Անուշ տատը

Անուշը պատանեկան տարիներին մտածում էր միայն կյանքի մասին, հետո նա սկսեց մտածել եւ կյանքի, եւ մահվան մասին, իսկ ավելի ուշ նրա մտքերը միայն մահվան հետ էին։ Ու երբ որ մահը հասկացավ, որ տիկին Անուշը այլեւս չի վախենում իրենից, այլ միայն ժամկետներն է քննարկում, որոշեց խաղալ իր ապագա հաճախորդի հետ, ձգելով նրա կյանքի վերջին տարիները։ Ու տիկին Անուշը իր համար աննկատ կերպով մի օր դարձավ Անուշ տատ։

* * *
Օրը սովորական հանգստյան օր էր, ուրեմն Անուշի համար անտանելի երկար էր լինելու այն, ուրեմն իր բոլոր ծանոթները օրը անցկացնելու էին իրենց ընտանիքների հետ, ու եթե նույնիսկ ինքը միանար նրանց, միեւնույնն է, իրեն ավելորդ էր զգալու, ու թվալու էր, թե խանգարում է։
Հանգստյան օրերից միշտ խուսափող այս կինը, իր կյանքի բոլոր հանգստյան օրերը ինքն իրեն ծանրաբեռնում էր ձիու պես, ու աշխատում էր առավոտից երեկո, մինչեւ որ անցնեն այդ անտանելի ժամերը։ Հիմա, այս անգամ, ի վիճակի չէր ինքն իրեն ծանրաբեռնել, արդեն իսկ հոգնած էր արթնացել։
Մտածեց, թե գիշերը լավ չի քնել, դրանից է։ Ու իրոք, լավ չէր քնել՝ երազում մահացած հորն էր տեսել։ Երազը շատ ուժ էր տարել նրանից, ու երբ արթնացել էր, դեռ զրուցում էր հոր հետ, ու իրականությունը չէր տարբերում երազից, մինչեւ հեռախոսազանգը՝ սխալ էին զանգել։ Օրը դանդաղ անցավ, բայց ինքը չմտածեց այդ դանդաղության մասին, բազկաթոռի մեջ նստած նայում էր հեռուստացույց, ժամանակ առ ժամանակ գլուխը թեքվում էր աջ ուսի կողմը, աչքերը փակվում էին, ու հետո, նա չէր էլ նկատում, որ ինչ֊որ բան է բաց թողել։

Օրը գլորեց, վատ մտքերը հեռացնելով էկրանից այն կողմ, ապակու մյուս կողմը։
Հաջորդ օրը, աշխատանքի գնալուց, հարեւանի երեխան բարեւեց․
―Բարեւ, Անուշ տատ։
Անուշը այնքան շփոթվեց, որ սկզբից ականջներին չհավատաց, հետո մտածեց, որ նա ուրիշին է դիմել, հետո տեսնելով որ միայն ինքն է այդտեղ, զայրացավ երեխայի վրա, վախեցավ երեխայից, մի կերպ բարեւեց, սովորական ժպիտի փոխարեն շուրթերը մի փոքր ծամածռեց, ու քայլերը հաճախացրեց։ Երեխան նրա շփոթմունքը չնկատեց, հանգիստ շարունակեց գնդակը պատին խփել։

Անուշի միտքը ամբողջ ճանապարհին երեխայի արած արտահայտության հետ էր ու նա քիչ էր մնում մեքենայի տակ ընկներ։ Ինչից փրկվելուց հետո, ավելի շփոթվեց, ամաչեց, մտածեց, որ երեխան ճիշտ է, որ ինքը իրոք ծերացել է, բայց դա միայն րոպեական ինքնքաննադատություն էր, որը հերքվեց իր իսկ կողմից որոշ ժամանակ անց, ու նա գտավ պարզ բացատրություն՝ երեխան անդաստիարակ է։
Բացատրությունից գոհ մնաց։ Օրը անցավ սովորականի պես։ Միայն աշխատակիցներից մի քիչ ճնշվեց։
― Անո՛ւշ, ախր տենց ոնց կլինի, ― ասում էր ուսմասվարը,― երեխաները ասում են դասին, մի պահ քնել ես։
Անուշը մի երկու անգամ հերքեց դասին քնած լինելու փաստը, բայց որ տեսավ, որ ուսմասվարը ոչ մի կերպ հետ չի կանգնում իր ասածից, լռեց ու կասկածեց իր վրա։
Հետո այլ ուսուցիչներ նրան հանգստացրին, թե հաստատ երեխաներն են հորինել, ու նա արդեն մի փոքր թեթեւացած տուն եկավ, իր նոր ընկերոջ՝ հեռուստացույցի հետ երեկոն անցկացնելու։

