առաջ հակառակն էի մտածում, բայց հիմա գիտեմ.
մարդու լավագույն ընկերը չպետք ա իր բոյֆռենդը/գըրլֆռենդը լինի: բաժանվելուց հետո, բացի ամեն ինչից, կորցնում ես նաեւ լավագույն ընկերոջդ, ինչը երեւի թե ամենաոռին ա

նույն գրքի տարբեր գլուխներ, բարեւ

Ճոճվում ա ծառի ճյուղը։
Մարդիկ անցնում են արագ․ բոլորը շտապում են, ոչ ոք ոչինչ չի նկատում։ Ծառից կախված ճոճվում եմ ես։ Ձեռքերս հոգնել ու ցավում են։ Որոշում եմ հերթով՝ մեկ մի ձեռքիցս կախվել, մեկ՝ մյուս, ամեն անգամ աջ կամ ձախ ձեռքիս մի փոքր հանգստանալու հնարավորություն տալով։ Մարդիկ արագ֊արագ անցնում են ծառի տակով։ Ես հիմա արդեն արագ֊արագ փոխում եմ ձեռքերս․․․ դա էլ չի օգնում։ Մտածում եմ ոտքերով բռնվել, բայց էդ դեպքում էլ, եթե հանկարծ ոտքերս էլ թուլնան գլխով եմ ընկնելու գետնին։ Չէ, ավելի լավ է հիմա ընտրել ինչ֊որ մեկին ու ընկնել մեջքին։ Պետք ա ընտրել ամուր մեջքով մեկին։
Էդ պահին մտքերս շեղվում են, մտածում եմ, թե Ա․Գ․֊ն ինչի՞ ա ինձ էդքան նյարդայնացնում։ Էսօրվանից ինքն ինձ սիրում ա։ Բոլոր գրառումներիս տակ երեւում ա։ Տեսնես ինչի՞ ա էդքան նյարդայնացնում ինձ։ Ա․Գ․֊ի մասին հիշելուց ավելի են թուլանում ձեռքերս։ Հետ եմ գալիս ամուր մեջք փնտրելու մտքին։
Ուշադիր զննում են անցորդներին։ փորձում եմ գուշակել։
Էդ պահին չատով մեկը գրում ա, նորից ա գրում, մի անգամ էլ ա գրում։ Ես, որ սովոր եմ չատերին անմիջապես պատասխանել, որովհետեւ կարող ա եւ ինքն ա գրել, միանգամից հանում եմ հեռախոսս ջինսիս նեղ գրպանից։ Սառած ու ուռած ձեռքս քերծվում ա ջինսիս գրպանի կոշտ հատվածից, արյուն ա գալիս։ Հիմա հեռախոսս հանել եմ, կարդում եմ՝ ինչ֊որ անկապ աղջիկ առաջարկում ա լայքել՝ իր բնորոշմամբ հրեշտակ երեխայի լուսանկարը, որ վերջինս հաղթի «հրեշտակների հրեշտակ» մրցույթում։ Ես մտածում եմ՝ գրողի ծոցը էդ մրցույթը ու լայքում եմ հինգից տասը ֆոտո։ Ձեռքիցս արյունը կաթում ա։ Մարդիկ շատ խիտ ֊ խիտ են քայլում, բայց եւ արագ։ Սպիտակ մազերով մի մարդ հիմա գլխին ունի մի կաթիլ սառը, թանձր արյուն, որ մինչեւ ներքեւի կանգառը հասնելը կչորանա, կսեւանա։ Էդ մարդը, որ արյանս մի կաթիլը հետը տարավ, ինձ հիշեցրեց քեզ։
Դու պատմում ես իմ գաղտնիքը ուրիշին, որովհետեւ ես չգիտեմ, թե ոնց, բայց նենց ա ստացվել, որ իմ ու քո գաղտնիքները հիմա արդեն կապված են նաեւ ուրիշների հետ։ Ճիշտ էնպես, ոնց քո ու ուրիշների գաղտնիքներն էիր ինձ պատմում․․․ դե, որովհետեւ դրանք էլ ինձ հետ էին կապվել էն ժամանակ։ Ու էնպես ա ստացվել, որ հիմա անհաշվելի թվով կանայք գիտեն իրար մասին ամեն ինչ, ու էդ ամեն ինչը դու ես իրենց պատմել։
Մտածում եմ, որ երեւի պետք ա հանդիպել բոլորի հետ, որովհետեւ իրենք են ինձ հարազատ։ Մենք նույն գրքի տարբեր գլուխներ ենք, չպիտի իրարից էդքան տեղյակ լինենք, բայց երբեք նստած ու զրուցած չլինենք։ Ախր մեզ մի ամբողջ գիրք ա միավորում։ Մենք էդ գրքի գլուխներն ենք, պիտի որ լավ ընկերներ դառնանք։
Թուլացած ձեռքերս նորից հիշեցնում են իրենց մասին։ Ես, չգտնելով ամուր մեջք, բաց եմ թողնում ձեռքերս ու հայտնվում գետնին։ Մտածում եմ՝ ինչ հիմար եմ, որ ամուր մեջք լիներ, ես հո ծառը բարձրացողը չէի։
Ու նորից եմ բարձրանում ծառը։

