«վիրտուալ» ընկերների ու քաղաքական հայացքների մասին

Որ չեն ասում՝ «իրական կյանքի ծանոթներ», «դե դրանք վիրտուալ ծանոթներ են» ու նման բաներ, ես հասկանում եմ, նորից եմ հասկանում, որ մարդիկ խորանալ չեն սիրում։

Ո՞րն է իրական կյանքը։

Է՞ն, որ հարեւանիդ տեսնում ես տանից դուրս գալուց, բարեւում ես, ինքն էլ, մի երկու հիմար նախադասություն եք փոխանակում ու գնում ամեն մեկդ ձեր գործին, առանց իրար մասին շատ կարեւոր բաներ իմանալու։ Միայն գիտեք ում տանը ինչ հիվանդ կա, որովհետեւ շտապ օգնության գալը բոլորն են իմանում։

Կամ դպրոցում նույն դասարանում սովորած լինե՞լը։ Որ լրիվ պատահականորեն եք դուք հայտնվել նույն դասարանում, ու լրիվ պատահականորեն եք ճանաչում իրար։ Որ ոչ մի գաղափարական կամ մտավոր բան չի կապում ձեզ, այլ միայն ընդհանուր ծանոթներն ու դրանից ստեղծված խոսակցության ընդհանուր թեման։ Գումարած դրան, որ նույն դասարանում սովորելով ոչ մեկ մյուսին ավելի լավ չի իմանում, մենակ դասատուների կարծիքներն են մեջը տպավորվում, ու էդ  դասատուների ասածներով էլ քո մասին կարծիք են կազմում։

«Իրականը» «ճշմարիտ»֊ին մոտն է։ Եթե ինչ֊որ մեկը ինձ գիտի ավելի լավ, նա ավելի շատ է իմ իրական ծանոթը, քան նա, ով իմ կողքի նստարանին է նստել ու երբեք էլ չի իմացել ու չի իմանա ինձ։

Հիմա, ընդունված է ասել, որ ինտերնետը մարդկանցից խլում է ծանոթանալու, լավ ընկերներ դառնալու հնարավորությունը։ Սա ամենամեծ սուտն է։ Ո՞նց է խլում է։ Ուզո՞ւմ ես փողոցում ծանոթանալ, գնա փողոցում ծանոթացիր։ Ո՞վ է քեզ խանգարում։ Քեզ դուր են գալիս լրիվ պատահականորեն քեզ հանդիպած դասարանցիներդ, գնա նրանց հետ շփվիր։ Խանգարողն ո՞վ է։

Ես գերադասում եմ էն մարդկանց, ում հետ ծանոթացել եմ ինչ֊որ ընհդանուր գաղափարներ, հետաքրքրություններ ունենալու պատճառով, ու ոչ թե ընդհանուր «բախտ»։ Ու այո, իրենք ավելի լավ գիտեն ինձ, ավելի լավ են հասկանում, ավելի շատ կարող են ընդունել ինձ այնպիսին ինչպիսին կամ ու հետեւաբար ավելի շատ սիրել։

Ինձ համար կարեւոր է, որ մարդիկ ընկերություն անեն իմ գաղափաների հետ, եթե կարելի է էդպես ասել։ Թե չէ, ո՞վ է իմ անձը առանց իմ գաղափարների։ Ո՞վ եմ ես, եթե ինձնից հեռացնենք իմ  մտքերը, քաղաքական կամ քաղաքացիական հայացքները, իմ ճաշակը, իմ նախընտրությունները։ Ի՞նչ կմա դրա տակ։

Չէ՞ որ իմ քաղաքական ու քաղաքացիական հայացքները իմ մտածողության մի մասն են (ու ես համոզված եմ, որ հենց ԻՄ ու ոչ թե իմ ծնողների կամ ուրիշ մեկի) ու եթե ես այդ հարցում այդպես եմ մտածում, ապա իմ այդ մտածողությունը պրոյեկտվում է նաեւ այլ դեպքերի, իրերի վրա։

Օրինակ, եթե մարդը կողմ է դիկտատուրաներին, ապա դա հաստատ արտահայտվում է իր ամենօրյա պահվածքում, ընկերական հարաբերություններում։ (Եթե իհարկե նա ինչ֊որ մեկից չի վերցրել այդ հայացքը, մոդայիկ լինելու կամ ինչ֊որ մեկին դուր գալու համար։) Մի քիչ խորանանք։ Ի՞նչ է նշանակում, որ մարդուն դուր է գալիս դիկտատուրա։ Ես տեսնում եմ մտածողության երկու եղանակ՝ իրար լրիվ հակառակ։

