«չսխալվող» մարդկանց ու զարգացման մասին

Ուրեմն․

Մտածում էի զարգացում բառի մասին, ավելի ճիշտ սրա մասին․

― արդյո՞ք մենք բոլորս զարգանում ենք, թե՞ ամեն դեպքում, մարդիկ կան, ովքեր մնում են տեղում, կամ հետ են գնում։ 

Հա, իհարկե նկատի չունեմ, էն մարդկանց, որ ոչ մի բան չեն կարդում֊լսում֊ստեղծում, ոչ մի կերպ չեն փորձում մի բան ավելի իմանալ։ Խոսքս հենց էն մարդկանց մասին է, ովքեր առաջին հայացքից, ահագին կարդում են, մտածում են։ Այ իրենց մեջ, արդյո՞ք բոլորը զարգանում են, առաջ են գնում։

Ու էդ ժամանակ մտքիս երկու ծանոթ եկան։ Երկուսն էլ շատ կարդացող, խորացող, խելացի։

Նրանցից մեկը ինչ֊որ ժամանակը մեկ, իր հին հայացքների մեջ փոփոխություն է մտցրած լինում, կամ գուցե սկսում է հին ասածի ճիշտ հակառակը պդնել ինչ֊որ գիրք, նյութ կարդալուց ու սեփական մտքերը իմի բերելուց հետո։

Իսկ մյուսը ինչ կարդում է իր հին մտքերի ապացույցն է ստանում։ Այսինքն, ինֆորմացիան իրենից այնպես է ֆիլտրում ու ընդունում միայն նրանք, որոնք չեն խանգարի իր ունեցած պատկերացումներին աշխարհի, իր, ընտանիքի, ծնողների, ամեն ինչի մասին։ Սա իհարկե ինքը չի անում գիտակցաբար, ինչպես  Ֆրոյդն է ասում՝ «նրա ենթագիտակցությունը փակում է, վանում է նրանից տեղի ունեցողը, ու թողնում միայն իր համար անվտանգ ինֆորմացիան»։

(Վտանգավոր է համարվում  այն ամենը ինչը կարող է խախտել կամ կասկածի տակ դնել ծնողների կամ ինչ֊որ այլ հեղինակության կողմից ստեղծված  կարծիքը։ Կամ, օրինակ, Ֆրոմի մոտ շատ լավ օրինակ կար։ Ասում էր, որ գերմանացիները, ովքեր ապրում էին համակենրոնացման ճամբարների կողքին, պնդում էին, որ իրենք տեղյակ չեն եղել այդ ճամբարներում կատարվողի մասին։ Ու այստեղ Ֆրոմը նշում է, որ գուցե այո, նրանք տեղյակ չեն եղել, որովհետեւ նրանց ենթագիտակցությունը փակել է նրանցից այդ ինֆորմացիան։ Որովհետեւ իրականում նրանք չէին ուզում  դա իմանալ։)

Իհարկե, կարելի է մի քիչ ավելի խորը փորել, ու հասկանալ ինչի է այդ մարդը ենթագիտակցաբար փակում իրենից այլ կարծիքի ճիշտ լինելը, բայց դա այլ հարց է՝ մի մակարդակ ավելի ներքեւի մասին։ Իսկ այս մակարդակում, պարզ է դառնում, որ մարդը իր առաջ փակում է շատ կարծիքներ (ոչ թե ուղղություններ, այլ մի ուղղության տարբեր կարծիքներ) ու նայում է միայն մի կողմ։ Չգիտեմ, դա որքանով կարելի է զարգացում կոչել, իհարկե հիմա կարիք կա սահմանելու զարգանալը   ամեն դեպքում,  ինձ համար ավելի ընկալելի ձեւով զարգացող մարդ է առաջինը։ Այսինքն նա, ով զարգանում է ճշմարտությունը հասկանալու համար, ու ոչ թե իր նախկինում ասածների ճշմարտացիության մեջ համոզվելու համար։ Ու այո, դա նշանակում է, որ այդ երկրորդը  լուրջ խնդիր ունի սեփական սխալները ընդունելու հետ։ Որոնք իհարկե շատ ավելի խորն են գնում։

Սենց խառը մտքեր։