կարոտի մասին գրառում

նենց եմ կարոտել երկաաար զրույցները։ շատ երկար զրույցները, ժամերով խոսել-լսել-կարծիք փոխանակելը՝ կինոյի մասին, գրքերի մասին, մարդկանց մասին ու կյանքի, քաղաքականության ու ծրագրավորման մասին։
կարոտել եմ հանգիստ կինո նայելը։
կարոտել եմ գիրք կարդալուց իմանալը, որ հաստատ մեկը կա, ում հետ կարող ես քննարկել, ու մանրամասն դետալներով պատմել, ով քեզ հաստատ չի շտապեցնի, կլսի քո կարծիքն ու իր համար էդ կարեւոր կլինի։
կարոտել եմ զգացողությունը, որ ոչ թե դու ինչ֊որ կամ հերթական գործողություն ես, այլ հենց հիմնականն ես։ որ ոչ դու ունես շտապելու տեղ, ոչ էլ դիմացինդ։ որ էն տեղը, ուր շտապում էիք, արդեն հասել եք։
տխուր ա։

երազ

սառը քրտինք, կարմիր աչքեր, երազ եմ տեսնում․
սպիտակ էկրանին եմ նայում, էկրանի միջից մեկն ասում ա՝ եթե ֆոտո լինեիր, ռեդ այ ռիմուվերով աչքերիդ կարմրությունը կվերացնեինք,
բայց քանի որ նկար չես․․․ կարմրությունը չենք կարող հանել, բայց աչքերդ կհանենք։ վերջում էլ թե՝ կներես։
ասում եմ՝ չէ, ինչ կներես, հանգիստ հանեք, ինձ մեկ ա պետք չեն։ ես վաղուց նայում եմ, ու դեռ ոչ մի լավ բան չեմ տեսել էդ աչքերով։ տարեք տվեք ինչ֊որ մեկին, ով կարող ա եւ տեսնի։
ասում են՝ հա, սահմանամերձ գյուղերի համար հիմա աչքեր ենք հավաքում։ բայց քոնոնք կարմիր են, կարող ա չվերցնեն։ կարմիրը մթության մեջ երեւում ա, դե իրենք էլ սահմանին են ապրում, վտանգավոր ա։
զարթնում եմ, աչքերս կարմիր են, տեղում են։ սահմանամերձ գյուղերի համար գրքեր են հավաքում։ կարմիր կազմով գիրք եմ առանձնացրել հունվարի 24ի համար։

ամենօրյա

մարդիկ, որ կարող էին մեզ համար դառնալ ինչ-որ կարեւոր մեկը, բայց գերադասեցին մնալ ընկերներ, իսկ հետո պարզապես ծանոթներ, ավելի ուշ` ուղղակի «բարեւ, ո՞նց ես»
«դո՞ւ»
«ես էլ»
ու մենք, որ գերադասեցինք մնալ Հայաստանում ու չլինել հաջողակ մեր գործում, որ գերադասեցինք խոնավ փաբերը տաք տներին, ու գաղջ ըմպելիքը` տաք սրտերին, մենք միեւնույնն ա ավելի շատ չենք մենակ, քան նրանք, որ տաք տներում են իրենց ամուսինների հետ, ովքեր փնտրում են ազատ վայրկյան, որ գրեն սիրուհուն ու պայմանավորվեն հաջորդ հանդիպման մասին:
ու հաջորդ հանդիպման մտքով գրկեն իրենց կանանց ու ասեն, որ սիրում են` ձեռքում ամուր սեղմելով սմարթֆոնը, ու հանդիպման հույսը:
տաք սուտը տաք տներում, գաղջը` փաբերում, ու մենք էդ երկուսի արանքում` ավտոբուսում սեղմված:

