Կոնգրեսականներին

Ուրեմն․

Ուզում եմ խոսել ինձ շատ հուզող մի երկու հարցի շուրջ։

Առաջ, քարոզչությունն ավելի հեշտ էր իրականացնել, որովհետեւ շատ մարդ չէր խոսում, խոսողները խելացի էին խոսում, իսկ հիմա, մեկը մի հատ լավ ելույթ կունենա, հետո ֆեյսբուքներում բոլորը կշարունակեն իրար վրա ցեխ շպրտել․ անիմաստ։

Մեկը կոնգրեսից դուրս կգա, բոլոր նախկին համախոհները կսկսեն գրել․ «տո դու ով էիր» ու սենց բաներ։ Լավ, մի՞թե պարզ չի, որ այդ դուրս եկողը այնքան չի վնասում, ինչքան հետեւից գոռացողները։ Մի՞թե պարզ չի, որ գոռգոռոցը ոչ մի դրական արդյունքի չի բերելու, հայհոյախոսությունը առավել եւս։

Ես այդ գոռգոռացող֊հայհոյողներին շատ մեծ կասկածանքով եմ վերաբերվում, հիշենք Նաիրա Զոհրաբյանին։

Վատը այն է, որ այդպես շատ հաճախ արտահայտվում են մեծ լսարան ու ինչ֊որ չափով հեղինակություն ունեցող կոնգրեսականներ ու իրենց էդ վճռական ու անբեկանելի գոռգոռոցով վերջ են դնում նորմալ քննարկումներին, վերլուծություններին, որովհետեւ մարդկանց միշտ էլ գրավում եւ գրավել են տաք֊տաք ասված խոսքերը, որոնց համար շատ մեծ խելք չի պահանջվում։

Հիմա, նայելով էդ ամեն ինչին, ես մտածում եմ, կարո՞ղ ա խոսքի ազատությունն էլ մեզ համար չի, ինչպես ժողովրդավարական ընտրությունները։

Չհիասթափվել

Սիրտս ցավեց մեկ, երբ հասկացա, որ ինչ եղել է, արդեն եղել է, ու մարդը վախեցած է, կամ գնված եւ վախեցած։ ՀՀ քաղաքացին իր՝ հանրապետականից ունեցած վախը, ծածկել է չտեսնող աչքի հետեւում, կաղ ոտքի հետեւում։ ՀՀ քաղաքացին հոգով է կաղ դարձել իր վախից, վախ, որը նրա մեջ են մտցրել տարիների ընթացքում, յուրաքանչյուր օր։

Սիրտս ցավեց երկու, երբ տեսա պարտաճանաչ ու պատասխանատու ՀՀ քաղաքացուն, ով եկել է տեղամաս իր պարտքը կատարելու, ու իր որոշիչ ձայնի միջոցով փոփոխության հասենելու, ու նրա կողքին տեսա հանրապետականի կողմից ճնշված ու ոչնչացված քաղաքացու անորոշ քայլերը դեպի քվեախուց։

Սիրտս ցավեց երեք, երբ քաղաքացին հիասթափվեց, բարկացավ ու հիասթափվեց, գաղթի մասին մտքերով լցրեց գլուխը։

Սիրտս չորրորդ անգամ Չի՛ ցավելու։ Գաղթի ուղին մեզ Չի՛ փրկելու։

Հիասթափվելու ժամանակը չէ, մենք չենք կարող մեզ նման շքեղություն թույլ տալ ինչպիսին հիասթափությունն է։
Ձեր հիասթափությունը դուրս հանեք ձեր միջից, բայց փողոց ու այլ մարդկանց վրա մի նետեք։

Նման օրերին չարությունն ու զայրույթը նույնպես մեզ չեն օգնի։ Եղանակը տաք է, բայց գլուխներս սառը պահենք ու կանգնենք քաղաքացու կողքին, նրա միջից հանելու վախն ու անհուսությունը։

Այսօր, ես գնում եմ Ազատության հրապարակ բոլորիդ անհուսությունը քաշելու իմ մեջ եւ վերացնելու։
Վճռականություն ու ուժ է պետք մեզ դիմակայելու ծախվածներին։

Ուզում եմ ապրել Հայաստանում

Ուրեմն․

Ես ահագին ժամանակ է, ոչ մի քաղաքական տեքստ չեմ գրել, չնայած ՀԱԿ յուրաքանչյուր հանրահավաքից հետո, շատ ասելու բան կար, պարզապես ինձանից լավ ասողներ այնքան կան, որ․․․