Առաջինը այն է, որ գուցե մարդը կուզենար ինքը լինել դիկտատոր, այսինքն իդենտիֆիկացնում է իր անձը եղած դիտկտատորների հետ, ու հետեւաբար պաշտպանում նրանց։ Սա նշանակում է, որ  նա չի ընդունում այլակարծությունը, ուզում է, որ իր կարծիքը լինի գերիշխող, անվիճելի, բոլորի կողմից ընդունելի։ Այսինքն, նրա հետ շփվելը ինձ նման մարդուն բավականին բարդ կլինի։

Մյուսը այն է, որ գուցե նա խուսափում է սեփական մտքերից, սեփական որոշումներ կայացնելուց ու ընտրելով դիկտատուրան որպես կառավարման եղանակ, հեռացնում է  խնդիրները իրենից։ Վերջնական արդյունքում մեղքը միշտ ուրիշների ու նրանց կայացրած որոշումների վրա բարդելով։ Այսինքն, նա միշտ շրջապատին է դիմելու խորհուրդ հարցնելով, ինչպես գործել այս կամ այն դեպքում, իսկ հետո, ցանկացած պահի մեղադրելու է շրջապատի մարդկանց իր «կայացրած» որոշումների ու դրանց անհաջողության համար։

Դրա համար, երբ ես հասկանում եմ, որ մարդը դիկտատուրայի կողմնակից է, հեռու եմ մնում իրենից։

Ցավը պահելու ցանկության մասին․ հարաբերություններ

Ուրեմն,
Վաղուց նկատել եմ մարդկանց մեջ ցավին կպած մնալու երեւույթ՝ ցավից կախվածություն։
Հա, բոլորը երեւի ինչ֊որ կերպ առնչվել են ֆիզիկական թույլ ցավերին կապվելու երեւույթի հետ՝ օրինակ, երբ ատամը թույլ նվում է։
Բայց, ավելի շատ ես նկատում եմ, որ մարդկանց դուր է գալիս հոգեւոր ցավերը երկար պահել, նորից ապրել ու ոչ մի կերպ չհաղթահարել, երբ զգում են, որ ցավը մեռնում է, մի ինչ֊որ քայլ են անում, որ այն նորից վերականագնվի, հիմնականում՝ հիշողություններն են փորփրում։

Այս երեւույթը կա թե՛ անձնական, թե՛ հասարակական կյանքում։
Այդպես բազմաթիվ հայեր չեն ուզում մեղմացնել ցեղասպանության ցավը, իրենք իրենց համար նորից ու նորից վերադառնալով արդեն տեսած նկարներին, պատմություններին ու դրանց մանրամասներին։

Նույն կերպ, անձնական ցավը չեն ցանկանում մեղմացնել։ Երբ հարազատ են կորցնում, նրա նկարը պատից կախած են պահում երկար տարիներ, նրա հիշատակը պահելու համար, սակայն, իրականում, դա անում են, որ ցավը ինչքան հնարավոր է քիչ մեղմանա, որ հին պատմությունները միշտ հիշեցնող մի բան լինի։

Կամ բաժանվելուց հետո, իրենք իրենց հանգիստ չեն տալիս, չեն տալիս հնարավորություն ցավը տանել, ապրել, անցնել առաջ։ Միշտ կրկնում են հին պատմությունները։ Ու հատկանշականը այն է, որ բաժանման դեպքում, մարդիկ վերհիշում են ավելի շատ հարաբերությունների սկզբին վերաբերող պատմություններ, երբ ամեն ինչ նոր էր, չկային խնդիրներ։ Ու այդ պատմությունները հիշելուց, հիշում են իրենց զգացողությունները, որոնք այնքան թանկ են։

Երբ հասնում են բաժանմանը ավելի մոտ ժամանակներին, սկսում են իրենք իրենց համոզել, թե այս մի բանը իրենք կարող էին հանդուրժել, այն մեկը չտեսնելու տալ, երրորդը կուլ տալ, ու սենց մի շարք։ Չէ, մարդիկ, մի խաբեք ձեզ, եթե կուլ չեք տվել, ուրեմն դուք կուլ տվողը չեք, եթե չեք լռել, ապա լռել հնարավոր չէր, այդ պարագայում, այդ հարաբերություններում, այդ մարդու հետ հնարավոր չէր։ Գուցե այլ կյանքում․․․․