2ն ա հունվարի

ներքին հիշողությունս լցվել ա, դրա համար ինչ միտք ունենում եմ արտաքին վինչի վրա եմ գրում՝ թվիթեր, բլոգ, ֆբ, թուղթ՝ զուգարանի, անձեռոցիկ, սբրոց, օղու շշի պիտակ՝ սպիտակ, ձեռքի ափ՝ տաք ու մի քիչ էլ թաց, մեկ֊մեկ ճակատ, եթե տողեր կան։ վերելակի պատն էլ ա հարմար, մեջի հայելին էլ, բայց պամադա չունեմ, որովհետեւ պռոշ չունեմ։
ըտենց բաներ
բա ի՞նչ կա

Կարդացի Մեսրոպ Հարությունյանի «Աբկայը»։
Չնայած որ սիմվոլիզմը հեչ չեմ սիրում, բայց Աբկայը հուզեց ինձ, շատ։
Ու հա փորձում էի հասկանալ ինչն ա հուզում։ Ինչ֊որ նոր բան ա՞ ասել, որ չգիտեինք։ Չէ, «նոր» բան չի ասում։ Ասում ա էն, ինչի տակ ենք մենք։ Ու էդ ա ամենաշատը հուզում։ Անկախ նրանից, թե էդ թվերի պատմությունը մենք ինչքան լավ կամ ինչքան վատ գիտենք, մեկ ա՝ էսօր մենք բոլորս դրա տակ ենք։ Անկախ նրանից, թե Վազգենին ոնց ենք վերաբերվում, թե Վանոյին ոնց ենք վերաբերվում, մենք էսօր էլ դրա մեջ ենք։
Էդ ոչ թե ուղղակի պատմություն ա, էդ մեր պատմությունն ա, երեւի դրա համար ա տենց հուզում։
Իսկ գրքում լավ կլիներ, որ ծանոթագրություններ լինեին, որովհետեւ ավելի երիտասարդ ընթերցողի համար գուցե բոլոր դեպքերի հղումները չէր, որ պարզ էին։
Տենց։

ժամանակը

էն որ հիմա միակ փրկությունդ էն ա, որ պարզվի, որ ժամանակը շրջաններով պտտվում ա․ վերջանում ա, հետո նորից՝ 0ից սկսում։ տենց հնարավորություն ես ունենում էդ պահերը մի անգամ էլ ապրել։ ուրիշ բանի հույս չկա։

