հոգեբանների մասին

Մարդը միշտ կարծում է, որ ինքը իրեն ավելի լավ գիտի, քան իր շրջապատը։ Ավելի ճիշտ է տեսնում ու սենց բաներ։ Դա գուցե ինչ֊որ առումով փաստարկված է, որովհետեւ ոչ մեկ էդքան ինֆորմացիա չունի քո մասին ինչքան դու, բայց մյուս կողմից, արդյո՞ք ինֆորմացիան էդքան կարեւոր է։

Ու հետո մարդը գնում է հոգեբանի մոտ, պատմում է նրան, ու վստահում է, չէ՞ հոգեբանի ասածներին, հոգեբանի տեսած «ես»֊ին։ Բա էդ ո՞նց եղավ ։Ճ

Ու ստեղ, իհարկե, կարելի է ասել՝ «ես էդքան ինֆորմացիա եմ տվել հոգեբանին, դրա համար ինքը պատկերացում ունի»։ Բայց մարդը տալիս է հոգեբանին միայն իր ընկալման միջով անցած ինֆորմացիան, իսկ ես՝ կողքի մարդը ունեմ այդ նույն ինֆորմացիան կողքից։ Ու այստեղ է թաղված շան գլուխը ։Դ

Հոգեբանները աշխատում են մարդու հետ, ոչ թե մարդու շրջապատի հետ, բայց իրենց հաստատ պետք է մարդուն լավ ճանաչել, հասկանալ։ Ուրեմն եթե մարդու ընկալման միջով անցած ինֆորմացիայից չկարողանայինք հաստատունի ճշտությամբ վերականգնել ինչ է իրականում եղել, երեւի թե հոգեբանները չէին կարողանա աշխատել։ Ուրեմն մարդու մասին ամենակարեւոր ինֆորմացիան իր ընկալումն է։

Հիմա, եթե հոգեբանը կարողանում է իրականության միայն մի պրոյեկցիայից (այստեղ պրոյեկցիան մաթեմատիկական իմաստով եմ օգտագործում, այսինքն, իրականությունը անցնելով մարդու միջով, ինչ֊որ տիպի փոփոխությունների է ենթարկվում՝ պրոյեկտվում է) կարողանում է կառուցել իրականությունը հաստատունի ճշտությամբ, օգտագործելով իր գիտելիքները, փորձը եւ այլ, ապա արդյո՞ք նա կկարողանա Ա մարդու հետ կատարված դեպքի իրական տարբերակը կառուցել, օրինակ իմ պատմածներով։ Այսինքն, արդյո՞ք իրականության ցանկացած պրոյեկցիայից հետ գնալով կարելի է ստանալ նույն իրականությունը, թե՞ կստացի տարբեր իրականություն։ Ու դե ստեղից էլ, եթե տարբեր իրականություններ ստացվեցին, ուրեմն չկա իրականություն (դրա համար էլ շեղատառ եմ գրել)։

Նաեւ մտածում եմ, որ ամեն մարդ չի, որ կարողանում է էդ իրականությունը, որը գուցե եւ հեչ էլ իրականություն չի, վերկանագնել։ Դրա համար լիքը գիտելիք, փորձ է պետք։ Ու դա դեռ հոգեբանի գործի մի մասն է, իրականության, կամ չիրականության վերկանգնումից հետո նա պիտի կարողանա նաեւ մարդուն օգնել, ինչը երեւի թե ավելի բարդ կողմ է, բայց դա թողնենք մի կողմ, ու անդրադառնանք նրան, որ փաստորեն, ինձ ավելի լավ հասկանալու համար, պետք է լիքը գիտելիք ու փորձ։ Այսինքն, մարդուն կարելի է վերջավոր քանակի բան իմանալով, ահագին լավ հասկանալ։ Ու էդքանից հետո էլ մարդկանց մեծամասնությունը իրար լավ չեն հասկանում, կամ պարզապես չեն հասկանում։ Ինչի՞ էլի։ Որ հարցնես, երջանիկ, ուրախ, գնահատված, սիրված լինելու համար մարդիկ ինչ ասես կտան, բայց էդ վերջավոր քանակի նյութը չեն նստի սովորեն, որ դիմացինին ու առաջին հերթին իրենք իրենց ավելի լավ հասկանան, ուրեմն նաեւ սիրված, երջանիկ, չգիտեմինչին ավելի մոտիկ լինեն։