Մյուս օրը նա զարթնեց արեւից շուտ, ագռավների հետ։ Նստեց անկողնում, սպասեց արեւին ու մարդկանց։ Սպասեց աշխատանքին, բայց մտքերը մռայլ էին։ Նախորդ օրվա դեպքերը դեռ պտտվում էին մտքում։ Երբ փորձեց վեր նստել ակնողնում, մեջքը ցավեց։ Պինդ կապեց մեջքը, մտքում ասելով՝ «պինդ եմ կապում, որ ցավը չփախնի, իմ ցավը ինձ մնա, իմ ունեցածը ինձ մնա»։ Աշխատանքի գնալու ցանկություն չուներ։ «Սերունդը այն չէ»․― մտածեց։ Տարվա սկզբից արդեն զգացել էր, որ երեխաները էլ առաջվանը չեն, որ չեն գրավում իրեն հետաքրքիր դասեր անցկացնելու։ Հիմա դրան ավելացավ նաեւ նրանց անշնորհքությունը։ Մեկ անգամ եւս հիշեց նաեւ հարեւանի երեխայի անդաստիարակությունը, ու իր մեջ հաստատեց՝ «սերունդը այն չէ»։

Մի որոշ ժամանակ էլ դպրոցում ունեցավ խնդիրներ, ու որոշեց դուրս գալ, էլ ուժ չուներ այդ ամենին դիմանալու։ Ոչ իր հետ աշխատող ուսուցիչներն էին առաջվանը, ոչ աշխատավարձը, ոչ դպրոցը ու ոչ էլ երեխաները։
Տանը կարող էր զբաղվել իր սիրած գործերով, ու նաեւ մի քանի ընկերներին՝ դպրոցի հիմնադրման օրից իր հետ այնտեղ աշխատող ուսուցիչներին, հյուրընկալել։ Այսինքն, ոչնչից չէր զրկվում, միայն տհաճություններն էին վերանում։

Դպրոցից դուրս գալուց հետո, մի որոշ ժամանակ անց, սիրած գործով զբաղվելու ժամանակ նորից չէր ունենում, տան գործն էր անում, ու հեռուստացույցին արդեն ընտելացած, սպասում էր իր սիրած հաղորդումներին ու ֆիլմերին։

Էդպես, մազերը ներկելու ժամանակ չգտավ, բայց մի երկու անգամ կտրելու գնաց, ու այդ երկրորդ կտրելուց հետո, գլուխը լրիվ սպիտակեց։ Ինքն իրեն ասաց, որ այդպես ավելի սիրուն է, որ իրեն սազում է սպիտակ գույնը։ Փողոցն անցնելիս մի տղա առաջարկեց օգնություն, ու Անուշը չսարսափեց նրա առաջարկից, հանգիստ ընդունեց այն, ու թույլ տվեց, որ իրեն ուղեկցի։ Իրեն լավ զգաց նման ուշադրությունից, հետո, երբ արդեն փողոցը անցել էին, զարմացավ իր լավ զգալու վրա, ուրախանալու վրա։ «Մարդկանց եմ կարոտել»,― մտքում բացատրեց Անուշը։