պայծառ սերունդ

Ամեն օր նույն շրջանն ա։
Առավոտյան ամեն գնով փորձում եմ չզարթնել, արդյունքում ընդամենը հաջողվում ա հնարավորինս ձգել արթնանալս։ Զարթնում եմ։ Իմ հետ միասին զարթնում ա գլխացավս (էստեղ մի շարք խելացի մարդիկ կպնդեն, որ ուշ զարթնելուց ա։ Ես կհակափաստարկեմ, որ երկար չեմ քնում, ուշ եմ քնում, ուշ եմ զարթնում։ Խելացի մարդիկ միանգամից կասեն՝ ըհը, հենց դրանից ա։ Ես կալարեմ սաղ կյանքս պատմեմ ու հիմնավորեմ, թե ինչի դրանից չի, ուղղակի գլխով կանեմ, կավելացնեմ՝ երեւի, որ փակենք թեման։)։ Գլխացավիցս մի քիչ հետո կզարթնի սրտխառնոցս։ (Ո՞ր մեկիդ ձայնն եմ լսում «․․․գնա բժշկի»։) Հետո ամբողջ օրը մի կերպ գլորում ենք երեքով։
Արանքում լիքը խելացի մարդիկ բազում խորհուրդներ են տալիս, մարդիկ՝ ումից դու խորհուրդ չես հարցրել, անվերջ խորհուրդ են տալիս։ Նույնիսկ պետք էլ չի ասել, թե քեզ հետ կոնկրետ ինչ ա պատահել։ Իրանք էնքան կյանքի փորձ ունեն արդեն, որ քո փոքրիկ կյանքը իրանց համար ոչ մի բան ա, ի՞նչ նոր բան դու կարաս ասես իրանց, ի՞նչ նոր բան պիտի պատմես, որ չեն լսել։ Դրա համար էլ մարդիկ միանգամից լուծումներն են առաջարկում։ Դեմքիդ արտահայտությունը տեսնում են, ու միանգամից իդենտիֆիկացնում խնդիրը։ Խնդրից էլ միանգամից լուծումը։ Ըհը, ախպեր։ Առ գնա։ Սաղ ասեցինք, քեզ մնում ա մենակ անելը։ Լուծումը ճպացնում են դեմքիդ ու ուղարկում տուն։ Հետո էլ ինքնագոհ ժպիտով հետեւիցդ ասում՝ մի ջահելի էլ օգնեցի։ Ու, քանի որ, ինքը կյանքի տենց մեծ փորձ ունի, ուրեմն իրա առաջարկած (ավելի հաճախ պարտադրած) լուծումն էլ քեզ անպայման պիտի օգնած լինի։ Ու հետո քո ամեն քայլը տեսնելով, ինքը արդեն կմեկնաբանի, որ դու բուժվում ես։ Որ քեզ էապես ավելի լավ ա։ Ախր անզեն աչքով էլ երեւում ա, որ արդեն գրեթե մինչեւ վերջ ազատվել ես էդ խնդրից։ Մի քիչ էլ ու դու կլինես լրիվ լրիվ լրիվ անխնդիր ու պայծառ սերնդի, անկախության սերնդի իրանց սպասած ներկայացուցիչ։
Ծափահարեք խնդրեմ։
Հիմա արդեն դու պետք ա խաղաս անկախության պայծառ սերնդի քո դերը։ Խաղա հլը, թափով, ինչ ես տխուր նստել։ Քեզ տխրել չի կարելի։ Ի՞նչ ես տեսել դու քո կյանքում, որ համարձակվում ես տխրել։ Մենք պիտի տխրենք, բայց մենք չենք տխրում։ Ուրեմն ո՞վ ես դու, որ տխրես։
Կարճ ասած, խաղա քո դերը, հպարտ եղի, որ էնքան թույն ազգի ներկայացուցիչ ես, որ հերիք չի ամեն լավ բան հայն ա տվել աշխարհին, մի հատ էլ կողքի սաղ չուզող ազգերը քեզ ցեղասպանել են (1,2 անգամ, ըստ տարբեր հաշվարկների)։
Դե, գլուխդ բարձր, գնա որոճա։ Ու կարեւորը չմոռանաս՝ «էրեխեք մի քիչ պոզիծիվ էղեք էլի՜»։
(Մենակ թե բախտս բերի, էս գիշեր քնեմ, մենակ թե բախտս բերի, էս գիշեր քնեմ։)