Ուֆ֊ուֆ, կյանք չի։

«չսխալվող» մարդկանց ու զարգացման մասին

Ուրեմն․

Մտածում էի զարգացում բառի մասին, ավելի ճիշտ սրա մասին․

― արդյո՞ք մենք բոլորս զարգանում ենք, թե՞ ամեն դեպքում, մարդիկ կան, ովքեր մնում են տեղում, կամ հետ են գնում։ 

Հա, իհարկե նկատի չունեմ, էն մարդկանց, որ ոչ մի բան չեն կարդում֊լսում֊ստեղծում, ոչ մի կերպ չեն փորձում մի բան ավելի իմանալ։ Խոսքս հենց էն մարդկանց մասին է, ովքեր առաջին հայացքից, ահագին կարդում են, մտածում են։ Այ իրենց մեջ, արդյո՞ք բոլորը զարգանում են, առաջ են գնում։

Ու էդ ժամանակ մտքիս երկու ծանոթ եկան։ Երկուսն էլ շատ կարդացող, խորացող, խելացի։

Նրանցից մեկը ինչ֊որ ժամանակը մեկ, իր հին հայացքների մեջ փոփոխություն է մտցրած լինում, կամ գուցե սկսում է հին ասածի ճիշտ հակառակը պդնել ինչ֊որ գիրք, նյութ կարդալուց ու սեփական մտքերը իմի բերելուց հետո։

Իսկ մյուսը ինչ կարդում է իր հին մտքերի ապացույցն է ստանում։ Այսինքն, ինֆորմացիան իրենից այնպես է ֆիլտրում ու ընդունում միայն նրանք, որոնք չեն խանգարի իր ունեցած պատկերացումներին աշխարհի, իր, ընտանիքի, ծնողների, ամեն ինչի մասին։ Սա իհարկե ինքը չի անում գիտակցաբար, ինչպես  Ֆրոյդն է ասում՝ «նրա ենթագիտակցությունը փակում է, վանում է նրանից տեղի ունեցողը, ու թողնում միայն իր համար անվտանգ ինֆորմացիան»։

(Վտանգավոր է համարվում  այն ամենը ինչը կարող է խախտել կամ կասկածի տակ դնել ծնողների կամ ինչ֊որ այլ հեղինակության կողմից ստեղծված  կարծիքը։ Կամ, օրինակ, Ֆրոմի մոտ շատ լավ օրինակ կար։ Ասում էր, որ գերմանացիները, ովքեր ապրում էին համակենրոնացման ճամբարների կողքին, պնդում էին, որ իրենք տեղյակ չեն եղել այդ ճամբարներում կատարվողի մասին։ Ու այստեղ Ֆրոմը նշում է, որ գուցե այո, նրանք տեղյակ չեն եղել, որովհետեւ նրանց ենթագիտակցությունը փակել է նրանցից այդ ինֆորմացիան։ Որովհետեւ իրականում նրանք չէին ուզում  դա իմանալ։)

Իհարկե, կարելի է մի քիչ ավելի խորը փորել, ու հասկանալ ինչի է այդ մարդը ենթագիտակցաբար փակում իրենից այլ կարծիքի ճիշտ լինելը, բայց դա այլ հարց է՝ մի մակարդակ ավելի ներքեւի մասին։ Իսկ այս մակարդակում, պարզ է դառնում, որ մարդը իր առաջ փակում է շատ կարծիքներ (ոչ թե ուղղություններ, այլ մի ուղղության տարբեր կարծիքներ) ու նայում է միայն մի կողմ։ Չգիտեմ, դա որքանով կարելի է զարգացում կոչել, իհարկե հիմա կարիք կա սահմանելու զարգանալը   ամեն դեպքում,  ինձ համար ավելի ընկալելի ձեւով զարգացող մարդ է առաջինը։ Այսինքն նա, ով զարգանում է ճշմարտությունը հասկանալու համար, ու ոչ թե իր նախկինում ասածների ճշմարտացիության մեջ համոզվելու համար։ Ու այո, դա նշանակում է, որ այդ երկրորդը  լուրջ խնդիր ունի սեփական սխալները ընդունելու հետ։ Որոնք իհարկե շատ ավելի խորն են գնում։

