Զգուշացե՛ք «Ժառանգությունից», նրանք կարող են «աչքով տալ»

Ուրեմն․
էս անգամվա ընտրություններին, մեր ընտրատեղամասում ԲՀԿ վստահված անձը մի հատ կրկես էր։
Բոյը՝ 180սմ կամ ավելի հաղթանդամ տղամարդ, 40ին մոտ։
Ձայների հաշվարի ժամանակ, հենց Ժառանգության ներկայացուցիչը ասում էր․
― Բայց, ոնց որ, ձեր վիճակը լավ ա, ահագին ձայն ունեք։
Էս մարդը ասում էր․
― Էս կնիկը աչքով ա տալու, հա՜, ― ու ինքն իրեն մի լաավ կմճտում էր։

Չհիասթափվել

Սիրտս ցավեց մեկ, երբ հասկացա, որ ինչ եղել է, արդեն եղել է, ու մարդը վախեցած է, կամ գնված եւ վախեցած։ ՀՀ քաղաքացին իր՝ հանրապետականից ունեցած վախը, ծածկել է չտեսնող աչքի հետեւում, կաղ ոտքի հետեւում։ ՀՀ քաղաքացին հոգով է կաղ դարձել իր վախից, վախ, որը նրա մեջ են մտցրել տարիների ընթացքում, յուրաքանչյուր օր։

Սիրտս ցավեց երկու, երբ տեսա պարտաճանաչ ու պատասխանատու ՀՀ քաղաքացուն, ով եկել է տեղամաս իր պարտքը կատարելու, ու իր որոշիչ ձայնի միջոցով փոփոխության հասենելու, ու նրա կողքին տեսա հանրապետականի կողմից ճնշված ու ոչնչացված քաղաքացու անորոշ քայլերը դեպի քվեախուց։

Սիրտս ցավեց երեք, երբ քաղաքացին հիասթափվեց, բարկացավ ու հիասթափվեց, գաղթի մասին մտքերով լցրեց գլուխը։

Սիրտս չորրորդ անգամ Չի՛ ցավելու։ Գաղթի ուղին մեզ Չի՛ փրկելու։

Հիասթափվելու ժամանակը չէ, մենք չենք կարող մեզ նման շքեղություն թույլ տալ ինչպիսին հիասթափությունն է։
Ձեր հիասթափությունը դուրս հանեք ձեր միջից, բայց փողոց ու այլ մարդկանց վրա մի նետեք։

Նման օրերին չարությունն ու զայրույթը նույնպես մեզ չեն օգնի։ Եղանակը տաք է, բայց գլուխներս սառը պահենք ու կանգնենք քաղաքացու կողքին, նրա միջից հանելու վախն ու անհուսությունը։

Այսօր, ես գնում եմ Ազատության հրապարակ բոլորիդ անհուսությունը քաշելու իմ մեջ եւ վերացնելու։
Վճռականություն ու ուժ է պետք մեզ դիմակայելու ծախվածներին։