Մ․Հ․Շ․ ու Ա․

Տունը աղմկում ա։ Պատերն են ճռռում երբեմն, երբեմն դռները, երբեմն սեղանը։ Երեւի խոսում են իրար հետ, որ մենակությունից չգժվեն։ Երեկ էլի գնացել էի հողամաս։ Մեր փողոցում կա մոտավորապես 40 տուն (ամենաքիչը) ու ոչ մի տանը մարդ չկա։ Կատարյալ դատարկություն։ Ուրիշ փողոցներում գոնե մեկ երկու տանը լույս էր վառվում, իսկ մեր փողոցից նույնիսկ շներն էին գնացել։ Էլի հաց էի վերցրել հետս, որ եթե շներին հանդիպեմ, կերակրեմ ու էդ լեվըլը անցնեմ։ Էնտեղ տենց ա, երբ փոքր էի հայրս որ գնում էր հողամաս ձմռանը, վերցնում էր հետը հաց ու նոր էր գնում։ Ճանապարհին սոված շները շրջապատում էին, ինքն էլ կերակրում էր շներին ու շներն իրեն մինչեւ տուն ուղեկցում էին, որ շների այլ խումբ չմոտենա հորս։ Էն ժամանակ հողամասի մեր փողոցում ապրում էր Անդոն։ Անդոն հարբեցող էր, ու կինը տնից դուրս էր հանել, ինքն էլ եկել ու ապրում էր հողամասի իր տանը։ Նոր տարին ամենատխուրը անցնում էր Անդոյի համար, որովհետեւ հողամասի լռությունը տոներին հատկապես ա զգացվում։ Մի տեսակ մեռելային լռություն ա, որ հա ուզում ես անցնի, որ մի ինչ֊որ աղմուկ միջամտի, բայց շների հաչոցից բացի ուրիշ ոչ մի ձայն չի լսվում։ Իսկ շներն էլ սովից ու մենակությունից են հաչում ու ավելի շուտ կաղկանձ ա հիշեցնում, քան հաչոց։ Բայց տոներին շների հաչոցն ա նույնիսկ հեռանում հողամասերից, որովհետեւ շները տոներին գնում են գյուղ, որտեղ, իհարկե, գյուղի շները հալածում են մեր հողմասերի շներին, բայց մարդիկ, որ տոներին մի քիչ ավելի բարի են դառնում՝ իհարկե ալկոհոլի ազդեցության տակ, մեկ֊մեկ կերակրում են հողամասերի շներին ու սրանք ձմեռը մի կերպ անց են կացնում։ Ոհմակից մի 3-4 շուն մինչեւ գարուն չի ապրում, բայց ոհմակը դա չի նկատում, որովհետեւ միշտ նորերն են ավելանում։ Շները մեր հողամասեր իրենց ոտքով ու բարի կամքով չեն գալիս, հիմնականում դրանք ցեղական շներ են, ում տերերը բերել ու թողել են էստեղ։ Ցեղական շներին հատկապես դժվար ա լինում դիմանալ առաջին ձմեռը, որովհետեւ իրենք սովոր չեն կյանքի էդ պայքարին, ցրտին, սովին։ Եթե առաջին ձմեռը անցկացրեց ցեղական շունը, ուրեմն երեւի կապրի։ Էդ շների աչքերում էնքան մերժվածություն կա․ ամեն մեկն իր պատմությունն ունի, ամեն մեկին ինչ֊որ պատճառով տնից հանել են։ Մեկի տանը երեխա ա ծնվել, մեկը համարել ա, որ շունը շատ ա ուտում, ծախսը շատ ա լինում, մեկը լսել ա, որ իր շունն էնքան էլ ցեղական չի, մաքուր արյուն չունի, ու սենց, ամեն մեկը մի խիստ կարեւոր պատճառով տնից դուրս ա հանել ու բերել մեր հողամասերում շպրտել իր շանը։ Բայց շեղվեցի․․․
Էն ժամանակ, երբ Անդոն դեռ կար, հողամաս ձմռանը գնալը բոլոր հարեւանների պարտականությունը ոնց որ լիներ։ Պատճառ էին բռնում, թե գնանք, մի հատ էլ հարեւաններով նշենք նոր տարին, բայց իրականում գնում էին, որ Անդոյին տեսնեն։ Իրական պատճառը նույնիսկ իրար չէին խոստովանում, բայց ամեն մեկն էլ մտքում ասում էր՝ տեսնես հո չի մեռել էս ձմեռ։ Անդոն ոնց որ մեր փողոցի ցեղական շունը լիներ, ում տնից հանել էին ու բերել-շպրտել հողամասում։ Հիմա Անդոն չկա։ Չկան նաեւ էն շները, ում ես փոքր ժամանակ միշտ հանդիպում էի։ Նույնիսկ էն շեկլիկը չկա։ Լրիվ նոր շներ են հիմա պտտվում հողամասերում, բայց մեր փողոց էլ չեն բարձրանում, լրիվ նոր շներ են հիմա սովից վնգստում հողամասերում։
Իսկ Սիցիլիայի տանը նոր մարդ չի ապրում։
Իսկ Արմինեի տանը (ում հողամասում Զոքանչ էին ասում) նոր մարդ չի ապրում։
Իսկ Անդոյի տանը նոր մարդ չի ապրում։