La Haine․ Ատելություն

Սթրիթ արթը ահավոր «պաշտոնականացել» ա վերջին տարիներին, ու դա ինձ դուր չի գալիս, երեւի։ Էն, ինչ Բենքսին ասում էր, որ սթրիթ արթը, գրաֆիտին ցանկացած մարդ կարող ա տեսնի փողոցում, դու չպիտի գնաս պատկերասրահներ, որ նայես դրանք, որովհետեւ իրականում արվեստը միշտ էլ փողոցում ա, ու դու չպիտի հատուկ կրթություն ստանաս էդ արվեստը հասկանալու համար, նույն Բենքսին էս ամենից շեղվել ա հիմա։ Որովհետեւ ինքը արդեն անուն ունի։ Անունը փոխում ա ամեն ինչ։ Սթրիթ արթը ահավոր փոխվել ա Բենքսիից հետո, դարձել ա ավելի ու ավելի շատ արթ ու ավելի ու ավելի քիչ սթրիթ։ «Ատելություն» ֆիլմում մի դրվագ կա՝

աշխարհը մերն ա

երբ էս գովազդի կողքով անցնելուց, արաբ տղան՝ Սաիդը, «Աշխարհը ձերն է»֊ն փոխում ու դարձնում ա «Աշխարհը մերն է»։ Իմ համար սթրիթ արթը էս ա։ Ոչ թե սիրուն սարքած տրաֆարետները, հազար ժամ ֆոտոշոփ արած սիրուն նկարները, որ բերում կպցնում են պատերին, ու հաստատ ոչ քաղաքապետարանի ֆինանսավորած դալանների նկարչությունը։ Երեւանի պատերին ամենաշատը էս հանպատրաստից արվեստն ա պակասում։

Ֆիլմը երեք տղաների՝ Վինցի (հրեա), Սաիդ (արաբ), Հյուբեր (սեւ) մասին ա, ովքեր ապրում են հատուկ էմիգրանտների համար նախատեսված թաղամասում, ներկայացված ա իրենց կյանքից մոտ մի 24 ժամ։ 24 ժամ, որը հետեւել ա Ոստիկանության հետ բախումներին, որի ընթացքում լիքը մեքենաներ են վառվել, Հյուբերի մարզասրահն ա վառվել, ինչպես նաեւ Վինցի քրոջ դպրոցը։ Հյուբերը բռնցքամարտիկ ա, ով նաեւ, թեթեւի մեջ, զբաղվում ա թմրանյութի վաճառքով։

Ֆիլմում ամենահետաքրքիրը իմ համար ոստիկանության ու էս տղաների հարաբերություններն են։ Ռեժիսորը ոստիկաններին ահագին բացասական ա ներկայացրել, բաժանմունքում ծեծելով, ստորացնելով բռնվածներին։ Ռասիստական կերպար ունեն ոստիկանները։ Բայց ինձ էդ քիչ էր հետաքրքրում ֆիլմում, որովհետեւ էնպես չի, որ էս տղաները, ամեն մեկն իր հերթին ռասիստ չի։ Իրանք էլ ռասիստ են տեղացիների հանդեպ, ու էդ արտահայտվում ա, օրինակ, էն պահին, երբ Վինցը, Սաիդն ու Հյուբերը գնում են ինչ֊որ ցուցահանդես ֆրանսիացի նկարիչների, ու գնում են նկարիչներին ձեռ առնելու համար․ մենակ նկարիչներին չէ, բոլոր ներկաներին։

Այսինքն էդ վերաբերմունքը ահագին փոխադարձ ա ու դժվար ա գտնել, թե որտեղից ա սկսել։ Բայց սկսելուց ավելի կարեւոր ա, թե ոնց վերջացնել դա։ Ու ստեղ նորից գալիս ա ոստիկանության դերը։ Ոստիկանները ֆիլմում շատ կիսա էին։ Ոնց որ մեկ էլ կատաղեն ու հարձակվեն, իսկ հետո թեթեւացնեն էդ հարձակումը, դրանով նպաստելով, որ էս երիտասարդները իրենց համ ճնշված զգան, համ էլ դիմադրելու ռեսուրս ձեռք բերեն (ոստիկանության նահանջների ժամանակ)։

Ֆիլմը հետաքրքիրն ա, թե էդ թաղամասի կյանքով, թե նրանով, որ աղջիկները էդ բակերում չեն լինում, միայն տղաներն են բակում շփվում (տանիքներին էլ)՝ տարիքից անկախ։ Նույնիսկ շատ փոքր տարիքի աղջիկներ չկան դրսում։ Թե էդտեղ եղած կրիմինալից հեռու մնալ փորձող երիտասարդներով ու իրանց հետաքրքրություններով, որոնք դուրս են բոլորի ուշադրությունից ու նյունացվում են կրիմինալի հետ, թե էդ երիտասարդների ոհմակային հատկությամբ, որը հենց ոստիկանությունն ու քաղաքային իշխանություններն են խրախուսել։

Կարճ ասած, ֆիլմը լավ նայվում ա, անկախ Վենսան Կասելից 🙂