Սենց խառը մտքեր։

psycampevn12֊ի ու հոգեբանության մասին մտքեր

Ուրեմն․

Երեկ տեղի ունեցավ Հայաստանում առաջին հոգեբանական չկոնֆերանսը՝ psycamp֊ը։

Ուզում եմ ասել, որ psycamp֊ը իր ներկայացումներով ավելի մոտ էր իր անվանմանը, կամ, կարելի է նույնիսկ ասել, որ շեղումներ չկային հոգեբանական թեմաներից։  Այսինքն բարքեմփին «դեսից դենից» «ծիծաղի տուն» ներկայացումները շատ են լինում, իսկ այս տարվա psycamp֊ին չկային։ Գուցե դեռ առաջին տարին է, ու գովազդա֊հումորա֊դատարկաբանները դեռ չեն հայտնաբերել նոր բեմը, ինչեւէ։

ԵՊՀ֊ի մթնոլորտը այնքան էլ համապատասխան չէր միջոցառման ֆորմատին, բայց ամեն դեպքում, ներկայացումներն ու մարդիկ փոխեցին ամեն ինչ։

Իսկ վերջում ելույթ ունեցող Բեյրութից ժամանած հայ հոգեբանից իմացա, որ լուսնոտներին կարելի է արթնացնել։ Նա շատ լավ էր դա ասում արեւմտահայերեով՝ «ավելի լավ է մարդ վար ընկնի պատուհանեն, քան տրաումա հասցուցանե՞ս» (ես կանոնները չկարողացա լրիվ պահեմ, բայց մոտավորապես սենց ։Դ)։

Բայց ամենակարեւոր բանը, որ ես հասցրեցի ֆիքսեմ ինձ համար, այն էր, որ հոգեբանությունը, դրա տեսությունը հաճախ ակնհայտ է լինում, օրինակ, շատ դեպքերում ինձ համար։ Ասենք շատ բաներ ինձ պետք չի կարդալ, պետք է մի տաս րոպե մտածես, որ հասկանաս, թե մանիպուլյացիա ով կարող է անել, ինչ նպատակով + մի քիչ էլ քո ու ուրիշների կյանքից փորձ + գրականություն (գեղարվեստական) հանդիպած օրինակներ, ու ամեն ինչ իր տեղն է ընկնում։

Ու, կարծում եմ, հենց սա  է պատճառը նրա, որ մեր հասարակությունը հոգեբաններին մի տեսակ են վերաբերվում, էլ չեմ ասում հոգեբանների ծառայություններից օգտվողներին։

Նկատի ունեմ, որ այն չիմացությունը հոգեբանությունը հոգեբուժության հետ խառնելու, ու ասելը «գիժ եմ , ինչ եմ, գնամ հոգեբանի մոտ», դա մի կողմն է միայն։ Մյուս կողմը, ավելի գրագետ ու խելացի մարդիկ են, ովքեր կարդացել են հոգեբանների մի քանի գիրք, կամ մի երկու տեսության են ծանոթացել, ու այդ տեսությունները նրանց հեշտ են տրվել, ակնհայտին շատ մոտ, այդ պատճառով հոգեբաններին թերահավատորեն են մոտենում, ու մտածում՝ դե ես էլ եմ հասկանում։

Բայց, հոգեբանության գեղեցկությունը, իմ կարծիքով նրանում է, ո ր հասկանալ տեսությունը չի նշանակում, որ դու կկարողանաս ինչ֊որ մեկին օգնել, կամ ինքդ քեզ օգնել։ Օրինակ, մաթեմատիկայում եթե դու գիտես տեսությունը, շատ դեպքերում, դու կարող ես գործնականում այն կիրառել, իսկ հոգեբանության պարագայում դա մի փոքր այլ է։

