Փառատոնների մասին

Ուրեմն․

Փառատոնները գնալով ավելի ու ավելի շատ են դառնում Հայաստանում, ու մասնավորապես կինոփառատոնները։

Մարդիկ, ամեն դեպքում, դեռ մի քիչ հեգնանքով են վերաբերվում էդ փառատոններին ու դրանց բերվող ֆիլմերին։ Ուզում եմ նախ նշել, որ Հայաստան, առհասարակ քիչ են բերվում լավ ֆիլմեր, ու կարծում եմ, որ դրանց մեծ մասը բերվում են հենց փառատոնների շրջանակներում։ Նենց չի, որ Մոսկվա կինոթատրոնում սովորական ցուցադրությունների ժամանակ ավելի շատ  են լավ ֆիլմեր  բերում։

Եթե ինչ֊որ ոչ վատ ֆիլմ է մտել Հայաստան, ոչ փառատոնի շրջանակներում, ապա դա նշանակում է, որ այդ ֆիլմը Հայաստանում այնքան կդիտվի, որ մի  վեց֊յոթ ամիս կարելի է չհանել ցուցադրությունից։

Իսկ փառատոնային ֆիլմերը լրիվ այլ պատմություն են։ Հա, մարդիկ հաճախ, որ գալիս են տենց ֆիլմի, լրիվ այլ բան են սպասում։ Ավելի աշխույժ, արագ ֆիլմեր են սպասում, որոնք ավելի քիչ են բնորոշ փառատոններին բերվող ֆիլմերին։

Տենց տպավորություն, որ ֆիլմերը պետք է շատ թանկ լինեն, կամ ինչ֊որ արագ, աշխույժ, աղմկոտ, շատ ձայնային էֆեկտներով, ինչ֊որ հատուկ տեսարաններով մտցրել է Օսկարը, որը, իմ կարծիքով, վաղուց արդեն արժեզրկված մրցանակաբաշխություն է։

Իսկ փառատոններին բերվող ֆիլմերում քիչ կարելի է հանդիպել վերը նշված հատկանիշների գոնե մի մասը։ Ու դա նորմալ է։ Ու չի նշանակում, որ այդ տիպի ֆիլմերը զիջում են, այլ նաեւ ինչ֊որ դեպքերում շատ ավելի լավն են քան օսկարակիր բազմաթիվ ֆիլմեր։

Ես առաջ, երբ նայում էի Ալեքսանդր Գորդոնի «Փակ ցուցադրություն» հաղորդումը, միշտ զարմանում էի, թե ոնց կարող են այդպիսի ֆիլմեր ինչ֊որ մրցանակներ շահել։ Որովհետեւ դրանք հենց իմ նկարագրած փառատոնային ֆիլմերի նման, դանդաղ ընթացքով, ոչ այդքան արտահայտված գործողություններով, շատ հաճախ փոքր բյուջեով ֆիլմեր էին։

Հիմա, ես սիրում եմ տենց ֆիլմեր նայել, ու իրենց նայելու համար, պիտի մի քիչ «սովորել», սովորել նայել։ Որովհետեւ մենք սովոր ենք տեսնել այն ինչ մեզ ցույց են տալիս, իսկ մեզ ցույց տրված ֆիլմերը շատ հեռու են լավը լինելուց։

Ու այո, փառատոններին կարելի է նայել ֆիլմեր, որոնք շատ լավն են, բայց հայտնի չեն, ու լայն շրջանակներում չեն էլ դիտվի, մարդիկ կհոգնեն կհեռանան, ինչպես մեզ մոտ էր վերջերս։