Ու շատերը, դա դարցնում են ամենօրյա զբաղմունք։ Հիշել, սկզբից հաճելին, հետո տհաճը։ Ու տանջվել, որ չկա էլ, չէ, հարաբերությունը չէ, այլ սեփական զգացողությունները։ Կարեւոր է գիտակցել, որ մենք, ամեն ինչից շատ մեր սեփական զգացողություններից կախվածություն ունենք։ Ու դրանք ենք ուզում կրկնել, դրանք ենք ուզում նորից ապրել։

Քանի որ մարդիկ այդ երկուսը իրար հետ են հիշում՝ իրենց դրական զգացողությունները, ու տհաճ բաները, ապա մտածում են, որ հեռացնելով ցավը, գուցե կորցնեն այն վերջին բանը ինչ ունեն այդ հարաբերությունից մնացած։ Բայց սա իհարկե մոլորություն է, որովհետեւ նման պարտավորեցնող զգացողություն չունենալու դեպքում, իհարկե, ավելի հեշտ է ապրել ե՛ւ քեզ, ե՛ւ շրջապատիդ։ Ի դեպ, պարտավորեցնող ոչ թե քեզ, այլ հենց շրջապատիդ։

Ու ամենակարեւորը, ես չեմ կարծում, թե բաժանվելուց է վերջանում հարաբերությունը, բաժանումը պրոցես է, ու հարաբերությունը վերջանում է, երբ մեկնարկում է այդ պրոցեսը, որի մեկնարկի կետը միայն հարաբերության ավարտից հետո կարելի է իմանալ։

Թողեք ցավը, թողեք, որ հեռանա, չեմ ասում անցնի, ասում եմ՝ հեռանա։

Սիրահարվածություն, սեր ու հարաբերություններ

Ուրեմն․

Էսքան գրում եմ հարաբերությունների մասին, ու ոչ մի անգամ չեմ գրել, թե որն է իմ կարծիքով հարաբերության սահմանումը։

Իրականում, շատ ավելի բարդ է սահմանել հարաբերությունը, քան սերը, ավելի բարդ է սահմանել սերը, քան սիրահարվածությունը։

Հիմա սկսեմ ամենահեշտից՝ սիրահարվածությունից, հետո կզարգացնեմ մինչեւ հարաբերություն։

Սիրահարվածությունը, մարդուն առանց ճանաչելու, ինչ֊ինչ հատկանիշներով տարվել֊գրավվելու ուժեղ տարբերակն է, որի ժամանակ նաեւ նկատվում է անձի իդեալականացում, կամ նրա այլ՝ չիմացած հատկանիշների սեփական ցանկությամբ կառուցում։

Սերը մարդուն հավանել, ընդունելն է այնպիսին ինչպիսին կա, ու նրա հետ ինչ֊որ չափի շփում ունենալու ձգտումն է։

Ընկերությունը մարդու հետ մտերիմ, անկեղծ շփումն է, վստահությունը, ու իհարկե չի լինում ընկերություն առանց սիրո։

Հարաբերությունը, ընկերությունն է, որը միշտապես խորանում է, ու ամենակարեւորը այն սիրո գործնականն է։

Այսինքն, ընկերության պարագայում, մարդկանց գուցե եւ ավելի շատ անկեղծություն, ավելի շատ վստահություն պետք չլինի, բայց հարաբերության պարագայում դա միշտ պետք է գալիս։

Ու այդ իսկ պատճառով, հնարավոր չեն հարաբերություններ, որոնցում ինչ֊որ մեկը այնքան էլ անկեղծ չի։ Ինչ֊որ մի օր նրան պետք է գալու անկեղծանալ, ու նա ուզելու է անկեղծանալ ոչ թե իր ընկերների հետ, այլ հենց իր զույգի հետ։

Այսպիսով, հարաբերությունը նաեւ այն ընկերությունն է, որը կարիք ունի ընկալման ու ընդունման բոլոր պարագաներում։ Այսինքն, սիրո այդ կարեւոր կետը՝ ընդունել, պարտադիր չի, որ առկա լինի ընկերության պարագայում, իսկ հարաբերությունում պարտադիր է։

Հիմա հարց է առաջանում, ո՞րն է ավելի վեհ, այսինքն՝

վեհ(ընկերություն) ><= վեհ(հարաբերություն)