Նկարները վաղը ։Ճ

Հոգեւոր հետամնացության մասին

Ուրեմն․
Մտավոր հետամնացության նման կա նաեւ հոգեւոր հետամնացություն։ Ու դա շատ ավելի բարդ է սահմանել։ Օրինակ, ես կարծումե եմ, որ այն մարդիկ, ովքեր ահավոր ծանր են տանում մահը, չեն համակերպվում դրա հետ ոչ մի կերպ, հոգեւոր հետամնաց են։
Հա, նրանք կարող են շատ լավ մասնագետ լինել, ահավոր հեռու լինել մտավոր հետամնացությունից։ Այդպես, ես երկար ժամանակ չէի հասկանում, ոնց կարող է ինչ-որ մեկը տենց հիանալի մաթեմի խնդիրներ լուծի, բայց կյանքից էդ աստիճան բան չհասկանա։ Իսկ դա բացատրվում է հենց իմ նշած հոգեւոր հետամնացությամբ։
Հոգեւոր հետամնաց մարդիկ, մի տեսակ կյանքից կտրված են, երբեմն կյանքը մերժող են՝ «դուք հիմարությամբ եք զբաղված»։
Նրանք, ինչպես նշեցի, կարող են լինել շատ լավ մասնագետ, կարող են լինել շատ ֆիլմեր դիտած, շատ կարդացած։ Բայց այդ ամենը, մի տեսակ մեխանիկորեն արած։ Չգիտեմ։ Որովհետեւ գրքերը կարդացել են, ու հավանել ըստ վարկանիշի մի ինչ-որ տեղ տեսած, կամ հեղինակի հայտնիության, իսկ որ նոր հեղինակ տաս, տեքստը վերլուծել կամ ասել գրողը լավն է թե չէ, չեն կարողանա։
Նույնը, երբ մարդը իրեն չի տեսնում, էլի՝ հոգեւոր հետամնաց է։
Բայց ուրեմն, ո՞նց է եղել, որ մասնագետ է դարձել։
Բավականին բարդ հարց է, ու ես իհարկե չեմ կարող մտավորն ու հոգեւորը իրարից բացարձակ առանձին դիտարկել։ Օրինակ, ինձ համար ավելի կարեւոր է տեսնել, թե մարդը ոնց է ինչ-որ բան սովորում, քան տեսնել, նա դա սովորեց թե չէ։ Որովհետեւ սովորելու ձեւը, իմ կարծիքով շատ-շատ է բնութագրում։ Ասենք նա պատմության դասը կարդում պատմում է՞, թե պարբերություն առ պարբերություն է կարդում ու պատմում, թե մի անգամ կիսատ-պռատ կարդում, թե մի անգամ նորմալ կարդում ու գնում։ Ու ես համոզված եմ, որ հոգեւոր հետամնաց մարդիկ, սովորելու ձեւով տարբերվում են։ Ասենք նրանց ավելի հեշտ է հիշել ինչ-որ բաներ, կարող է նույնիսկ, անցյալում սովորածի պաշարի հաշվին, ու քանի որ լավ հիշողություն ունենան, թվա, թե կիսաանգիր մեթոդներով չեն սովորում։
Հոգեւոր հետամնացներին հայտնաբերելը ավելի բարդ է, դրա համար էլ հոգեւորը մտավոր հետամնացությունից էլ վատ է։ Այն շատ դժվար է դուրս գալիս ջրի երես, մարդիկ մտածում են, բայց չէ՞ որ նա այնքան լավ քիմիա գիտի, ուրեմն խելք էլ ունի, ուրեմն կյանքում էլ կկիրառի։ Չէ, քիմիայի ասպարեզում խելք ունենալը չի նշանակում, որ կյանքում էլ կկիրառի։ Իսկ այ հակառակը պնդել կարելի է։ Ես չեմ հանդիպել այնպիսի մարդկանց, որ կյանքում տենց լավ կողմնորոշվեն, իսկ մասնագետ որպես կայացած չլինեն։ Որովհետեւ հոգեւոր զարգացածությունից բխում է նաեւ մտավոր զարգացածությունը, իսկ հակառակը, ցավոք, ճիշտ չէ։