Առհասարակ, ես քարոզչությանը մասնակցում եմ «մի՛ վնասիր» կարգախոսով, որովհետեւ հասկանում եմ, թե մարդիկ հիմա ինչքան զգայուն են, ու ինչքան կարող են իմ «բարի նպատակները», բայց ոչ հավասարակշիռ խոսքը մարդկանց հակառակին բերել։

Ես գնալու եմ ընտրություններին, ու իմ ձայնը տալու եմ ՀԱԿ֊ին, որովհետեւ․

( մտածում էի, մի հատ երկաաար որովհետեւների շարք գրել, բայց հասկացա, որ անիմաստ է )

Ես չեմ ուզում այրվել պարտադիր հանրահավաքին մասնկացելուց, ես չեմ ուզում վախեցած քայլել իմ քաղաքի փողոցներով։ Ես ուզում եմ ապրել ու ոչ թե գոյատեւել Հայաստանում։

Ես չեմ ուզում ինձ «Առագաստ» սրճարանի զուգարանում սպանեն բարեւելու համար, ես չեմ ուզում ինձ հանրահավքի ժամանակ ծեծեն, ես չեմ ուզում Մարտի 1 լինի նորից։

Ես ուզում եմ, որ Ազգային ժողովում լինեն կրթված մարդիկ, ում ընդունած օրենքները կլինեն օրենք, ու ոչ թե օրենքը շրջանցելու հերթական միջոց։

Ես ընտրում եմ ՀԱԿ֊ին, որովհետեւ ես ուզո՛ւմ եմ ապրել Հայաստանում։ Ուզում եմ, ուզում։

Մի՛ զրկեք ինձ Հայաստանում ապրելու իմ հնարավորությունից։

Ո՛չ մի ձայն հանցավոր ռեժիմին։

Գաղափարների մասին

Ուրեմն․

Վերջերս զրույց ունեցա գաղափարների մասին, ու հիշեցի, որ ուզում էի տեքստ գրել, թե ինչ են ինձ համար գաղափարները, ու արդյո՞ք կարելի է դրանցից հիասթափվել։

Դպրոցում, ես մտածում էի, որ ժողովրդավարությունը կարող է լինել գաղափար, որին հասնելու համար մենք անենք ինչ ինչ քայլեր։ Կամ նույն կերպ, կարող է լինել սոցիալիզը գաղափար, ու դրան հասնելու համար ինչ֊որ բաներ անենք։  Ու նաեւ մտածում եմ, որ այդպիսի գաղափարները  շատ կարեւոր են, ու պետք է դրանց հետեւել, ու աշխատել հասնել։

Հիմա, ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը չի, որ ինձ համար այդքան կարեւոր է, այլ իրեն հասնելու ճանապարհը։ Նկատի ունեմ, ես որպես գաղափար սահմանում եմ, ոչ թե այն, որ մենք ուզում ենք լինի ժողովրդավարություն, ու ամեն ինչ կանենք դրա համար, այլ այն, որ մենք ուզում ենք ժողովրդավարություն, ու կանենք այ այսպիսի քայլեր դրա համար։

Որովհետեւ, կոպիտ ասած, բոլորս էլ ուզում ենք, որ լավ լինի։

Բայց մեր ուզած լավ լինելու ոչ միայն ձեւն է տարբեր, այլ այդ լավին հասնելու եղանակը, ու կարծում եմ, որ հենց հասնելու եղանակով է որոշվում, դա ի վերջո կլինի լավը թե չէ։

Այսպիսով, ես, հետեւելով մերօրյա ընդդիմության, ու նաեւ 2003ին Դեմիրճյանի ընդդիմությանը, հետեւմ եմ, ոչ թե քաղաքական կուսակցությունների ծրագրերին, ու համարում եմ, որ նրանց ծրագրերը ամենալավն են, այլ դիտարկում եմ, թե ինչպես են նրանք վարում պայքարը, ու երբ ինչպիսի քայլերի կգնան։

Իրականում, ես չեմ կարծում, թե Սերժիկը չէր ցանկանա այնպիսի քայլեր անել, որոնց արդյունքում ժողովրդի կյանքը մի քիչ լավանա, իրեն էլ հանգիստ թողնեն նստի էդ աթոռին։ Այլ հարցը այն է, որ նա իշխանության է եկել այնպիսի եղանակով, որիվ հետո նա արդեն ուզի էլ չի կարող ոչ մի լավ բան անել։ Որովհետեւ այդ լավ բաները անելու համար, նա պիտի մի քանի հոգու «նեղություն» տա, ինչը նա չի կարող անել։