Ես կարծում եմ, որ հարաբերությունը ամենավեհն է իր արտահայտման մեջ։

Սիրահարվածությունը նրա մասին է, որ ես տեսնում եմ, ինձ դուր է գալիս, ես ձգվում է, նրա աչքերը ինձ դուր են գալիս, ու սենց բաներ, այսինքն «ես»֊ի մասին է։

Սերը, ես տեսնում եւ կարծում եմ, որ ընդունում եմ քեզ։ Սա էլի «ես»֊ի մասին է։

Հարաբերությունը հենց այդ ընդունելու ստուգումն է։ Ու հենց այդ պատճառով է, որ հարաբերությունների սկզբում, շատ մարդկանց ինչ֊որ բաներ գրավում են դիմացինի մեջ, իսկ հետո, որոշ ժամանակ անց, նրանց այդ նույն հատկանիշները կարող են էլ դուր չգալ, ու դա  նշանակում է, որ իրականում, մարդը կարծում էր միայն, որ կարող է ընդունել, բայց գործնականը ցույց տվեց, որ ոչ։

Մյուս կողմից, իր վեհության մեջ ամենավեհը հարաբերություններն են, որոնց մեջ դու տալիս ես ոչ միայն քո զգացմունքները, այլ նաեւ ընդունում ես դիմացինինը։ Դու ոչ միայն ընդունում ես նրան իր վատ ու լավ կողմերով, այլ նաեւ թույլ ես տալիս, որ նա էլ քեզ ընդունի քո լավ ու վատ կողմերով։

Մարդկանց փոխվել-չփոխվելու մասին

Ուրեմն.

Մարդկանց փոխվելու ու չփոխվելու մասին ես հստակ կարծիք տենց էլ չունեցա:

Հիմա էդ խառը մտքերս ասեմ:

Ես հանդիպել եմ էս մտքի մասին հիմանակ երեք կարծիք`

0. չեն փոխվում առհասարակ,

1. փոխվում են, այսինքն զարգանում

10. փոխվում են հենց փոխվել իմաստով

Նախ, մտածում եմ, որ եթե ասել, որ մարդիկ չեն փոխվում առհասարակ, ապա տենց ահագին հեշտ է, որովհետեւ ճանաչեցիր մի անգամ մեկին ու վերջ: Գիտես իրեն ընդմիշտ :Դ ու կարող ես նույնիսկ չհետեւել էլ ինչ է անում, ինչ չէ: Մեկ է գիտես, ինչ էլ անի, չի փոխվի: Դա տալիս է ապահովության զգացում, ու ընդունած որոշումներում հաստատակամություն:

Բացի այդ, նաեւ երբ մենք ինչ-որ բան փորձում ենք անել ավելի լավ, քան սովորաբար, ինչ-որ բանին նոր կերպ մոտենալ, դիմացինը մեզ վերաբերվում է դեռ հին կերպով, ու չի հավատում, որ հանարավոր է փոխվել, զարգանալ, ապա դա ամեն ինչ բարդացնում է: Ու շնչելու օդ չի մնում:

1 ու 10 կարծիքի մարդիկ շատ չեն տարբերվում: Հա, ես էլ մի անգամ տեքստ գրել, որ փոփոխությունը դա զարգացումն է: Ու չգիտեմ թե այդ ի՞նչ փոփոխություն կարող է լինել, որ զարգացում չլինի:

Համոզված եմ, որ ինչպես էվոլյուցիան հետ չի գնում, այնպես էլ մարդիկ հետ չեն գնում, ու ինչ փոփոխություն էլ ապրեն, գալիս են իրենց համար հավասարակշռության վիճակի կամ ավելի մոտ այդ վիճակին:

Այնպես որ, կարծում եմ, որ “փոխվել” բառը, “զարգանալ” բառով փոխարինելու կարիք առնաձնապես չկա: Այսուհետ կհամարենք, որ 1 եւ 10-ն նույնն են:

Բայց մինչ այդ, նշեմ, 1 կարծիքի մարդիկ, ուզում են համ ասել “որ մարդիկ չեն փոխվում”, համ էլ իրենք իրենց զարգանալու հնարավորություն տան:

Ու այս ամենի հանրագումար, ասեմ, որ ես ավելի կարծում եմ, որ մարդիկ “փոխվում են”=”զարգանում են”:

Իսկ եթե ինչ-որ մեկը պնդում է, թե մարդիկ չեն փոխվում, թող նշի թե երբվանի՞ց սկսած չեն փոխվում ու ի՞նչ է նշանակում չփոխվել:

Զգացմունքներն ու ցանկություններն արտահայտելու մասին

Ուրեմն.

