություններին, մեր ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը մի հատ կրկես էր։
Բոյը՝ 180սմ կամ ավելի հաղթանդամ տղամարդ, 40ին մոտ։
Ձայների հաշվարի ժամանակ, հենց Ժառանգության ներկայացուցիչը ասում էր․
― Բայց, ոնց որ, ձեր վիճակը լավ ա, ահագին ձայն ունեք։
Էս մարդը ասում էր․
― Էս կնիկը աչքով ա տալու, հա՜, ― ու ինքն իրեն մի լաավ կմճտում էր։

Չհիասթափվել

Սիրտս ցավեց մեկ, երբ հասկացա, որ ինչ եղել է, արդեն եղել է, ու մարդը վախեցած է, կամ գնված եւ վախեցած։ ՀՀ քաղաքացին իր՝ հանրապետականից ունեցած վախը, ծածկել է չտեսնող աչքի հետեւում, կաղ ոտքի հետեւում։ ՀՀ քաղաքացին հոգով է կաղ դարձել իր վախից, վախ, որը նրա մեջ են մտցրել տարիների ընթացքում, յուրաքանչյուր օր։

Սիրտս ցավեց երկու, երբ տեսա պարտաճանաչ ու պատասխանատու ՀՀ քաղաքացուն, ով եկել է տեղամաս իր պարտքը կատարելու, ու իր որոշիչ ձայնի միջոցով փոփոխության հասենելու, ու նրա կողքին տեսա հանրապետականի կողմից ճնշված ու ոչնչացված քաղաքացու անորոշ քայլերը դեպի քվեախուց։

Սիրտս ցավեց երեք, երբ քաղաքացին հիասթափվեց, բարկացավ ու հիասթափվեց, գաղթի մասին մտքերով լցրեց գլուխը։

Սիրտս չորրորդ անգամ Չի՛ ցավելու։ Գաղթի ուղին մեզ Չի՛ փրկելու։

Հիասթափվելու ժամանակը չէ, մենք չենք կարող մեզ նման շքեղություն թույլ տալ ինչպիսին հիասթափությունն է։
Ձեր հիասթափությունը դուրս հանեք ձեր միջից, բայց փողոց ու այլ մարդկանց վրա մի նետեք։

Նման օրերին չարությունն ու զայրույթը նույնպես մեզ չեն օգնի։ Եղանակը տաք է, բայց գլուխներս սառը պահենք ու կանգնենք քաղաքացու կողքին, նրա միջից հանելու վախն ու անհուսությունը։

Այսօր, ես գնում եմ Ազատության հրապարակ բոլորիդ անհուսությունը քաշելու իմ մեջ եւ վերացնելու։
Վճռականություն ու ուժ է պետք մեզ դիմակայելու ծախվածներին։

Օրենքը օգնում է խախտողներին

Ուրեմն․

Երեկ, ես թիվ 6/15 ընտրատեղմասում վստահված անձ էի։ Մեր ընտրատարածքում կեղծիքները եղել են ընտրատեղամասերից դուրս։ Ավելորդ եմ համարում խոսել բաժանվող ընտրակաշառքների մասին, բերված մարդկանց մասին։ Իսկ հենց ընտրատեղամասում խախտումները աննշան են եղել։ Ու ընտրությունները մեզ մոտ կեղծվում են հիմա արդեն ընտրատեղամասերից դուրս։ Ընտրությունները կեղծվել էին, մինչեւ ընտրության օրը։

Ամենակարեւոր բանը, ինչը մեզ խանգարեց այս ընտրություններում հենց ընտրական օրենքներն էին։

Օրինակ, իմ ընտրատեղամասի, ու նույն դպրոցում գտնվող 6/16 ընտրատեղամասի ՀՀԿ ու ԲՀԿ վստահված անձինք, ինչպես նաեւ ընտրական հանձնաժողովի ողջ կազմը (բացառությամբ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների), տվյալ տարածքի բնակիչներ էին, ովքեր շատ լավ գիտեին բոլոր ընտրողներին։ Ու շատ քիչ էին այնպիսի բնակիչները, ովքեր մտնելով ընտրատեղամաս «Բարեւ ախպերս, ի՞նչ կա» ձեւերով չմոտենային ՀՀԿ կամ ԲՀԿ վստահված անձանց։ Ու հենց քաղաքացիները իրենք էին մոտենում խոսելու։ Ըստ ընտրական օրենսգրքի, վստահված անձը կամ հանձնաժողովի անդամը իրավունք չունի նման տիպի շփում ունենա ընտրողների հետ, սակայն շատ բարդ է մարդուն ասել հարեւանիդ մի բարեւիր, հատկապես, երբ քաղաքացին ինքն է մոտենում։ Նաեւ հանձնաժողովի անդամները ազգուտակով ճանաչում էին իրար, ու դա նույնպես խանգարում էր նրանց միշտ վերահսկել միմյան աշխատանքը։