Սա չի նշանակում, թե ասում եմ, խեղճ Սերժիկ։ Սա նշանակում է, որ ես ասում եմ, որ հիմա մենք այնպիսի վիճակում ենք, որ պիտի տեսնենք, թե որ կուսակցություններն են մեզ ավելի շատ հնարավորություն տալու լինել երկրի տերը, եւ որոնք ոչ։

Ու ընտրությունների պետք է գնալ այդ մտքով։

Ընդմիշտ պայքարի մասին

Ուրեմն․

2011ի սկզբից սկսած տեղի են ունենում այսպես կոչված համացանցային հեղղափոխությունները։ Ու նույնիսկ նենց երկրներում, որ պոռնո նայելով մեզնից հետ են  մենք, բանից անտեղյակ, մեր տանը նստած, համարում էինք, մեզնից ավելի քիչ ինտերնետվող, ունեցան տենց հեղափոխություններ, ասենք, Եգիպտոս՝ բոլորս մտածում էինք, որ նրանք ուղտ են քշում, ու Շարմ էլ Շեյխում բուդկա ունեն։ Ու դեռ Ռուսաստանում էլ չգիտենք ինչ կլինի։

Ես չգիտեմ, թե ինչքանով են դրանք իրականում սոց․ ցանցերով տարածված, համենայն դեպս, լրագրողները տենց են դա մեկնաբանում։  Իսկ այ Հայաստանում տեղի ունեցող ոչ մի գործընթաց չի կարելի անվանել սոց․ ցանցային։ Ու նույնիսկ լրագրողները օբյեկտիվորեն դա տենց չեն համարում։

Ու ես չգիտեմ, թե դա ինչից է։  Հա, որ այլ երկրներում փաստորեն մարդիկ ավելի լուրջ են մոտենում փաստորեն սոց․ ցանցերին, քան մեզ մոտ։ Ուրեմն նրանք ունեցած ամեն հնարավորությունը օգտագործում են պայքարի համար, ուրեմն նրանք իրոք ազատության ձգտող ժողովուրդներ են, իսկ մերոնք պարզապես աղջիկ կպցնելով էլ կբավարարվեն։

Բայց սա,  հաստատ այսպես չէ։ Մեզ ամեն կերպ փորձում են համոզել, որ դա այդպես է, ու դրա համար, օրինակ ԲՀԿ երիտասարդները, միշտ կմասնակցեն ֆեյսբուքյան հարցումներին, որ ամենաշատը իրենց թիվը լինի։ Ու իրականում, հա, դա աշխատում է փաստորեն։ Մարդիկ ընկճվում են։ Ու նույնիսկ նրանք, ում կարելի է հանրահավաքներին տեսնել, ֆեյսբուքում իրենց հայացքները չեն բարձաձայնում։ Հանրահավաք գալիս են, որովհետեւ այնտեղ երեւալուց չեն վախենում՝ տեսնողները իր նման մտածողներ են, կամ պարզապես են եկել, ում կարելի է ասել, որ դու էլ ես  պարզապես եկել։ Իսկ ֆեյսբուքում, կան տարբեր հայացքների մարդիկ՝ քեզ վատ կտրամադրվեն։

Ու մեզ մոտ ինտերնետներում քարոզչությունը փաստորեն չի աշխատում, այսինքն աշխատում է միայն իշխանամետ քարոզչությունը։

Ես համարում եմ, ամեն դեպքում, որ ինտերնետից օգտվողներն են հասարակության ավելի գրագետ, ավելի փորփրող, հետեւաբար նաեւ ավելի զարգացող հատվածը, ուրեմն մեզ լուրջ փոփոխություններ անելու համար հենց նրանք են պետք։

Ու շատ կարեւոր է, թե ինչի՞ այն փոքր ակցիաները, որ տեղի են ունենում Երեւանում՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պաշտպանության համար ակցիայից սկսած, մինչեւ Թեղուտ, Թռչկան, Արամի խաչմերուկ եւ այլն չեն վերաճում ավելի մեծ բաի։  Մի՞թե ակնհայտ չէ, որ այդքան ռեսուրս, մեզ՝ մտագոհվողներիս չի հերիքի պարզապես այդ բոլոր հարցերին տեղեկանալու,  ակցիաներին մասնակցելու համար, որովհետեւ ի սկզբանե կեղծիքով եկած իշխանությունը հա անօրինական քայլեր է անելու։ Ուրեմն ավելի ճիշտ չի՞ այդ բոլոր ուժերը մոբիլիզացնել, օրինական ընտրություններին հասնելու համար։