Ուզում եմ ասել, որ ես զգացմունքներն ու ցանկություններն արտահայտելուն կողմ ըլլալով, դեմ եմ:

Հա, իմ մեջ կա երկու հակասական մտածելակերպ, որը բերում է, ես կարծում եմ բավականին լավ միջինի: Մեկը, իմ սեփական զգացմունքներն ու զգացողությունը արտահայտելու ցանկությունն է, մյուսը այն, որ դրանով ուրիշին շատ չցավեցնեմ:  Այդ եկրորդը դեպքը այն ժամանակ է, երբ դու գիտես, որ քո ցավը սրանից է, ու դու միեւնույնն է դիմացինին լավ ես վերաբերվում, չնայած նա ինչ-որ բան է արել, որից քեզ այնքան էլ լավ չի եղել, բայց գիտես, որ եթե դու նրան դա ասես, նա իրեն գուցե շատ ավելի վատ զգա, քան դու: Դրանք հիմնականում այն դեպքերն են, երբ դիմացինդ փորձում է քեզ համար մի լավ բան անել կամ նման մի բան:

Օրինակ, երբ ես խանութում հանդիպում եմ մարդկանց, որ երեխաների հետ են, ու երեխաները նրանցից ինչ-որ քաղցրավենիք են ուզում, որ ծնողները չեն կարող իրենց թույլ տալ, ես ցավում եմ, ոչ թե նրա համար, որ այդ երեխան հիմա դա չի ուտի, այլ նրա համար, որ ծնողը չի կարող իրեն դա թույլ տալ:

Նույնը նվերներին է վերաբերում: Եթե նույնիսկ մեկը գնել է ձեզ համար այնպիսի բան, որը ձեզ պետք չէ, ու ավելի լավ կլիներ, որ այլ բան գներ, որի կարիքը դուք իրոք ունեիք, ու սպասում էիք դրան, ու չստանալով տխրում եք ու դա ցույց տալիս, ես ցավում եմ նվերը գնողի համար, ոչ թե ձեր:  Որովհետեւ նա ցանկացել է լավ բան անել, նա աշխատել է այդ ուղղությամբ, նա մտածել է ձեր մասին: Հա, գուցե չի տեսել, ինչն է պետք, ինչ չէ: Բայց դրանից չի կարելի պնդել, թե նա անուշադիր է ձեր հանդեպ, որ չի տեսնում թե իրականում ինչի կարիք ունեք: Նա չի կարող ձեզ այնքան լավ իմանալ, ինչքան դուք ինքներդ գիտեք:

Ու այս նույնը կարելի է պրոյեկտել հարաբերությունների, ընկերության վրա:  Երբ ինչ-որ մեկը ձեզ չի սիրում, ու դուք “պահանջում եք” նրանից ձեզ սիրել, ապա ես այդ դեպքում, ես ցավում եմ այն մարդու համար, ով չի սիրում, ոչ նրա, ով “պահանջում” է:  (խոսքը չի գնում, այն հիմար մարդկանց մասին, ովքեր իրենց լավ վերաբերվող մարդկանց անտեսում են, իրենց սիրող մարդկանց վրա թքած ունեն, նրանց մարդատեղ չեն դնում, ու նման բաներ: Այս դեպքում ես կարող եմ եւ ցավել, եւ չցավել, որովհետեւ,

եթե ինչ-որ մեկը սիրում է այդպիսի մարդու, ապա նա գիտի նրա այդ հատկության մասին, ու սիրում է, ապա դա իր գործն է,

եթե չգիտեր ու սիրում էր, ապա, ցավում եմ նրա համար):

Իսկ ամենաշատը ես ցավում եմ այն երեխաների համար, ովքեր ուզում են այդ քաղցրավենիքը, բայց գիտեն, որ ծնողը իրեն վատ կզգա, որ չի կարող վերցնել, ու չեն ուզում: Նրանք, այո, չեն արտահայտում իրենց զգացմունքներն ու ցանկությունները, բայց այնքան սիրուն են:

Նույնը այն մարդկանց մասին, ովքեր սիրում են, բայց չեն պահանջում սիրվել:

Հարաբերությունների սկիզբ եւ վերջ

Ուրեմն․

Հարաբերությունների ավարտի մասին մարդիկ սովորաբար երկար են մտածում։ Թե ո՞նց եղավ, որ բաժանվեցին, բա ինչի՞ ու տենց բաներ։