Այսինքն կարգը ամեն վայրկյան խախտվում է, հենց այն պատճառով, որ մենք հարեւանություն անել սիրող մարդիկ ենք, ու շենքերում բոլորն իրար գիտեն։ Ես, որպես վստահված անձ, չէի կարող արգելել մարդկանց զրուցել իրենց հարեւանների հետ։

Սա ընտրական օրենսգրքի անկատարության ու ՀՀ֊ի առանձնահատկություններին մերված չլինելու պատճառով է։ ՀՀ տարածքում, պիտի օրենքով արգելել, որ հանձնաժողովի անդամները կամ վստահված անձինք լինեն իրենց բնակություն վայրի ընտրատարածքներում։

Մյուսը, ժամկետանց անձնագրերի խնդիրն է։ Ըստ օրենքի, քվեարկության կարելի է ներկայանալ ժամկետանց անձագրով։ 6/15 ում ընտրողների մեծ մասը հենց այդպիսի՝ ժամկետանց անձնագրերով էր, օրինակ մի երեսուն քանի տարեկան տղամարդ կար, ում անձնագրի վավերականության ժամկետը 2007 թիվն էր։ Ուրեմն էդ մարդուն, էս հինգ տարվա մեջ, ոչ մի կերպ պետք չի եկել հա՞ իր անձնագիրը։ Ու նման դեպքերը շատ֊շատ էին։

Անվավեր քվեաթերթիկներից պարզ դարձավ, որ ընտրողների կոկորդին է հասել իրենց ճնշող ԲՀԿ֊ն ու ՀՀԿ֊ն, քանի որ, կային շատ քվեաթերթիկներ, որտեղ հայհոյական բառեր էին գրված, կամ այդպիսի նկարներ էին վեաձեւ նշանի փոխարեն։

Նաեւ, համամասնականի արդյունքները ամփոփելուց հետո, ՀՀԿ վստահված անձը ինձ հետ մասնավոր զրույցում ասաց, որ «Ժառանգություն» կուսակցությունը շատ ձայն է հավաքել (մեզ մոտ 79), որովհետեւ իրենք մարդկանց ասել են ընտրել 2 եւ 7 համարներին, նկատի ունենալով մեծամասնական եւ համամասնական թերթիկները (մեծամասնականում նրանց թեկնածուն էր 2-րդ համար Ռուբեն Հովսեփյան, իսկ համամասնակում 2-րդ համարը «Ժառանգություն» կուսակցություններ), իսկ ընտրողները խառնել են։ Դրանից հետո, ես ուշադրություն դարձրի, որ անվավեր քվեաթերթիկների մեջ շատ կային այնպիսինները, որ քվեարկած էր միաժամանակ 2֊ի եւ 7֊ի օգտին, այսինքն՝ «Ժառանգության» ու ՀՀԿ֊ի։

Մենք ունենք խնդիր նաեւ դիտորդական կազմակերպությունների հետ։ Նույն 6/15  ում ներկա էին չորս տարբեր դիտորդական կազմակերպություններից ներկայացուցիչներ, որոնցից երեքը անգործության էին մատնված, սակայն երբ ես ինչ֊որ ընտրախախտում էի տեսնում, ու հանձնաժողովի նախագահից պահանջում արձանագրություն կազմել, նրանք, ինչպես նաեւ ՀՀԿի վստահված անձինք, խոչընդոտում էին իմ պահանջները կատարելուն, մեծ աղմուկ բարձրացնելով, գոռգոռալով։ Հատկապես պիտի նշեմ «Ընտրությունը քոնն է» հկ֊ի ներկայացուցչին, ով քվեաթերթիկների հաշվման ժամանակ էլ էր ներկա, ու անընդհատ շտապեցնում էր հանձնաժողովի նախագահին, փորձելով խանգարել իմ պահանջած արձանագրությունների կազմմանը։

Եթե մենք չունենայինք այդ ժամկետանց անձնագրերի խնդիրը, դիտորդները չլինեին իրականում հանրապետական կուսակցությունից, ու հանձնաժողովի անդամները ու վստահված անձինք լինեին անծանոթ տարածքի բնակչությանը, խախտումները հնարավոր կլիներ թույլ չտալ կամ գոնե արձանագրել։

Շատ ցավում եմ մեզ բոլորիս համար։ Այս անգամ, չեմ կարծում, թե ծախվողները ավելի շատ են եղել, պարզապես տոկոսային հարաբերությամբ են մեծամասնություն կազմել, իսկ դա նշանակում է, որ արտագաղթը ու մարդկանց դրսում սովորելու ցանկությունը մեր տունը քանդում են։ Համոզված եմ, որ ՀՀ֊ն վերջին տարիներին լքած քաղաքացիները ներկայության պարագայում, կաշառակեր քաղաքացիների տոկոսը անհամեմատ ցածր կլիներ։

Դադարենք հայհոյախոսել պարոնայք ու անցնենք գործի ջենթլմեններ