Ես չեմ ասում, թե մի անգամ կանցկացնենք օրինակ ընտրություններ, մեկին կընտրենք ու վերջ, ամեն ինչ լավ կլինի։ Էլ մուրացկան չի լինի երեւանում, էլ անօրինականություն չի լինի։  Տանը նստելով երբեք լավ չի լինելու, դրա մասին մոռանալ է պետք ընդմիշտ։ Պայքարը երբեք վերջ չի ունենալու։ Քանի դեռ ունենք պետություն, պիտի պայքարենք իր համար, իր մեջ օրինականություն հաստատելու համար։  Ու եւվորպական երկրներում,  իշխանությունը միշտ գիտի, որ իր ժողովուրդը ոտքի կկանգնի թե մի բան, ու նա միշտ պատասխանատու է այդ ժողովրդի առաջ։

Ինձ հաճախ անվանում են լեւոնական։ Դե արի ու բացատրի մարդկանց, որ ես լեւոնական չեմ, ես կողմ եմ ցանկացած մարդու, ով կընտրվի արդար ընտրությունների արդյունքում։ Ու միեւնույնն է, ով էլ լինի նախագահ, մեր պայքարը շարունակվում է։ Ու ով է լինի նախագահ, մենք պետք է զգոնությունը չկորցնենք, թեկուզ հաղթանակի ուրախության պատճառով։

90ականների ոգեւորությունը կոտրվեց, որովհետեւ ժողովուրդը մոռացավ, որ եթե ինքը քաղաքացի է, ապա պիտի միշտ իրեն պատասխանատու զգա իր երկրի առաջ։ Որ պիտի միշտ զգոն լինի։  Ու իշխանությանը միշտ հիշեցնի, որ պատասխանատու է իր առաջ։

Հիմա մարդիկ ասում են՝ «պայքարը շատ երկար տեւեց»։ Չկա տենց բան։ Քաղաքացին չպիտի բողոքի պայքարից, ինչպես չի բողոքում շնչելուց։ Մենք բոլորս պարտավոր ենք մեր պետության առաջ։

Ուրեմն, պայքա՜ր, պայքա՜ր, անվե՜րջ․․․

Չեզոքների մասին

Ուրեմն․
Ես ահավոր վատ եմ վերաբերվում, մենք կողմ ըլլալով անկախությանը, դեմ ենք անջատումին դեմ ենք իշխանություններին, բայց թող մնան տիպի մարդկանց։ Կամ նրանց, որ ոչ թե չեն ուզում իշխանափոխություն, այլ ուզելու հետ միասին, չհասկանալով խաղում են հենց իշխանությունների կողմնակից։
Տենց մարդիկ գալիս են հանրահավքներին, հետո անկապ ստատուսներ գրում՝ «ամբոխը․․․․․», ժողովրդին ամբոխ անվանելով։
Սենց ստատուսներին ես վերաբերվում եմ, որպես անձնական վիրավորանք։ Ամբոխը կառավարելի չի, ու եթե այդտեղ հավաքված մարդիկ ամբոխ լինեին, նրանց վաղուց ամեն ինչ ջարդում փշրում էին։ Դա ահավոր վատ վերաբերմունք է քո քաղաքի քո նման այլ քաղաքացիներին, ու նրանց ունեցած քաղաքական հայացքներին, ու եթե դուք այդպիսին եք, ապա իրավունք չունեք չեզոք կոչվելու։ Որովհետև էդ ձեր չեզոքի անվան տակ գրած ստատուսը, շատ մարդկանց վրա ահավոր տպավորություն է թողնում, ովքեր խելքի բախտի բերումով անտեղյակ են։ Ու իրենք ավելի շատ կլսեն չեզքներին։
Իսկ չեզոքները տենց են վերաբերվում, որովհետև չունեն պատասխանատվություն գործի առաջ, երկրի առաջ, որվհետև տենց սրտացավ չեն, մակերեսային են, ու իրականում, լավ էլ թքած ունեն ամեն ինչի վրա, հանրահավաքի էլ գալիս են լրիվ այլ նպատակներով։