Նախ ասեմ, որ ես խորապես համոզված եմ, որ մարդիկ հարաբերություններից հետո (այսուհետ հարաբերություն ասելով կհասկանանք լուրջ հարաբերությունը) լինում են ավելի լավը, քան առաջ։ Միշտ։ Ապա ուրեմն ի՞նչն է պատճառը բաժանվելու։

Երկու մարդն  էլ հարաբերության մեջ զարգանում են։ Բայց զարգացման սպասումը ավելին է։ Օրինակ, եթե դու սովորել ես ասենք այդ հարաբերության ընթացքում  Ա նոր բանը, ապա դրա համար դու կոպիտ ասած, դիմացինի աչքում կստանաս + մի ինչ-որ քանակի ժամանակով, որից հետո, արդեն քո սովորած Ա-ն այլեւս էդպիսի արժեք չի ունենա։ Կարիք կլինի նոր բան իմանալու։

Ինչպես գիտնականները։ Ասենք 25 տարեկանում պաշտպանում են թեկնածուականը, ու դրանից հետո, 40 տարի, ոչինչ չեն անում։ Ես կարծում եմ, որ նրանք գիտնական չեն։ Այդպես կոչվելու իրավունք չունեն։

Ու այո, մենք մարդկանցից միշտ սպասումներ ենք ունենում։  Որ այ, նա այսպիսին չէ, բայց ինչ-որ ժամանակ անց, գուցե դառնա այսպիսին։ Մենք դա կհամարենք զարգացում։ Որովհետեւ ինչ-որ այլ տեղում մենք տեսել ենք նրա զարգացումը ու հույս ունենք, որ դա այստեղ էլ կարտապատկերվի (ու եթե դա իրական զարգացում է , ապա միանշանակ կարտապատկերվի)։

Բայց հետո, մենք տեսնում ենք, որ մեր «հաշվարկներով», նա, որ  սովորել է Ա-ն, պետք է դրա պրոյեկտումը տեսներ  ասենք առօրյա կյանքում, պետք է քարը տեղից շարժվեր, բայց չէ, այդպես չէ։

Ու իհարկե պետք է հաշվի առնել, որ այն ծեծված, բայց ճշմարիտ միտքը, որ հարաբերությունների սկզբում, դուր է գալիս 0-ն, իսկ հետո, այդ նույն 0-ն կարող է նյարդերի վրա ազդել։ Ասենք այն, ինչ կարող է սկզբում ծիծաղելի թվալ, հետո, երբ տեսնում ես, որ դա օրինաչափություն է, էլ դուրս չգա։ Ու դա չի նշանակում, թե դու փոխվեցիր։ Հա, ինչ-որ բաներում փոխվում ես, բայց ոչ այդքան։

Բացի այդ, հարաբերությունները էտապներով են լինում, ինչի մասին մարդիկ նախապես չեմ իմանում, ու ամեն էտապից մյուսին անցնելը ծանր են տանում։ Էտապներում տարբեր պահանջներ կարող են ունենալ, ու տարբեր բաների կարիք։

Չռփելու արվեստի մասին

Ուրեմն․

Առաջ ես սիրում  էի մարդկանց, ովքեր չռփում են, որովհետեւ իրենց հետ հեշտ է։ Ու չեմ նեղանում, ու սիրում եմ, երբ անկեղծ են ասում։

Բայց վերջերս նկատել եմ, որ կան չռփելու տարատեսակներ՝ մոտիվից կախված, այսպիսով, մարդիկ չռփում են․

0. երբ ուզում են քեզ քո սխալը ցույց տալով օգնել,

1. երբ իրենք չեն կարողացած լինում անել այն, ինչ դու արել ես,

10. երբ իրենք վախենում են, որ դու եւ այլ մարդիկ կմտածեք իր մասին, ինչ-որ բան, որը բացասական է, ու հենց դա էլ շպրտում են դեմքիդ

11. այս պոստը այդ չռփողների մասին չի ։

0 տիպի չռփոցները հաճախ ընկալվում են բացասական, այդ իսկ պատճառով ես չեմ չռփում մարդկանց, որովհետեւ գիտեմ, որ պարզապես փակվելու են ինձնից,  ու տենց անկապ բաներ։ Իհարկե դրանք լրիվ առողջ չռփոցներ են,  ու այն մարդիկ, ում ես մոտիկ եմ համարում, ուժեղ եմ համարում բավարար, հանգիստ չռփում եմ, գիտեմ, որ ճիշտ կհասկանան։