Անուշ տատի բակ մտնելուն պես, նրան շրջապատեցին բակի կանայք, թե գնանք սուրճ խմենք, բաժակներս նայիր։ Անուշը իհարկե երբեք բաժակ չէր նայել, բայց մարդկանց հետ շփումին կարոտ էր, ու կանանց առաջարկը ընդունեց, մտածելով, որ կկարողանա մինչեւ բաժակ նայելու պահը հասնելը այնտեղից հեռանա, կամ գուցե նրանց բացատրի, որ չի կարող։
Բայց երբ արդեն կանանց հետ նստած էր, ուշ էր, ու նա հասկացավ, որ իրեն կանչել են, ոչ թե զրույցի, այլ հենց բաժակ նայելու, ու անցավ իր «պարտականությանը»։ Սկսեց աջից նստած մոտ երեսնամյա կուշտ կնոջից, ասաց մի երկու ընդհանուր նախադասությունից, մի երկու գրքից վերցրած սիրային պատմության ակնարկ, ու կանայք հավատացին Անուշին, ապագան գուշակող, բաժակի գաղտնիքները բացող Անուշին, ու դրանից հետո ամեն օր նրա մոտ հյուր էին գալիս՝ բախտները իմանալու։
Անուշին սկզբում այդ ամենը զվարճալի թվաց․ նա հանգիստ հորինում էր բաժակում պատկերներ, բայց մի որոշակի պահից հետո, սկսեց պատասխանատվություն զգալ, իրեն վստահվող բաժակի պատմածը ճշգրտորեն տերերին հասցնելու գործում, ու սկսեց պատմել այն, ինչ իրոք տեսնում էր, այսինքն գրեթե ոչինչ։ Այդպես կանայք սկսեցին քիչ գալ Անուշ տատի մոտ, նրան ասելով, թե շատ գործ ունեն, զբաղված են, որ հենց հարմար լինի, անպայման կանցնեն նրա մոտ սուրճի, իսկ իրար մեջ խոսելով, որ խեղճ կինը այնքան է ծերացել, որ էլ չի տեսնում ոչինչ։

Անուշը նորից միայնակ մնաց, ու մարդկանց կարոտը սկսեց բավարարել անցյալը հիշելով, հին մարդկանց մտաբերելով։ Կյանքի որոշ դրվագներ հազարերորդ անգամ ապրելով, դրանք վերագնահատելով, հին սխալների համար գլխին տալով, ու ապագայի մասին ոչ մի կերպ չմտածելով։
«Ի՞նչ ապագա», ― կրկնում էր ինքն իրեն, ― «իմ ապագան արդեն եղել անցել է, հիմա էնտեղ, իմ հին մտքերում եմ կառուցում ես իմ ապագան։ Ի՞նչ ապագա, իմ ապագայի բոլոր մարդիկ արդեն էն աշխարհում են։ Իմ ապագան միայն օրերն հաշվելն ա»։

Հարեւանները երկար ժամանակ նրան չէին տեսել, անհանգստացել էին, միայնակ կին է բան պատահած չլինի։ Եկել էին նրա մոտ, հետո իրար պատմում էին․
― Նիհարել ա, վրան հալ չկա։ Աչքերում փայլ չկա։ Նայում ա, չգիտես քեզ ա նայում, թե քո միջով մի ինչ֊որ կետի։ Մեկ էլ կասի՝ «Համլետ ջան, ներս արի, էդ դռանը մի կանգնի», նայում ենք, մարդ չկա։ Խելքը թռցրել ա, հեչ էն չի վիճակը։ Բարեկամներ էլ չունի,,,

Շենքի բնակիչները ամեն օր սպասում էին, որ Անուշ տատը կմեռնի, բայց նա չէր մեռնում, ու չէր մեռնում։ Մի անգամ նույնիսկ դուրս էր եկել՝ խանութ գնար, վերացած հայացքով նայում էր շուրջը, կարծես մարդիկ իրեն օտար էակներ լինեին, չէր պատասխանում ոչ մեկի հարցին ու խնդրանքին՝ տուն վերադառնալ, ու միայն կնոջը, ում բախտը ամենալավն էր կարդացել սուրճի բաժակի մեջ, հաջողվեց նրան համոզել, ու տուն ուղեկցել։
Հետո, այդ կինը խնամում էր նրան, մինչեւ մեռնելը։

Ասում էր, որ Անուշ տատը վաղուց մեռած մարդկանց հետ էր հա խոսում, ու իր հետ նույնիսկ չէր էլ շփվում։

Թողնել մեկնաբանություն