Չհեղափոխելու արվեստի մասին

(այն, ինչ գիտենք բոլորս)
Ուրեմն․
Ես միշտ նախանձում էի մերոնց, որ իրենք 88 թվի հանրահավքները տեսել են, մասնակցել են, իսկ մենք տենց հնարավորություն չենք ունենա, քանի դեռ չէր եկել 2008ը ու նախագահական ընտրությունները։ Ու հենց սկզբից էլ բոլոր մարդիկ, 2008ի հանրահավաքները համեմատում էին 88ի հետ, ու հետևաբար պահանջներն էլ հանրահավաքներից, դրանցից որպես արդյունք ակնկալիքներն էլ նման էին։ Բայց ամենակարևոր տարբերության մասին մարդիկ մոռանում են, որ սովետի ժամանակ սոցիալական տենց խնդիրներ չկար, ու գաղափարական պայքար տանելը հեշտ էր ավելի, իսկ հիմա մարդկանց մեծամասնությունը ունի նման խնդիր, հետևաբար ակնկալում են արագ արդյունք։ Իսկ արագ արդյունք չէր լինելու, դա ասված էր հենց սկզբից, բայց մարդիկ նման մտքերը չլսելու են տալիս, ու սպասում են հեղափոխության։
Դե հեղափոխություն ակնհայտ էր, որ չէր լինելու հազար անգամ ասված պատճառներով։
Հիմա, մարդիկ ասում են, որ հանրահավաքներին, այ, ավելի քիչ մարդ է մասնակցում, ուրեմն շարժումը կործանվում է ու սենց բաներ։ Իսկ այն, որ հանրահավքներին հնարավոր չի լինի պահել 2008ի փետրվարի քանակությունը էլի ակնհայտ էր, նույն սոցիալական պատճառով։
մարդիկ հիասթափվում են
Կարծում եմ, որ միշտ հնարավոր է հիասթափվածին ոգևորել։ Նրանք ինչքան արագ հիասթափվում են, այնքան արագ էլ ոգևորվում են, նրանց պետք է արդյունք, ու արագ արդյունք։ Ես չեմ մեղադրում մարդկանց, ովքեր իրենց ակնկալած իշխանափոխությունը, հետևաբար նոր սոցիալական վիճակը չունենալով հիասթափվում են։ Բայց ես չեմ կարող չմեղադրել նրանց, հանրահավաքներին չմասնակցելու համար։ Ասենք, հա, հիասթափվել եք, հիասթափված եկեք։ ։Դ Միևնույնն է դուք դեմ եք իշխանություններին, չէ՞։ Ու հա, հենց էլի հասնենք ինչ-որ կրիտիկական, լարված վիճակի, էլի հրապարակը լիքն է լինելու, 100.000 մարդ կլինի այնտեղ (եթե Հայաստանում մնացած լինի 100.000 + իշխանություններ), բայց դա չէ հարցը․․․․
Իսկ ամենահետաքրքիր բանը այն է, որ հիասթափվողները հիասթափվում են, քանի որ չեն պատկերացնում, թե ոնց պիտի լինի իշխանափոխություն ընտրությունների միջոցով, առանց հեղափոխության։ Ու չեն հասկանում, որ հենց իրենց հիասթափվել, հանրահավաք չգալով էլ, անհնարին են դարձնում այդ իրենց երազած արդար ընտրությունները։ Դե գուցե ոչ այնքան արդար, բայց գոնե ոչ ամբողջովին կեղծված։
Իսկ մեխանիզմը շատ պարզ է։ Կեղծիքների համար պետք են ռեսուրսներ։ (Ի դեպ, հենց այդ ռեսուրսների բացակայության պատճառով է, որ իշխանությունները խուսափում են երկրորդ փուլերից, ընտրություններից հետո գները բարձրանում են։) Երբ ժողովուրդը կարողանում է հանրահավաքներով ճնշում գործադրել իշխանության վրա, ինչին հետևում են հրաժարականներ, պակասում է թե մարդկային, թե ֆինանսական ռեսուրսը։
Հետաքրքիրը այն է, որ հիմա փողոց դուրս եկած ռուսները, ովքեր թվիթերներում տարածում են հաղորդագրություններ #newdecembrists թեգով, նույնպես հեղափոխություն անել չեն պատրաստվում, ինչպես նշում է , այսինքն աշխարհում, քիչ թե շատ պատմություն ունեցող, հեղափոխություն ու դրա հետևանքները տեսածները, հրաժարվում են այդ կերպ իշխանափոխությունից։