1 տիպի չռփոցները լրիվ կարող էին չլինել ։Դ հաճախ կարեկցանք են առաջացնում  չռփողի հանդեպ, ցույց տալիս նրա անինքնավստահությունը իր անձի հանդեպ ու մրցունակ չլինելու վախը՝ մարդկային շուկայում, այսինքն,  լրիվ պաշտպանական չռփոց։

10․ այս դեպքում չռփողը էլի անինքնվստահ է, քանի որ վախենում է, որ իր մասին վատ բաներ կմտածեն, ինչը կարող էր եւ իրականում վախենալու արժանի լիներ, այսինքն, այդպես մտածելու առիթ լիներ, կամ արժանի չլիներ։ Բայց կարեւորը այն է, որ նա ինքը իր մասին արդեն այդպես է մտածել, ու միանգամից քեզ տեղն է դնում՝ «այսինչը դու ես»։ Ու նման չռփոցը իհարկե առաջացնում է կարեկցանք կչռփողի հանդեպ։

Այստեղից հետեւություն, որ չռփոցին պետք է պատասխանել չռփոցով, միայն 0 դեպքի այն ենթադեպքում, երբ դուք համոզված եք ձեր տեսակետի մեջ ու կարող եք արժանի կերպով հակադարձել։  1, 10 դեպքերում հետ չռփելը անիմաստ է, կոմպլեքսները կխորանան։

Ու այո, եթե ես ձեզ չռփել եմ, ապա ձեզ ադեկվատ մարդ եմ համարում։

Միանգամից ավարտ․ հարաբերություններ եւ ընկերություն

Ուրեմն․
Մի շրջան կար, որ մտածում էի, որ մարդկանց հետ պետք չի ոչինչ ձգձգել, միանգամից է պետք ամեն ինչ անել։ Ու այդպես ընկերության մեջ ու հարաբերությունների դեպքում, միանգամից վերջը տալ, կամ չվերջացնել երբեք։

(էդպիսի, երեւի թե բնական, զգացողություն առաջանում է, երբ զգում ես, որ ժամանակ ես կորցրել, որ ամեն ինչ իզուր է եղել։)

Հիմա էլ տենց չեմ մտածում։ Ու առհասարակ ի՞նչ միանգամիցի մասին է խոսքը, կամ ի՞նչ ձգձգելու։ Ի՞նչը ձգձգելու։
Մենք հարաբերություններ ենք ունենում, կամ ինչ-որ մեկի հետ ընկերություն անում, որովհետեւ ինչ-որ կերպ համարում ենք, որ նա եւ մենք մոտ ենք, նման ենք, կամ նման չենք ու այդ պատճառով հետաքրքիր ենք իրար։

Ու ենթադրենք՝ մեկը սխալվեց։ Մեր պատկերացումը նրա մասին փոխվեց, ակնկալիքները խափանվեցին։ Արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է խզել հարաբերությունները կամ դադարեցնել ընկերությունը։ Սա ինձ համար բարդ հարց էր։ Որովհետեւ, երբ հարաբերությունները կամ ընկերությունը գալիս էին ավարտին, ես հասկանում էի, որ այն «մի բան փոխվեց» պահից հետո դա եղել էր միայն ձգձգում, վերջի արհեստական հեռացում, կամ նման մի բան։

Իսկ քանի դեռ չէր ավարտվել, մենք մեր որեւէ քայլ չենք որակում որպես ձգձգում։ Հա, այդպես հաստատ ճիշտ է, որովհետեւ եթե հա մտածես ավարտի մասին, ապա դրանով այդ ավարտը ավելի արագ կգա։

Ու առհասարակ, կարծում եմ, որ որեւէ լուրջ հարաբերություն մարդկանց մեջ, լինի դա ընկերություն կամ ավելին, չի կարող ավարտվել միանգամից, առանց այսպես կոչված «ձգձգումների»։ Այդ ձգձգում ասածը ահավոր անկապ բան է։ Ես հիմա համոզված եմ, որ չկա տենց բան։ Այո, մենք պետք է երկար փորձենք պահել այն ինչ ունենք, որովհետեւ այլ կերպ, ամեն առիթով բոլորը իրենց կապերը կխզեն բոլորի հետ։ Ու գնալով ավելի թույլ պատճառ պետք կլինի դա անելու համար։

Կյանքում շատ բան է անդառնալի արվում, որ մի հատ էլ մարդկանց երկրորդ հնարավորություն չտաս։ Չեմ ասում, թե միշտ պետք է տալ։ Ու վերեւում ասած համոզվածությունս լուրջ հարաբերությունների դեպքի համար, կայանում է նաեւ նրանում, որ ես չեմ կարծում, թե հնարավոր է առանց «դանակը ոսկորին հասցնելու» ավարտ։ Որովհետեւ մենք միշտ կօգտագործենք ուրիշին ու ինքներս մեզ եւս մեկ հնարավորություն տալու առիթը․ միշտ։

(դա երբեք ժամանակի կորուստ չէր, ու ոչ մի օր իզուր չի անցել։)

Մարդկային փոխհարաբերություններում ռեգեներացիայի մասին

Ուրեմն․
Ռեգեներացիան բնության մեջ ամենահավես երեւույթներից է։
Ուզում եմ խոսել հոգեկան ռեգեներացիայի մասին, չնայած երեւի այդ երեւույթին այնքան էլ ճիշտ չի լինի հոգեկան ռեգեներեցիա անունը տալ, բայց ամեն դեպքում։

Երեւույթը․
Մի մարդու մասին ունես դրական կարծիք, նրան բավականին լավ ես տրամադրված, իսկ հետո, նա մի քայլ է անում, որը քո մեջ բացասական էմոցիաներ է առաջացնում, ու նրա պատկերը քո մեջ քանդում, մի ինչ-որ չափով։ Հետո, եթե նա էլի լավն է լինում քո աչքում, ու նրա քանդված պատկերը սկսում է վերականգնվել, դա կոչում եմ հոգեկան ռեգեներացիա։

Ու մարդիկ իրոք բաժանվում են երկու խմբի՝
0. հոգեկան ռեգեներացիա ապրում են
1. հոգեկան ռեգեներացիա չեն ապրում։

Ինձ համար, միշտ ավելի գերադասելի են, իհարկե, մարդիկ, ովքեր ապրում են հոգեկան ռեգեներացիա, որովհետեւ նրանց հետ մի քայլ անելուց, երբեք պետք չի մտածել, որ այ, հիմա մի բան կանեմ, հետո էլ տակից դուրս չեմ գա։ Անընդհատ պետք չի մտածել, որ հիմա-հիմա, կսխալվեմ։

Իսկ նրանց հետ, ովքեր չեն ապրում հոգեկան ռեգեներացիա, ամեն ինչ ավելի բարդ է։ Պետք է միշտ ամեն ինչ հաշվարկել, ու եթե դու նույնիսկ սխալ չես եղել, բայց նա այդպես է ընկալել, ապա ինչքան էլ բացատրես, միեւնույնն է, նրա մեջ արդեն մի բան փոխված է լինելու, որը հետո ինչ էլ անես, էլ չի վերականգնվելու։ Նաեւ տենց մարդիկ, վեճերի ժամանակ, հիշում են այնպիսի բաներ, որոնց հետ կապված արդեն մի անգամ վիճել եւ եկել էիք «վերջնական արդյունքի», համենայնդեպս, վեճը ավարտվել էր, ու նաեւ ձեզ են դրդում հիշել հին բաներ, որովհետեւ երբ նրանք ասում են՝ «այ, դու այն ժամանակ սենց արեցիր», իսկ ձեր պահվածքը իհարկե կապված էր նրա պահվածքի հետ, դուք չեք կարող չվերհիշել, ու չասել, որ «բայց դու էլ սենց էիր արել չէ՞, դրա համար էլ ես տենց արեցի» եւ այսպես շարունակ։

(Իհարկե, հին վեճերը մեջբերելու միակ պատճառը սա չէ․ դրանք կարող են վերհիշվել նաեւ անավարտ, չհասկացված լինելու պատճառով, կամ նույնիսկ նրա, որ մարդիկ վեճի ընթացքում, վեճը առաջացնող իրական առարկային նույնիսկ չէին էլ մոտեցել։)

Հա, հոգեկան ռեգեներացիան հենց ներելն է, ուղղակի մեր մեջ ներել բառը այլ կերպ է ընկալվում, ու շատ հաճախ, մարդիկ ասում են՝ «ես քեզ ներում եմ», ու իրենք էլ համոզված են լինում, որ ներում են, բայց իրականում, հաջորդ անգամ, հաստատ երեսով կտան այդ ներած դեպքը։ Իսկ ներել, նշանակում է, «մոռանալ» այդպսիս դեպքերի մասին։